Հաստատվել է Մեթյու Բրայզայի թեկնածությունը` որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | September 22, 2010 10:25
ԱՄՆ-ի սենատի միջազգային հարցերով հանձնաժողովը երեկ տեղի ունեցած նիստում հաստատել է Մեթյու Բրայզայի թեկնածությունը որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան. այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Հանձնաժողովում հաստատվելուց հետո Բրայզայի թեկնածությունը պետք է քննարկման դրվի սենատի լիագումար նիստում:
Չնայած սենատորներ Բարբարա Բոկսերի և Բոբ Մենենդեսի առարկություններին, հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Ջոն Քերրին կողմ է արտահայտվել Բրայզայի նշանակմանը որպես դեսպան: Բրայզայի թեկնածությանը կողմ են քվեարկել հանձնաժողովի 19 անդամներից 17-ը և միայն 2-ը` դեմ:
Դեռևս 2010-ի մայիսի 25-ին էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջադրել Բրայզայի թեկնածությունը դեսպանի պաշտոնում: Իսկ սենատում լսումները սկսվել էին հուլիսից:
Մեթյու Բրայզան աշխատել է որպես ԱՄՆ պետքարտուղարի օգնական Եվրոպայի և Եվրասիայի հարցերով, ինչպես նաև եղել է Մինսկի խմբի համանախագահ:






Facebook
Tweet This
Email This Post
