Մահմուդ Ահմադինեջադ . «Աշխարհը պետք է փոխվի»

Հարցազրույց | | September 23, 2010 16:19

Իրանի առաջնորդը կարծում է, որ աշխարհի ամենասարսափելի աղետը Ամերիկայի գերիշխանության սպառնալիքն է: Russia Today հեռուստակայանին տված բացառիկ հարցազրույցում նա ասել է, որ փորձում է փոխել գոյություն ունեցող աշխարհակարգը` հանուն Ալլահի:

Մարինա Պորտնայա – Հինգշաբթի դուք վեցերորդ անգամ դիմեցիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Ձեր նախագահության ընթացքում Անվտանգության խորհուրդը հավանություն տվեց պատժամնիջոցների չորս փաթեթին ձեր երկրի դեմ` կապված ատոմային ծրագրի հետ:  Այսօր Իրանը չի դադարեցրել ուրանի հարստացումը, և պնդում է, որ այն օգտագործվելու է խաղաղ նպատակներով: Ինչով է Ձեր ներկայիս դիմումը տարբերվում նախկիններից:

Ահմադինեջադ –  Իմ ելույթում ես անդրադարձել եմ այն իրադարձություններին, որոնք ձևավորում են արդի աշխարհը և, որ ավելի կարևոր է, ցույց եմ տալիս այն մարտահրավերների պատճառները, որոնց բախվում ենք ոչ միայն մենք, այլև աշխարհի մարդկությունը: Մենք ավելի համընդհանուր խնդիր ենք դնում` վերանայել մարտահրավերները, որոնք ծառացել են ողջ աշխարհի առջև, քանի որ Իրանի խնդիրներն ընդամենը դրանց մի փոքր մասն են: Եթե մեզ հաջողվի գտնել խնդիրների ակունքները, ապա օգուտ կլինի բոլոր պետությունների ևժողովուրդների համար: Հասկանալի է, որ խոսելու եմ նաև, թե ինչ պետք է փոխվի միջազգային ասպարեզում:

–  Վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ  ասել եք, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, եթե միայն նա արդար և հարգալից լինի: Ինչ նշանակություն եք տալիս այդ հասկացություններին:

– Հարգալից երկոսությունն առնվազն ենթադրում է, որ երկու կողմերը միմյանց վերաբերվեն իբրև հավասար գործընկերների: Եթե կողմերից մեկը նախընտրում է խոսակցությունը վարել ուժի դիրքերից` օգտագործելով արտակարգ հանգամանքները, համոզել ոչ թե տրամաբանությամբ, այլ հարկադրանքով, ապա իրավահավասարության մասին խոսք լինել չի կարող: Ոմանց  պատկերացմամբ` երկխոսությունը պետք է հանգի նրան, որ հակառակ կողմը ընդունի իր դիրքորոշումը: Այլ կերպ ասած` բանակցությունների ելքը կանխորոշված է: Բայց չէ որ երկխոսության արդյունքները պետք է ձեռք բերվեն դրանց ընթացքում: Երբեմն բանակցություններն ակնհայտ քաղաքական նպատակներ են հետապնդում: Մինչդեռ ցանկացած բանակցություն կոչված է վեր հանելու ճշմարտությունն ու ամրապնդելու փոխըմբռնումը: Մեզ ասում եմ, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ընդունվում են, որպեսզի հետագայում ճնշում գործադրեն նրա վրա. երբ սկսվեն բանակցությունները, հնարավոր կլինի խոսել նրա հետ ուժի դիրքերից: Սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ բանակցությունները կընթանան անարդար մթնոլորտում: Երկու կողմերը պետք է համաձայնեն, որ մասնակցում են երկխոսությանը որպես հավասար գործընկերներ: Չպետք է ճնշել մյուս կողմին, այլ հարգանքով երկխոսություն վարել: Նման երկխոսության մենք միշտ պատրաստ ենք, նաև հիմա:

– Այս տարվա օգոստոսին ԱՄՆ ԶՈՒ շտաբի պետերի միավորված կոմիտեն բացահայտ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստի պլան ունի` հարվածելու Իրանին, և ռազմական գործողությունը իրականացնելու մասին վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահը, այսինքն` Բարաք Օբաման: Վստահ եմ, որ ծանոթ եք այդ հայտարարությանը: Ինչքանով լուրջ ընդունեցիք այն:

– Իսկ Դուք ինչ եք կարծում, պետք է լուրջ ընդունենք:

– Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ դուք արդեն առաջարկել եք ինձ պատասխանել սեփական հարցիս: Ես նախագահ չեմ, չեմ կարող դա իմանալ:

– Այդպիսին են Միացյալ Նահանգների օգտագործած փաստարկները: Տրամաբանության փոխարեն կիրառվում է հարակդրանքը: Տրամաբանության տեսանկյունից Իրանի վրա հարձակվելու որևէ հիմք չկա: Բացի այդ, նման հարձակման համար պայմաններ չկան: Մերձավոր Արևելքի ներկայիս պայմանները թույլ կտան արդյոք նոր պատերազմ սկսել: Էլ չեմ ասում այն մասին, որ ԱՄՆ-ն այժմ ի վիճակի չէ ևս մի պատերազմ սկսելու: Այնպես որ ինքներդ դատեք, արժե արդյոք լուրջ ընդունել այդ սպառնալիքները: Միաժամանակ, եթե այնուամենայնիվ պատերազմն սկսվի, մենք պատրաստ կլինենք պաշտպանելու մեզ:

– Քանի որ խոսեցինք Մերձավոր Արևելքի մասին, կուզեի հարցնել, թե ինչպես եք գնահատում վերսկսված բանակցությունները մերձավորարևելյան կարգավորման  կապակցությամբ: Դրանք իրական բանակցություիններ են, թե ներկայացում:

– Պատասխանն արդեն առկա է Ձեր հարցում: Եթե լրագրողը կարծում է, որ դա ընդամենը ներկայացում է, ապա դա շատ բանի մասին է խոսում:  Այդ բազմակի բանակցությունները միշտ ձախողվել են,  որովհետև նոր պլան առաջարկելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչու են ձախողվել նախորդները: Կարծում եմ` երկու պատճառ կա, առաջին` բավարար ուշադրություն չի դարձվում Պաղեստինի փախստականների խնդիրներին, երկրորդ` հաշվի չի առնվում Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ով է մասնակցում բանակցություններին, կան այնտեղ պաղեստինցիներ: Կարծում եմ, մինչև հիմա ներկայացված պլաններն ուղղված են եղել ոչ թե կոնֆլիկտի պատճառը վերացնելուն, այլ սիոնիստական վարչակարգի դիրքերն ամրապնդելուն: Այդ պատճառով էլ ձախողվել են: Ներկայիս բանակցությունները ոչնչով չեն տարբերվում նախորդներից, այնպես որ այս անգամ էլ չարժե հաջողություն սպասել: Դա նույնն է, թե ստամոքսը բուժես ականջի քսուքով:

– Ինչքան մեզ հայտնի է, Դուք հայտարարել եք, որ Իսրայելի ցանկացած հարձակում Իրանի վրա կհանգեցնի հրեական պետության կործանման: Ինչ եք կարծում, Իսրայելը կարող է երբևէ հարձակվել Ձեր երկրի վրա:

– Ոչ: Իրանի վրա չի կարող հարձակվել ոչ միայն այդ, այլև որևէ ուրիշ պետություն: Ով կարող է հարձակվել Իրանի վրա: Սիոնիստական վարչակարգն ընդամենը փոքր պետական կազմավորում է: Մենք այն նույնիսկ հաշվի չենք առնում: Նրանք չափից ավելի թույլ են, որպեսզի հարձակվեն Իրանի վրա, քանի որ հասկանում են` եթե հարձակվեն, դա կհանգեցնի իրենց ոչնչացմանը:

– Բայց և այնպես մոլորակում կան կոնֆլիկտներ, որոնց ստիպված եք հետևել, որպեսզի ապահովեք Ձեր երկրի անվտանգությունը: Ձեր երկրին մոտ մի քանի պատերազմ է ընթանում: Հավանաբար դա ձեզ անհանգստացնում է:

– Այդ պատերազմները ձգվում են տասնամյակներ: Բայց ուր են հիմա նրանք, ովքեր սկսեցին պատերազմը: Մեզ անհանգստացնում է ոչ թե Իրանի անվտանգությունը, այլ աշխարհի ընդհանուր դրությունը: Արդի աշխարհի գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես այն կառավարել: Նայեք աշխարհին` մեր շուրջը. մոտ 2 մլրդ մարդ սովի է մատնված: Նայեք համաշխարհային տնտեսությանը. այն անհուսալի է: Նայեք քաղաքական դասավորությանը. փոխանակ բարեկամական հարաբերություններն ամրապնդեն և շփման եզրեր գտնեն,  երկրներն ավելի ու ավելի են հեռանում միմյանցից: Ծաղկում են ահաբեկչությունը, ֆունդամենտալիզմը, ռադիկալիզմը և թմրանյութերի առևտուրը: Մարդկանց  կյանքն ամեն օր վտանգվում է:  Ներկայիս աշխարահակարգի պայմաններում հնարավոր չէ  լուծել այդ խնդիրները, և ապագայի հեռանկարները շատ տխուր են:  Միակողմանի գործողությունները հանգեցնում  են սպառազինության մրցավազքի և միջուկային զինանոցի ուռճացման: Ինչի համար է այդ ամենը, միթե խաղաղության: Ուստի ասում եմ` գլխավոր խնդիրն այսօր կառավարումն է:  Մենք կարծում ենք, որ ներկայիս աշխարհակարգը  վերափոխման և բարելավման կարիք ունի: Համենյան դեպս մենք ձգտում ենք դրան:

– Նկատի ունեք, որ աշխարհը կառավարում են Միացյալ Նահանգները:

– Դուք ասացիք:

– Եվ կուզենայիք դա փոխել:

– Խնդիրը մասամբ  Միացյալ Նահանգներն են, մասամբ այն մշակույթը, որը նրանք տարածում են, մասմաբ տարբեր պետությունների փոխհարաբերությունները: Կառավարությունների և պետությունների մեծ մասը դժգոհ է ներկայիս դրությունից, և բոլորն են փոփոխություններ ուզում:

– Իրանի իշխանությունները վերջերս ազատ արձակեցին ամերիկացի զբոսաշրջիկ Սառա Շուրդին:  Դուք ասացիք, որ դա արվեց մարդասիրական նկատառումներով: Բացի այդ, հայտարարեցիք, որ ամերիկյան բանտերում ութ իրանցի է տառապում, և Դուք կուզենայիք, որ նրանք նույնպես ազատվեին:  Չէիք ասի ավելի մանրամասն, թե  նրանք ովքեր են:

– Այդ իրանցիները ձերբակալվել են կեղծ մեղադրանքով: Նրանց մի մասը վիզա է ունեցել և գտնվել է այլ երկրում, օրինակ` Վրաստանում: Ամերիկացիները նրանց ձերբակալել են Վրաստանում, տարել ԱՄՆ և բանտ նստեցրել: Ոմանց ձերբակալել են Թաիլանդում: Փաստորեն, այդ մարդիկ առևանգվել են:  Դա հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին: Նրանք ուրիշ երկրում են գտնվել և պաշտոնապես վիզա են ունեցել: Մենք կարծում ենք, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է անշեղորեն պահպանվեն: Այլապես ոչ ոք ապահովագրված չի լինի ամենաթողությունից: Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն պետք է վերանայի իր դիրքորոշումը այդ հարցի կապակցությամբ և թույլ տա այդ մարդկանց վերադառնալ իրենց տուն, ինչպես նաև երաշխավորել, որ հետագայում չի խախտի միջազգային իրավունքի նորմերը:

– Իրանում դեռևս մնում է ևս երկու զբոսաշրջիկ: Նրանց ազատ արձակումը կախված է այդ ութ իրանցիների ճակատագրից:

– Ոչ: Դրանք միմյանց հետ կապ չունեն:  Այդ երկու ամերիկացիների նկատմամբ այժմ դատաքննություն է վարվում, և դա իր ընթացքն ունի: Ես ուղղակի ուզում էի հիշեցնել, որ Ամերիկայում բանտարկված են անմեղ իրանցիներ:  Եթե ԱՄՆ-ի իշխանություններն իրոք ուզում են, որ պահպանվեն մարդու իրավունքները, ապա, խնդրեմ, հիանալի հնարավորություն ցույց տալու դա: Ես դեռ չեմ խոսում այն մասին, թե ինչքան ԱՄՆ քաղաքացի կա ամերիկյան բանտերում: Չէ որ 1000 հոգու հաշվով բանտարկյալների թվով Ամերիկան առաջինն է, նաև անտունների թվով  և խտրականության մակարդակով: Ուստի կարծում ենք, որ ամերիկյան իշխանությունները պետք ուշադրություն դարձնեն սեփական քաղաքացիներին: Այնտեղ 49 մլն մարդ ապրում է աղքատության շեմից անդին: Այդ քանակը կբավականացներ մի քանի երկրի:  Երրորդ երկրներում ուրիշ երկրների քաղաքացիներին առևանգելու և բանտարկելու փոխարեն ավելի լավ կլինի, որ ուշադրություն դարձնեն իրենց ժողովրդին:

Մանրամասն` http://news.mail.ru/politics/4480371/

Դիտվել է 9082 անգամ:
Print Friendly

Leave a Reply