Երևանի բնակչության 11 տոկոսը օրվա ընթացքում ջուր ունի ընդամենը 4-8 ժամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 23, 2010 11:23

Երևանի քաղաքապետարանում  երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն, 2010 թվականի ասֆալտապատման քաղաքային ծրագրի 85 տոկոսն արդեն կատարված է, 568 հազար քմ ասֆալտապատում է արվել։

Մայրաքաղաքային բյուջեի հատկացումներով  վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի  355 հարթ և  թեք լանջավոր տանիք, Աջափնյակ վարչական շրջանի ևս 44 շենքերում, համաձայն կոմունալ տնտեսության վարչության պետի զեկույցի, տանիքների նորոգման աշխատանքները կմեկնարկեն օրերս։

Հաշվի առնելով եվրոպական երկրների փորձը՝ գալիք տարվանից Երևանում  նույնպես շինարարական հրապարակները կծածկվեն  կառուցվող շենքի նախագիծը պատկերող պաստառով։ Փոխքաղաքապետ Կամո Արեյանը զեկուցեց, որ շինհրապարակների կազմակերպման նոր կանոններն այժմ մշակվում են, այնուհետև կներկայացվեն  Երևանի ավագանու հաստատմանը։

«Երևան Ջուր» ընկերության կողմից ներկայացվեցին  ջրամատակարման մոնիտորինգի արդյունքները, համաձայն որի` Երևանում   ջրամատակարարման միջին տևողությունն այժմ օրական  18 ժամ է կազմում՝ նախկին 20-ի փոխարեն։ Շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված են ընդամենը 2 վարչական շրջաններ, բնակչության 11 տոկոսը օրվա ընթացքում ընդամենը  4-8 ժամ է ջուր ունենում։ «Փաստորեն Երևանում ջրամատակարարումը վատացել է»,- նշել է  Երևանի քաղաքապետը՝ ընդգծելով, որ «Երևան Ջուր»  ընկերությունը պետք է ամեն ինչ անի իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Զեկուցվեց, որ Մյասնիկյան պողոտայում նոր հեղեղատարի անցկացման աշխատանքներն ավարտված են, տեղադրվել է 60 դիտահոր, 430 գծամետր խողովակաշար։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են  նաև «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, մայրաքաղաքի  թաղամասերում խաղահրապարակների ու ֆուտբոլի դաշտերի տեղադրմանն առնչվող հարցեր, դրանց վերաբերյալ   Երևանի քաղաքապետի կողմից տրվեցին հանձնարարականներ։

Դիտվել է 1332 անգամ:
Print Friendly

Leave a Reply