Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության. Ադրբեջանի սոցիալական վիճակի իրական պատկերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2010 18:19

Հազարամյակի զարգացման նպատակների գագաթնաժողովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի սեպտեմբերի 21-ի ելույթին.

Չանդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի ելույթում տեղ գտած ավանդական ստահոդ քարոզչությանը Լեռնային Ղարաբաղի մասին` Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը ուշադրություն է հրավիրում ադրբեջանցի պաշտոնյայի` սեփական երկրի սոցիալական վիճակի մասին իրական պատկերի ձևախախտված ներկայացման փաստը:

“Աղքատությունն Ադրբեջանում 2005 թվականին գրանցված 29,3 տոկոսից 2010 թվականին նվազել է մինչև 11 տոկոս”,- ասել է նախարարը: Բացի այն, որ ՔԶՀԿ հետազոտությունները ցույց են տալիս 2005 թվականին Ադրբեջանի աղքատության 35 տոկոս ցուցանիշ, առանձնահատուկ նշում ենք, որ 2010 թվականին բնակչության շուրջ 11.5 տոկոսը գտնվում է չքավորության, այսինքն` աղքատության շեմից էլ ցածր պայմաններում:

“Գործազրկությունը նույնպես նվազել է. 2005 թվականի 7,6 տասնորդականի համեմատությամբ այն 2009-ին 6 տոկոս է կազմել”,-նշել է նախարարը:

Թեև գործազրկության կրճատման տոկոսները բարձր են, բայց հարուստ և աղքատ խավերի միջև ճեղքը Ադրբեջանում աստիճանաբար ավելի է մեծացել, հատկապես հարկ է հաշվի առնել այն փաստը, որ զբաղվածության միայն նավթային ոլորտն է գերակա, մինչդեռ տնտեսական մյուս ճյուղերում թերզարգացած վիճակ է:

Ադրբեջանական բնակչության շուրջ 5 տոկոսը բարձր դասին է պատկանում (ապրում է չափազանց ճոխության մեջ), մինչդեռ բնակչության 70-75 տոկոսն ապրում է ցածր աշխատավարձերով և աղքատության մեջ:

Բացի այդ, ՔԶՀԿ հետազոտություններով հայտնի է դարձել, որ 2003-2009 թթ. ստեղծված աշխատատեղերի միայն շուրջ 70 տոկոսն է մշտական, մնացածը` կարճաժամկետ և պայմանագրային: Իսկ մշտական աշխատատեղերի շուրջ 95 տոկոսը նավթային ոլորտն է ընդգրկում, ինչը վկայում է Ադրբեջանի տնտեսության անհամամասնական զարգացման մասին, և միաժամանակ կանխորոշում 2012 թ. շրջաններում նավթային պաշարների կրճատմամբ պայմանավորված տնտեսական անկման ու սոցիալական ճգնաժամի զարգացման հնարավորությունը:

Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանի սահմանադրությունն ապահովում է աշխատանքային միավորումներ ստեղծելու իրավունքը, որը, սակայն, գործնականում սահմանափակված է:

Մամեդյարովը նաև նշել է, թե հատուկ ուշադրություն է հատկացվել կանանց իրավունքներին, նախագահի հրամանագրով ստեղծվել է ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտե, պետությունը միջոցներ է հատկացրել մայրական առողջությանը նպաստելու և մանկական մահացությունը կրճատելու համար ևն:

Ադրբեջանցի նախարարը, սակայն, խուսափել է նշել կանանց ու երեխաների խնամքի հետ անմիջականորեն կապված առողջապահության ոլորտում տիրող անմխիթար վիճակի մասին, որտեղ անկառավարելիությունն ու ծառայությունների որակը դեռևս վատթար վիճակում են: Խնդիրներ կան նույնիսկ հիվանդանոցային անկողինների քանակի ապահովման գործում: Ծննդաբերական բաժանմունքներում ծաղկում է կաշառակերությունը, որի շնորհիվ է հիմնականում ապահովվում առողջապահական ծառայությունների մատուցումը:

Աղքատ գյուղական բնակավայրերը հիմնական առողջապահական ծառայություններից օգտվելու հասանելիություն չունեն: Գյուղեր կան, որ կա’մ (նույնիսկ) չունեն կլինիկա, կա’մ բնակիչներն ի վիճակի չեն վճարելու ծառայության կամ դեղերի համար:

Բացի այդ, մանուկների մահացության թիվը (IMR)` (1 տարեկանից ցածր) կազմում է շուրջ 56 (1000 ծնունդի հաշվով), որոնցից 65 տոկոսը տղա են:

Վահան Դիլանյան  Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ

Դիտվել է 1888 անգամ:
Print Friendly

Leave a Reply