Քաղաքական աշուն. կանխատեսումներ, սպասելիքներ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 23, 2010 15:24

Ամռան տապից հետո քաղաքական դաշտում որոշակի ակտիվացում է նկատվում:  Ազգային ժողովի աշխատանքների վերսկսմամբ պայմանավորված` խորհրդարանական ուժերը վերագտան իրենց ամբիոնը, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը սկսեց իր հանրահավաքային գործունեությունը:

Խորհրդարանական առաջին իսկ ճեպազրույցներում (սեպտեմբերի 17-ի) խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ ի տարբերություն արտախորհրդարանական ընդդիմության` քաղաքական «թեժ» աշուն չեն կանխատեսում և կարծում են, որ գործընթացները կզարգանան բնականոն հունով: «Պարզապես աշնան հետ են միշտ քաղաքական կյանքը կապում, որովհետև աշնանը հասարակությունն ընդհանրապես ավելի ակտիվ է լինում, դա ավելի շատ պայմանավորված է եղանակային փոփոխություններով, իսկ քաղաքականությունը եղանակներով չի բնութագրվում»,- վստահեցրեց «ՀՀԿ» խմբակցության ղեկավար և կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը` հավելելով, որ «քաղաքական իմաստով այս տարվա ամառն ավելի թեժ էր, քան կարող են լինել աշնանային գործընթացները»: Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանի` ընտրությունները տեղի են ունենալու 2012 թ. գարնանը, վաղաժամ ընտրությունների մասին մեր քաղաքական դաշտի հիմնական ուժերի դիրքորոշումները  քաջ հայտնի են, նոր թեժացումներ չեն սպասվում: «Կարծում եմ, որ նախընտրական քարոզչություն և աշխուժություն կարելի է սպասել միայն 2011 թ. երկրորդ կեսին»,- ասաց նա:

«ՀՅԴ» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն էլ ընդգծեց, որ ինքը, արդեն 20 տարուց ավելի քաղաքականության մեջ լինելով, կարող է փաստել, որ «ամեն տարի աշնանից առաջ ասում են, որ «թեժ» աշուն է սպասվում»: Մյուս ընդդիմադիր` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ համոզմունք հայտնեց, որ «հիմա բեկում արձանագրելու համար պետք է ընդամենը երկրում հասունացնել ֆորսմաժորային իրավիճակ, որովհետև այլ տարբերակ չկա, որևէ այլ ընտրություն` ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական, չկա»: «Ես կասկածում եմ, որ այդպիսի լուրջ պրոցեսներ կան ՀՀ-ում, և կասկածում եմ, որ այդպիսի պրոցեսներ կլինեն առաջիկա ամիսներին»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նույն օրը` ճեպազրույցներից ժամեր անց, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաստիացրեց, որ հանրահավաքները լինելու են շարունակական. «Այսօրվանից մեր պայքարը թևակոխում է մի նոր և ավելի նպատակասլաց շրջան, ինչը դառնալու է նրա հաղթական ավարտի գրավականը»: Նա նաև ընդգծեց, որ «մինչև այժմ Արևմուտքը անվերապահ աջակցության դիմաց Սերժ Սարգսյանից կորզել է հայ□թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր ակնկալած խոստումներն ու զիջումները,  սակայն այդ խոստումներն ու զիջումները չկատարելու պարագայում նշված լծակը, անտարակույս, օգտագործվելու է հակառակ ուղղությամբ, ինչի ժամանակը կարծես մոտենում է»։

Չնայած խորհրդարանական ուժերի հրապարակավ հնչեցրած կանխատեսումներին` ԱԺ-ի առաջին նիստերի ընթացքը, մասնավորապես` սեպտեմբերի 14-ի նիստում անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը և դրան հետևած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի անակնկալ գրավոր հայտարարությունը, որով նա հրաժարվեց Դալլաքյանների ընտանիքի քավորությունից, նաև ԲՀԿ-ական Արևիկ Պետրոսյանի օրերս ներկայացրած հրաժարականը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից վկայում են, որ ընտրություններին ընդառաջ` խորհրդարանում հազիվ թե քաղաքական «անդորր» լինի:

Հիշեցնենք, որ Վիկտոր Դալլաքյանը ԱԺ ամբիոնից ընդամենը մեջբերումներ էր արել Ալեքսանդր Շիրվանզադեից` մասնավորապես հիշատակելով հետևյալ տողերը. «Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջև սողունի պես ստորանում են, ոտներն են լիզում իրենց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ»: Այս անհասցե մեջբերմանը, նախ, ԱԺ ամբիոնից անմիջապես արձագանքեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարեց, թե շատ կցանկանար, որ մեր երկրում լինեին այնպիսի բարեգործներ, ինչպիսիներին նշել է Շիրվանզադեն, և ինչպիսին է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա հաջորդեց Վ.Բոստանջյանի հետևյալ հայտարարությունը. «Ինձ չափազանց վշտացրեց, եթե կուզեք, զայրացրեց «նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ» արտահայտությունը, քանզի, որպես ԲՀԿ քաղխորհրդի անդամ և պատգամավոր, ես պաշտպանում եմ այն սկզբունքներն ու մոտեցումները, այն հրամայականները, որոնց կրողն է ԲՀԿ-ն, և որն ինձ հոգեհարազատ է: Նման պիտակի արժանանալու դեպքում այլևս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ իմ համոզմամբ և Աստծո օրհնությամբ ստանձնած սուրբ գործը»: Այս միջադեպի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանը «Անկախին» ասաց. «Ես ընդունում եմ, որ կարելի է նաև կարծիք հայտնել, բայց կարծիքը  զգայական դարձնելը քաղաքականության համար, կարծում եմ, ընդունելի չէ»: Եվ հավելեց, որ դա, մասնավորապես, վերաբերում է Վ. Բոստանջյանի քավորությունից հրաժարվելուն: «Ինձ համար նման վեճերն ընդունելի չեն: Իհարկե, կարելի է նաև ասել` անձնական բռնկումներ են, բայց քաղաքական դաշտի վրա ազդեցություններ ունեն: Ես սխալ եմ համարում նման մոտեցումները, դիրքորոշումները և անորոշ հայտարարությունները, նաև անորոշ հայտարարությունների պատասխանները»,- հայտնեց քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Ա.Պետրոսյանի հրաժարականին, ապա ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը լրագրողներին ասել է, որ հրաժարականը կուսակցության որոշումն է, որի համար որևիցե արտառոց պատճառ չկա: «Հայկական ժամանակ» թերթին նա հայտնել է, որ կուսակցության ռազմավարության և մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ կմտցվեն, և ըստ այդմ էլ ԱԺ-ի փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ-ի կողմից առաջիկայում համապատասխան թեկնածություն կառաջադրվի: Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, շրջանառվում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի, խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա

Զոհրաբյանի և վերջերս «Բարգավաճ Հայաստանին» անդամագրված «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Սամվել Բալասանյանի անունները: Ի դեպ, խորհրդարանական ճեպազրույցում, հնարավոր հրաժարականի մասին շրջանառվող լուրի կապակցությամբ, Ն. Զոհրաբյանը հայտարարեց. «Այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. ո՛չ ես, ո՛չ պարոն Սաֆարյանը նման հավակնություններ չունենք»: Ընդդիմադիր մամուլի մատուցմամբ` ԱԺ փոխնախագահի պաշտոնում ավելի ակտիվ ԲՀԿ-ականի նշանակումը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան թևի դեմ ներիշխանական շրջանակներում սկսված «արշավին» դիմակայելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերից է:

Նշենք նաև, որ առաջիկայում` հոկտեմբերի 5-ին, Հայաստանի իշխանական թևի և ընդդիմության, այդ թվում և   արտախորհրդարանական ներկայացուցիչները մասնակցելու են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի նիստին, որտեղ նախատեսված է Հայաստանի վերաբերյալ Վեհաժողովի ընդունած բանաձևերի կատարման ընթացքի քննարկումը:

Ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի` նման լայն ձևաչափով քննարկման անցկացումն աննախադեպ է:  Արտախորհրդարանական ընդդիմության տեսակետը ներկայացնելու համար հրավիրված է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: Ակնհայտ է, որ Հայաստանի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները

հիմնավորապես նախապատրաստվում են այդ քննարկմանը: Խորհրդարանական պատվիրակության անդամները որոշակի խնդիրներ ունեն Հայաստանի նորանշանակ համազեկուցող, շվեդ պատգամավոր Գորան Լինդբլադի հետ: Մասնավորապես, պատվիրակության ղեկավար, հանրապետական Դավիթ Հարությունյանը, մեկնաբանելով Գ. Լինդբլադի` «Հայկական ժամանակ» օրաթերթին վերջերս տված հարցազրույցում մարտի 1-ի գործով ձերբակալվածների վերաբերյալ հայտնած կարծիքը, թե նրանք քաղբանտարկյալներ են, ասել է. «Քաղաքական տհասության նման օրինակն ամրապնդում է մեր մտահոգությունները համազեկուցող Լինդբլադի անաչառության վերաբերյալ: Այսպիսի պահվածքը ոչ միայն նսեմացնում է մոնիթորինգի գործընթացի էությունը, այլև սպառնում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի միջև առկա համագործակցության լուրջ ճգնաժամով»: Իսկ պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Ն. Զոհրաբյանն էլ ճեպազրույցում համոզմունք հայտնեց. «Ցավոք սրտի, ԵԽԽՎ-ի կանոնակարգը  համազեկուցողին անվստահություն հայտնելու հնարավորություն չի ընձեռում, այլապես, իմ գնահատմամբ, պետք էր և իրապես նպատակահարմար կլիներ Գորան Լինդբլադին  հայտնել անվստահություն, որովհետև, կարծում եմ, այս ընթացքում, երբ Շվեդիայում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավ է, նրա հայտնած բազմաթիվ պաշտոնական  տեսակետները հայկական խնդրի, Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հստակ ապացուցեցին այն, ինչի մասին խոսել ենք բազմիցս. այդ գործիչը չի կարող անաչառ լինել Հայաստանի հարցում»:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply