Ի՞նչ դիվիդենտներ բերեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը հայությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 23, 2010 15:15

Հասարակական և քաղաքական շատ գործիչներ համարում են, որ սեպտեմբերի 19-ին Վանա լճի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագը քարոզչության  լիակատար ձախողում էր:

Տարբեր թվեր են շրջանառվում, թե որքան է եղել մասնակիցների թիվը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ պատարագին հիմնականում մասնակցել են պոլսահայերը, ընդհանուր առմամբ` 700-800 մարդ, թուրքական լրատվամիջոցները նշում են՝ 4000-5000 մարդ, իսկ Պոլսո պատրիարքարանը հայտնել էր, որ կղզի է այցելել մոտ 6.700 մարդ, որոնցից գրեթե 1000-ը Սփյուռքից և Հայաստանից եկած հայեր են:

Թուրքագետը քարոզչության ձախողում է համարում նաև այն, որ պատարագին ոչ մի բարձրաստիճան թուրք պաշտոնյա չի մասնակցել, ամենաբարձրաստիճան պաշտոնյան եղել է Վանի գավառապետը: Պատարագի նախօրեին մեծ թվով հայաստանցի քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում նաև Ռուբեն Մելքոնյանը, Թուրքիայի վարչապետ Էրդողանից պատարագին մասնակցելու հրավեր են ստացել, բայց բոլորն էլ մերժել են:

Այնուամենայնիվ, թուրքագետը կարծում է, որ թեպետ թուրքական շոուն որոշ անջրպետ առաջացրեց պոլսահայերի և համայն հայության միջև այն իմաստով, որ պոլսահայ համայնքում այսօր արդեն հայաստանցի հայերի հասցեին մեղադրանքներ են հնչում, թե հայերն այս կարևոր ժամանակահատվածում իրենց մենակ թողեցին, բայց նպաստեց, որ զարթոնք ապրի Թուրքիայում ուծացած հայերի ինքությունը։ «Նրանցից շատերը  մոտեցել են եկեղեցու բակում տեղադրված խաչին, արտասվել են ու համբուրել,- ասաց Մելքոնյանը,-այսպիսով բացահայտելով, որ իրականում իրենք թուրքացած հայերի ժառանգներն են»:

Այսպես թե այնպես, կիրակի օրը կայացած պատարագը կարևոր իրադարձություն էր պոլսահայ համայնքի համար: Ցեղասպանությունից հետո առաջին անգամ թուրքական իշխանությունները, իրենց որակմամբ` որպես բարի կամքի դրսևորում, թույլատրեցին տարին մեկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում:

Հայ առաքելական եկեղեցու 4 նվիրապետական թեմերից պատարագին մասնակցել է միայն Պոլսո հայոց պատրիարքարանը: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են պատարագին մասնակցելուց, որի պատճառը  եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Խաչի առկայությունը պարտադիր է հայկական եկեղեցիների համար: Պատարագը մատուցել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը:

«Խաչը չտեղադրելու պատճառով պատարագի  արարողության բոյկոտումը գրավեց միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը,- գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:- Ճակատագրի հեգնանքով թուրք պաշտոնյաներն էլ ավելի աջակցեցին իրենց գործի ձախողմանը` խաչը թողնելով գետնի վրա, Սուրբ Խաչ եկեղեցու կողքին` ի տես հանրության և լրատվամիջոցների տեսախցիկների»:

Թուրքիայի կառավարությունը խոստացել է  վեց շաբաթվա ընթացքում խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին:

Մելքոնյանը կանխատեսում է. թուրքական շոուն դեռ շարունակվում է. «Խաչի չտեղադրման խնդիրը չի կարելի համարել փակված, և կարելի է դեռ նոր անակնկալների սպասել»:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply