ՙԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվեցին ՙՄիջազգային խորհրդարանական կրթաթոշակ՚ ծրագրին առնչվող հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2010 12:37

ՙՍեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի անդամ Մարիա Ֆլախսբարթի, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ֆրանկ Բեհրենդթի ու Բունդեսթագի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերհարդ Ռակենիուսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՙՄիջազգային խորհրդարանական կրթաթոշակ՚ (ՄԽԿ) ծրագրի ընթացքին առնչվող հարցեր: Ծրագիրը նախատեսված է Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բուհական կրթություն ունեցող երիտասարդ մասնագետների համար: Ծրագրի նպատակն է պետական կառավարման համակարգի, կուսակցությունների, լրատվամիջոցների եւ բուհերի երիտասարդ աշխատակիցներին Գերմանիայի խորհրդարանական կառավարման համակարգին ծանոթացնելը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց Հայաստանի Ազգային ժողովի եւ Գերմանիայի Բունդեսթագի միջեւ քաղաքական շփումների ակտիվացումը, որը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: Հույս հայտնելով, որ ՄԽԿ ծրագիրը շարունակական եւ արդյունավետ ընթացք կունենա` տիկին Զոհրաբյանը առաջարկեց հնարավորության դեպքում հայ կրթաթոշակակիրների թիվն ավելացնել, հույս հայտնելով, որ Գերմանիայի Բունդեսթագում հայ կրթաթոշակառուների ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու փորձը կծառայեն խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ավարտին տիկին Զոհրաբյանը նշեց, որ ծրագրին վերաբերող բոլոր առաջարկները կներկայացնի ԱԺ նախագահին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1722 անգամ:
Print Friendly

Leave a Reply