ԿԳ նախարար. «Ժամանակն է ստեղծել կրթության որակի հայաստանյան մոդել»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 22, 2010 18:49

Երեւանում այսօր մեկնարկեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով երկօրյա համաժողովը: Այն կազմակերպել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը: Համաժողովին մասնակցում են 250 անձինք` բուհերի, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ եւ ուսանողներ, ինչպես նաեւ գործարարներ, կրթության, գիտության ու տնտեսության ոլորտի գերատեսչական պատասխանատուներ: Համաժողովում կքննարկվեն հանրապետությունում մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային համակարգի նոր մոտեցումները, ոլորտը կանոնակարգող մի շարք փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաեւ մասնագիտական կրթության որակի ապահովման ՈԱԱԿ չափանիշներն ու չափորոշիչները:

Ինչպես նշեց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, չափորոշիչների բոլոր մշակումները կներկայացվեն հանրությանը, շահագրգիռ կողմերին: «Կներկայացնենք մի շարք առաջարկներ, ըստ որոնց, մենք պետք է ուսումնական հատատություներում ստեղծենք որակի կառավարելի միջավայր: Եթե մենք չկարողանանք որակը կառավարելի դարձնել, ապա այն չենք կարող ապահովել»,-ասաց Թոփչյանը: Ըստ նրա` որակի կառավարման համար ուսումնական հաստատությունը պետք է անընդհատ զբաղվի իր բոլոր գործընթացների պլանավորմամբ եւ դրանց իրականացմամբ: Դրանից հետո ուսումնական հաստատությունը կարող է կատարած աշխատանքների վերաբերյալ վերլուծություններ կատարել` առանձնացնելով բացերը:

«Ուսումնական հաստատություններում, երբ որակի կառավարելի միջավայրը ստեղծվի, ապա անցում կկատարվի դեպի հաստատության հավատարմագրման գործընթաց, որը համարվում է մասնագիտական կրթության որակի բարելավման երկրորդ փուլը»,-ասաց Թոփչյանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, հանրապետությունում մշակվում է բուհերի հավատարմագրման նոր ընթացակարգ եւ, դրա համաձայն, պետք է մոտակա տարիներին բուհերի վերահավատարմագրման նոր գործընթաց սկսվի: Աշոտյանի խոսքով` հին ընթացակարգերով հավատարմագրված շատ բուհեր «այսօր ոչ միայն չեն բավարարում մեր պահանջները, այլ նույնիսկ խոր հակասության մեջ են ներկայումս իրականացվող բոլոր գործընթացների հետ»:

Կրթության որակի ապահովման առումով նախարարն ընդգծել է երեք հիմնական մոտեցում, այն է` տնտեսության, հասարակության և անձի ակնկալիքները կրթության որակից: «Տնտեսությունն այն հիմնական հարթակն է, որն ապահովում է աշխատաշուկան որակյալ և պահանջված կադրերով: Իր հերթին հասարակությունը թելադրում է իր ակնկալիքները մասնագիտական կրթական ծառայությունների և համապատասխան մասնագետներին ներկայացվող պահանջների հետ կապված: Եվ, վերջապես, կարևոր է անձի նախնական ակնալիքների բավարարման աստիճանը, երբ համապատասխան ուսումնական հաստատությունն իրականացնում է այն սպասելիքները, որոնք վերջինս ունեցել է տվյալ մասնագիտական ընտրությունը կատարելիս»,-ասաց Աշոտյանը` հավելելով, որ ժամանակն է ստեղծել «կրթության որակի հայաստանյան մոդելը», այն է` լսել շահագրգիռ բոլոր կարծիքները և դրանք համադրել միջազգային փորձի և առկա հնարավորությունների հետ. «Սա է մեր հիմնական բանաձևը` անցում տեսական փուլից գործնականի` առանց ցնցումների»:

Նրա խոսքով, հսկայական աշխատանք է տարվել` հասկանալու, թե Հայատանում հավատարմագրման եւ որակի հսկողության ինչպիսի մեխանիզմներ կարող են աշխատել: Նախարարի խոսքով, Հայաստանի բուհական համակարգը հստակ ներառված է միջազգայնացման միտումների մեջ: Դրա վկայությունն են միջգերատեսչական, միջկառավարական հարաբերությունների հիման վրա ստեղծված միջազգային կապերը, բազմակողմանի աշխատանքն արտասահմանյան գործընկերների հետ:

«2008թ-ի դեկտեմբերից առ այսօր, երբ ստեղծվեց ՈԱԱԿ հիմնադրամը, բավականին մեծ քայլեր արվեցին, որպեսզի մասնագիտական կրթության որակի ապահովման ժամանակակից տեխնոլոգիաները մուտք գործեն Հայաստան: Այո զգալի աշխատանքներ կատարվել են, սակայն մի շարք հարցերի հստակեցման ուղղությամբ դեռ բավական անելիքներ կան»,-ավելացրեց Աշոտյանը:

Կրթության որակի ապահովման ազգային համակարգի նոր մոտեցումները մշակվել են որակի ապահովման եվրոպական չափանիշների ու չափոփոշիչների հիման վրա եւ ուղղված են միջազգային ասպարեզում Հայաստանի կրթության որակի ճանաչելիության ապահովմանը:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply