Աշխարհի ավիաընկերություններին մինչեւ 2029 թվականը մեկ միլիոն նոր աշխատակիցներ կպահանջվեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2010 17:39

Աշխարհի ավիաընկերություններին, որոնց 40 տոկոսը Ասիայի օդային փոխադրողներն են, առաջիկա 20 տարում կպահանջվեն ավելի քան մեկ միլիոն նոր օդաչուներ եւ տեխնիկական անձնակազմ: Այդ մասին հայտարարել է Սինգապուրում Boeing-ի ներկայացուցիչը: Ինքնաթիռների ամերիկյան արտադրողի կանխատեսման համաձայն` աշխարհում օդային փոխադրումների աճող պահանջարկը բավարարելու համար 2010-ից մինչեւ 2029 թվականը ավիաընկերություններին հարկ կլինի աշխատանքի վերցնել եւս 466 հազար 650 օդաչուների եւ 596 հազար 500 տեխնիկական անձնակազմի աշխատողների, որոնց թվի մեջ մտնում են ինժեներներն ու մեխանիկները:

Boeing-ի փորձագետները վստահ են, որ աշխարհում ամենաարագ աճող շուկան կլինի Չինաստանը: «Երբ գումարում ես բոլոր թվերը, արագորեն հասկանում ես` մոտ ժամանակներս ինչ հիմնախնդիրներ է ունենալու ավիացիոն ինդուստրիան»,- AFP գործակալությունը մեջբերել է Boeing-ի թռիչքային անձնակազմի ուսուցման ու պատրաստման բաժնի ղեկավար Ռոյ Գանզարսկիի խոսքը:

«Մեր նպատակը մասնագետների նոր սերնդի ուսուցումն ու պատրաստումն է, որոնք առաջիկա 20 տարում թռչելու են ավելի քան 30 հազար նոր ինքնաթիռներով»,- ասել է նա: Boeing-ի կանխատեսման համաձայն` առեւտրային ավիացիայի նավատորմը ներկայիս 18 հազար 890 ինքնաթիռից 2029 թվականին կաճի մինչեւ 36 հազար 300: Եթե խոսելու լինենք ըստ կոնկրետ տարածաշրջանների` ապա Հյուսիսային Ամերիկայի ավիաընկերություններին լրացուցիչ կպահանջվի 97 հազար 350 օդաչու եւ տեխանձնակազմի 137 հազար աշխատող, Եվրոպային` համապատասխանաբար 94 հազար 800 եւ 122 հազար, իսկ Ասիային` 180 հազար եւ 220 հազար: Ավելի վաղ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հայտարարել է, որ աշխարհի 47 խոշորագույն ավիաընկերությունները, որոնց նկատմամբ կազմակերպությունը մոնիթորինգ է իրականացնում, 2010 թվականի երկրորդ եռամսյակում ընդհանուր զուտ շահույթ են ստացել 3,9 մլրդ դոլարի չափով:

IATA-ի կարծիքով` այդ թիվը համոզիչ կերպով խոսում է ավիացիայի կողմից տնտեսական ճգնաժամի հաղթահարման եւ նրա ֆինանսական վերականգնման մասին: 2009 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում առաջատար ավիափոխադրողների զուտ վնասը կազմել է 881 մլն դոլար: IATA-ի մամլո տեղեկագրում նշվում է, որ առավել բարձր շահույթ են ունեցել Հյուսիսային Ամերիկայի եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավիաընկերությունները: Ժնեւում հաստատված ասոցիացիայի տվյալների համաձայն` եվրոպական օդային փոխադրողները ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 1,3 մլրդ դոլարի չափով շահույթ են ստացել միայն շնորհիվ տարբեր ակտիվների վաճառքների: Առանց դրա Հին աշխարհի ավիաընկերությունները վնասներ կունենային: Եվրոպայի ավիաընկերությունները ապրիլ-մայիսին հսկայական կորուստներ են կրել Իսլանդիայում հրաբխի ժայթքման հետեւանքով: Այդ ժամանակաշրջանում ուղեւորաշրջանառությունը կրճատվել է 11,7 տոկոսով: Ավիափոխադրումների ընդհանուր դրական արդյունքների հիմնական պատճառների թվում IATA-ն նշում է ավիացիոն վառելիքի կայուն գները եւ աճող ուղեւորափոխադրումները:

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply