Սպորտով դեպի հասարակություն. Հայաստանում զարգանում են հաշմանդամային սպորտաձևեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 22, 2010 11:50

«Հայկական ճամբար-2» թիմը տոնեց հաղթանակ. ձախից առաջինը՝ Սիփան Ասատրյան

Սիփան Ասատրյանը 4 տարեկանից տեսողական խնդիրներ ունի: Նա գրեթե չի տեսնում.«Տարբերում եմ լույսի ու մութի լինել-չլինելը»:

Նա 1.5 տարի է, ինչ զբաղվում է սպորտով, հիմնականում` գոլբոլով:

Գոլբոլը մարզաձև է կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Խաղի ընթացքում բոլորի  աչքերը կապում են, որպեսզի ապահովվեն հավասար պայմաններ: Նպատակն է՝ ներսում զանգ ունեցող գնդակով գրավել հակառակորդի դարպասը:

Սիփանն ասում է, որ սպորտն իրեն ֆիզիկական ու հոգեկան ամրություն է տալիս, ինչպես նաև` ինքնուրույնություն: «Հիմա քաղաքում արդեն ինքնուրույն ման եմ գալիս կույրերի համար նախատեսված փայտիկով, իսկ առաջ ծնողներս էին տանում-բերում», – ասում է նա: Պատմում է, որ շատ  վաղուց ուներ այդ փայտիկը, բայց երբևէ համարձակությունը չի ներել դրանով դուրս գալ փողոց:  «Հենց պատկերացնում էի էդ հայացքները, որ կողքով անցնող մարդը կարող է նայել, էդ միտքը վանում էի,- անկեղծանում է նա,- ամաչում էի: Սպորտն ինձ օգնեց հասկանալ, որ կյանքում պետք է ինքնուրույն լինել,  ու ամեն ինչ մի կողմ դրեցի: Ինձ տրամադրեցի, որ առաջին անգամ կնայեն, սովոր չեն, հետո կսովորեն: Մտածեցի, որ ես կսովորեցնեմ նրանց»:

Սիփանն իր կուրությունը նույնիսկ առավելություն է համարում ֆիզիկական խնդիրներ չունեցող անձանց նկատմամբ, քանի որ իր խնդիրը դիտում է որպես մարտահրավեր` առաջ շարժվելու և բոլորի կողքին իր տեղը գտնելու ճանապարհին: 21-ամյա Սիփանը գոլբոլով և այնուհետև առագաստանավային սպորտաձևով սկսել է զբաղվել  Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի աշխատանքի շնորհիվ:

Ֆեդերացիան ստեղծվել է 2009թ. մարտին`  2005-ից  գործող «Հայկական ճամբար» ՀԿ-ի ծրագրով: Ծրագիրը կոչվում է «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» և  նախատեսում է համակարգել ու մասսայականացնել հաշմանդամային սպորտաձևերը` սովորեցնելու, մրցաշարեր կազմակերպելու և այլ միջոցներով:

Երկամյա ծրագրի բյուջեն 127 հազար եվրո է, որը ֆինանսավորում է ԵՄ-ն:

Ծրագրի համակարգող Վարդուհի Արամյանն «Անկախին» ասաց, որ աշխատանքները սկսելուն պես մոնիթորինգ է արվել` պարզելու համար հաշմանդամ մարդկանց ներգրավվածությունը  սպորտում:

Աշխարհում գոյություն ունի 4 կազմակերպություն, որոնք  համակարգում են հաշմանդամային սպորտը: Դրանցից մեկն է CPISRA-ը, որի ազգային ներկայացուցիչ է ֆեդերացիան:

«Ցավալի է, բայց մենք արձանագրեցինք, որ երկրում  պետական ֆինանսավորմամբ գործող 165 սպորտդպրոցներից որևէ մեկում  ոչ մի հաշմանդամային խումբ չկա, ինչը նախատեսված է օրենքով,- ասաց Արամյանը,- և  չգտանք որևէ հաշմանդամ երեխայի որևէ սպորտաձևում ներգրավվածության փաստ»:

Աշխարհում  ավելի քան 100 հաշմանդամային սպորտաձևեր կան, բայց ֆեդերացիան իր զարգացման ուղղությունները տեսնում է 6 պարալիմպիկ սպորտաձևերի մեջ. լող, սեղանի թենիս, դահուկավազք, առագաստային սպորտ, գոլբոլ, բոչիա:

1960 թ. ի վեր պարալիմպիկ սպորտաձևերի համար նույնպես անցկացվում է օլիմպիադա. ընդ որում, օլիմպիադայից մեկ շաբաթ հետո և նույն վայրում:

«Մեր խնդիրն է՝ հաշմանդամների մասնակցությունը տեսնել սպորտում,- ասում է Արամյանը,-որպեսզի  նրանք իրենց կարողանան տեսնել սպորտում և իրենց ուժերը կարողանան  իրացնել նաև սպորտում»:

Ֆեդերացիան «Սպորտով դեպի հասարակություն» նշանաբանով հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կազմակերպում է տարբեր սպորտաձևերի առաջնություններ: Անցած տարի նոյեմբերի 17-18-ը կազմակերպել է գոլբոլի,  այս տարի սեպտեմբերի 11-12-ը` բոչիայի, իսկ 18-19-ը` առագաստանավային սպորտի առաջնություններ:

«Անկախի» թղթակիցը խմբի հետ եղավ Սևանի Շորժայի ափում կազմակերպված առագաստանավային սպորտի առաջնությանը, որին մասնակցում էր հաշմանդամային սպորտային ակումբների 4 թիմ` Արմավիրից, Իջևանից և Երևանից: Մասնակցում էին 10-45 տարեկան հաշմանդամներ: Մրցումներն անցկացվում էին «Վիշապ» ակումբի տրամադրած ավանդական ձկնորսական նավակներով, որոնք պատրաստվել են երկու տարի առաջ «Այաս» առագաստանավային ակումբի գծագրերի հիման վրա:

հատված մրցահերթից

«Այաս» ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանն ասաց, որ իրենք վերականգնել են պատմական Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 26 տեսակի լաստեր, նավակներ և նավեր, որոնցից մինչ այսօր կառուցվել են «Կիլիկիան» և այս ձկնորսական նավակները:

«Սա նաև ճանաչողական նշանակություն ունի, քանի որ իմանալու համար, թե ինչպես է աշխատում նավակը, պետք է իմանան նաև պատմությունն այդ մասին, որը նրանց կտանի դեպի անցյալ. մարդկանց դա հետաքրքրում է»,- ասաց Բալայանը:

Իջևանցի 16-ամյա Նարեկ Պապյանն ասաց, որ առագաստանավային սպորտով առաջին անգամ զբաղվել է այս տարի, Սևանում,  ֆեդերացիայի կազմակերպած ամառային ճամբարի ընթացքում: «Ինձ շատ դուր եկավ ու հա ուզում եմ էս սպորտաձևով զբաղվեմ»,- ասաց Նարեկը, որ մրցահերթի ժամանակ շատ ակտիվ էր ու անընդհատ ջուր էր թափում նավակից:

Նավակները վարում էին առագաստանավային սպորտի տարբեր ակումբների փորձառու ղեկապետներ:

«Սակայն մնացած անձնակազմը բեռի պես նստած չէ,- ասում է Բալայանը,- դա թիմային աշխատանք է, նրանք օգնում են թեքությունը ճիշտ պահել և նավակը ճիշտ դիրքում պահելու համար օգտագործում են իրենց քաշը` ընթացքում տեղափոխվելով նավակի մեջ, ինչպես նաև թափում են ջուրը»:

Ֆեդերացիայի նախագահ, առագաստանավային սպորտի վաստակավոր մարզիչ Սամվել Ռոստոմյանն ասաց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ իրենք պարապել են դեռևս 1994-ից, որի արդյունքները երևացել են 1996թ. աշխարհի, Եվրոպայի և պարալիմպիկ օլիմպիադայի առաջնություններում: «Մեր առագաստանավային թիմը մի քանի տարի լավագույն տեղեր էր զբաղեցնում, մտել է անգամ լավագույն հնգյակի մեջ,- ասում է Ռոստոմյանը,- ծիծաղելի կարող է թվալ, սակայն խումբը Սպիտակից էր, որտեղ ջրային տարածք չկա, նրանք պարապում էին Սևանում»:

Բալայանն ասում է, որ Սևանը շատ հարմար է պարապելու համար, որովհետև անընդհատ փոփոխվող քամիներ են, ինչը պահանջում է ուշադրություն. «Այն, ինչ կարելի է մեկ շաբաթում  սովորել Սևանում, կարող է ամիսներով չսովորես ծովում»:

Ինչ-ինչ պատճառներով, հիմնականում` ֆինանսավորում չլինելու պատճառով, աշխատանքները դադարեցվել են, մինչև որ 2005 թ. Ռոստոմյանը ստեղծել է «Հայկական ճամբար» ՀԿ-ն:

Նրանց սան Մարգարիտա Հովակիմյանը, որ տեղաշարժվելու խնդիրներ ունի, այս տարի ապրիլին Հայաստան է բերել սահմանափակ հնարավորություններով մարդկանց  Ռուսաստանի լողի առաջնության արծաթե մեդալ:

Առագաստանավային սպորտի առաջնության ողջ կազմը

Ռոստոմյանն ասում է, որ սպորտը շատ ավելին է, քան պարզապես ինտեգրումը հասարակությանը: «Հաշմանդամներին հասարակությանն ինտեգրելու շատ միջոցներ կան,- ասում է նա,- արվեստ, քաղաքականություն և այլն: Ծնված կամ հաշմանդամ  դարձած մարդը պասսիվ կյանք է վարում. նա ինֆորմացիայի պակաս ունի: Սպորտը ակտիվացնում է մարդուն և հասարակությանը նրա ինտեգրումը պարզապես  սպորտով զբաղվելու հետևանք է: Այստեղ նա իր հաջողությունն է ցույց տալիս, իրեն է ցույց տալիս, իսկ  մինչ այդ մարդիկ  իրենց տեսնում էին միայն իրենց տանը»:

Ֆեդերացիայի նախագահը, սակայն, նկատում է, որ առաջնությունից հետո հաշմանդամը գնում է տուն` ընկղմվելով սովորական առօրյայի մեջ: «Բա հետո՞,- հարցնում է նա,- պետությունը պիտի հոգա ու աջակցի այս մարդկանց, պետական քաղաքականություն պիտի լինի: Անհատը կամ ինչ-որ կազմակերպություն անընդհատ չի կարող ծախսել, իսկ պետական քաղաքականության դեպքում սպորտի զարգացումը  կարելի է ավելի լավ հիմքի վրա դնել»:

Ռոստոմյանն ասում է, որ սպորտի և երիտասարդության նախարարությանն  ուղարկած բազմաթիվ նամակներին ի պատասխան ստացել են առաջարկություն` համագործակցել Հայաստանում պարալիմպիկ կոմիտեի հետ, այնուհետև գրել են, որ կառավարությունը հնգամյա ծրագիր ունի, որի ընթացքում ոչինչ անել հնարավոր չէ:

Վարդուհի Արամյանն ասում է, որ իրենք ֆինանսական այլ աղբյուրներ գտնելու հնարավորություն չունեն, քանի որ դիմելու դեպքում իրենց հարցնում են, թե պետությունը հանդես կգա՞ ինչ-որ չափով համաֆինանսավորմամբ: «Մենք կարող ենք էլի աղբյուրներ գտնել, բայց մեր արտասահմանցի գործընկերներն ասում են` բա ո՞ւր է ձեր կառավարության աջակցությունը»,- ասում է նա:

Մրցանակային տասներեք մրցահերթերի արդյունքում առավելագույն միավորներով «Linons club»-ի սահմանած գավաթը նվաճեց «Հայկական ճամբար-2» թիմը:

Դիտվել է 2218 անգամ:
Print Friendly

Leave a Reply