Շարունակվում է ՀՀ ԱԳ նախարարի այցը Նյու Յորք

Պաշտոնական, Օրվա լուր | | September 23, 2010 16:40

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նյույորքյան այցելության երկրօրդ օրը հագեցած է եղել երկկողմ հանդիպումներով: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարի առաջին հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի հետ էր: Զրույցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարարները քննարկել են ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի այլ հարցերի շուրջ: Նույն օրը Է. Նալբանդյանը հանդիպել է Թունիսի արտգործնախարար Քամել Մորջանեի հետ: Նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Հայաստանի եւ Թունիսի ԱԳՆ-երի ղեկավարները քննարկել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանն առնչվող հարցեր: Է. Նալբանդյանը նշել է, որ որ երկկողմ համագործակցության ընդլայնման համար կարեւոր դեր կարող են խաղալ վերջերս Հայաստանի ազգային ավիափոխադրողի կողմից Երեւանի եւ Թունիսի միջեւ իրականացվող ուղիղ չվերթները: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Կոսովոյի արտաքին գերատեսչության ղեկավար Սքենդեր Հուսեյնիին` վերջինիս խնդրանքով:

Է. Նալբանդյանը նշել է, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար: Նրա խոսքով` հուլիսին Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի խորհդատվական կարծիքի հրապարակումով վերահաստատվեց այն իրողությունը, որ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որեւէ այլ սկզբունքի: Հայաստանի ներկայացուցչությունում կայացել է նաեւ Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ուրմաս Պաետի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-էստոնական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերի պահանջը հանելու մասին համաձայնագիրը, որը Ուրմաս Պաետի բնորոշմամբ Հայաստան – ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ընդհանուր դյուրացման գործընթացի կարեւոր հանգրվաններից է: Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնիի հետ հադիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է նրան Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հունգարիայի նախագահ Լասլո Սոլյոմին: Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նրանք հանգամանալից զրույց են ունեցել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, Արեւելյան գործընկերության ձեւաչափով համագործակցության խնդիրների շուրջ: Հունգարիայի ԱԳ նախարարն իր հայաստանյան գործընկերոջը տեղեկացրել է հաջորդ տարվա մայիսին կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: Է. Նալբանդյանը Յանոշ Մարտոնին հրավիրել է այցելել Հայաստան: Էդվարդ Նալբանդյանի եւ Սինգապուրի արտգործնախարար Ջորջ Յուի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, տնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Ջորջ Յուnն ՀՀ նախարարին հրավիրել է այցելել Սինգապուր: Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը 2011 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ անդրադարձ է կատարվել մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի: Նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները հանգամանալից զրույց են ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Մակեդոնիայի` նախկին հարավսլավական հանրապետության արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անտոնիո Միլոշսկիի հետ էր:

Նախարարները անդրադարձել են հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի խորհրդրի «Հանուն ժողովրդավարության ֆորումի» նախապատրաստական աշխատանքներին եւ այդ միջոցառմանը ԵԽ նախարարների կոմիետի նախագահի մասնակցությանը: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է նաեւ Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Մարկոս Կիպրիանուի հետ: Զրուցակիցները քննարկել են հաջորդ տարվա սկզբին Հայաստանի նախագահի Կիպրոս այցի նախապատրաստական աշխատանքները, կիպրական հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները, միջազգային կազմակերպություններում երկու բարեկամ երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply