Երկրորդ դումա

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 24, 2010 23:10

Սկիզբը տես այստեղ

(20.02.1907-02.08.1907)

Առաջին դուման գյուղացիներն անվանեցին «Պետական հողային դումա» և նախագահ Մուրոմցևին ուղարկեցին մի նամակ-հավաստագիր, թե իրենք  կաջակցեն և կպաշտպանեն այն: Ավաղ, բանը դրան չհասավ: Առաջին դուման ցրվեց`ստվեր գցելով երկրորդի վրա: Գյուղացիները քննարկում էին, թե սա ինչ իշխանություն է, որ ինքն իրեն պաշտպանել չի կարողանում:

Իրավացի էր նաև կոմս Հեյդենը` առաջին դումայի ցրելն անվանելով «անսահման հիմարություն». նա կանխատեսեց, որ «յուրաքանչյուր նոր դումա կլինի ավելի ձախ ու ավելի արմատական, և հետզհետե ամեն ինչ ավելի կդժվարանա»:  Հենց այդպես էլ եղավ, կադետները  խոշոր քաղաքներում ամրապնդեցին իրենց դիրքերը, սակայն երկրորդ դումայի ողջ անձնակազմը լուրջ փոփոխություն կրեց: Բոյկոտելուց հրաժարվելով` ձախերն անցան գյուղացիական ու աշխատավորական կուրիաներով(: Ըստ էության, արմատական սոցիալիստներն էին պահանջել, որ հասարակության մեջ տեղի ունենան հեղափոխական վերափոխումներ:

Երկրորդ դումայի աշխատանքները սկսվեցին առանց հանդիսության: Պ. Ն. Միլյուկովի գլխավորությամբ կադետներն այս անգամ ելույթ ունեցան կալվածատիրական հողերի մի մասի օտարման ու գյուղացիներին  հետգնման պայմանով հանձնելու առաջարկով: Իսկ գյուղացիական պատգամավորներն առաջ էին մղում  հողն ազգայնացնելու  պահանջը:

Իշխանությունը,  չհամարձակվելով «գյուղացիների առաջ քաշած հարցի» պատճառաբանությամբ ցրել դուման, գտավ մեկ այլ պատճառ. իբր սոցիալ-դեմոկրատների շարքերում բացահայտեց «պետության ու թագավորական կամքի դեմ» կազմակերպված դավադրություն և պահանջեց «դավադիրներին  հանձնվել»: Երբ պատգամավորները իրադրությունը պարզելու նպատակով փորձեցին հանձնախումբ ստեղծել, այդ արարքը դիտվեց որպես  «պետության քայքայմանը նպաստող մեղսակցություն», և արդեն հուլիսի 3-ի մանիֆեստով դուման ցրվեց:

Երկրորդ Պետդուման  գոյատևեց ընդամենը 103 աշխատանքային օր:

«Վիբորգյան» պատգամավորների դառն փորձից ելնելով` պատգամավորները ձեռնպահ մնացին իշխանությունների հասցեին ուղղված մեղադրանքներից:

Աճեմով Մովսես Սերգեյի

Ծնվել է 1878 թ., երկրորդ գիլդիայի վաճառականի ընտանիքում: Սովորել է Նոր Նախիջևանի հոգևոր ճեմարանում, ապա Դոնի Ռոստովի գիմնազիայում: Հաջողությամբ սովորել ու ավարտել է Լազարյան ճեմարանի արևելյան լեզուների ու Մոսկվայի համալսարանի բժշկության ֆակուլտետը: Էքստեռն ավարտել է իրավաբանական ֆակուլտետը` ստանալով առաջին կարգի դիպլոմ: Որպես  Ռուսական Կարմիր խաչի շարժական հոսպիտալի կրտսեր  բժիշկ մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին: Պահեստային բժիշկը պատերազմի ավարտին ծառայել է որպես Մոսկվայի շրջանային դատական պալատի լիազոր ատենակալ (1907-ին նրա աշխատավարձը կազմում էր 7 հազ. ռուբլի): Որպես վստահված անձ վարել է խոշոր նավթարդյունաբերող Մանթաշովների գործերը: Եղել է Օլոնեցկի երկաթուղային ընկերության տնօրենը: Նրա հոդվածները տպագրվել են ժամանակի այնպիսի հայտնի  պարբերականներում, ինչպիսին էր օրինակ` «Московские ведомости»-ն :

Երկրորդ դումայի պատգամավոր է ընտրվել Դոնի Ռոստովի և Նախիջևանի ոչ ռուս ծագում ունեցող ընտրողների առաջին համագումարի կողմից: Կադետների խմբակցության անդամ էր,  դումայի 2 բաժնի քարտուղար, բյուջետային, անձի անձեռնմխելիության հանձնաժողովների անդամ: Հանդես է եկել զինապարտության կանոնադրության փոփոխության, տեղական դատարանի վերաբերյալ օրենքի նախագծերով:

Աթաբեկով Հովսեփ Ներսեսի

Աթաբեկով Հովսեփ Ներսեսի

Ծնվել է 1871-ին, ազնվական էր: Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան: Երկու տարի սովորել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտության բաժնում, Շտուտգարդի (Գերմանիա) մոտ գտնվող գյուղատնտեսության ակադեմիայում: Նամակագրության մեջ է եղել Ֆ. Էնգելսի հետ:  Եղել է պահեստային պրապորշչիկ: Էրիվանի նահանգի Ներսեսաբադ ընտանեկան կալվածքում խաղող և բամբակ է մշակել, ինչը չի խանգարել ակտիվորեն մասնակցելու կադետների կուսակցության կյանքին:    Երկրորդ դումայում նրա թեկնածությունն առաջադրվել է Կարսի շրջանային ընտրողների ընդհանուր խորհրդի ընտրաժողովի կողմից: Կադետների խմբակցության, ինչպես նաև ագրարային հանձնաժողովի  անդամ էր:

Դեմյանովիչ Անտոն Կայետանի

Դեմյանովիչ Անտոն Կայետանի

Դումայում առաջադրվել է բեսարաբական ընտրողների կողմից: «Հոկտեմբերի 17-ի միություն»խմբակցության և  չափավորների խմբի ու ագրարային հանձնաժողովի անդամ էր: Որպես օկտյաբրիստ ելույթ է ունեցել սահմանադրական  միապետության ամրապնդման, բյուրոկրատական կամայականության դեմ պայքարի,  քաղաքացիական ու քաղաքական ազատության  օգտին:

Զուրաբով Արշակ Գերասիմի

Ծնվել է 1873 թ., Թիֆլիսում, ազնվական էր: Ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, 1892-ին մտել է ՌՍԴԲԿ-ի շարքերը: Սովորել է Խարկովի տեխնոլոգիական ինստիուտում, ապա Պետերբուրգի անտառային ինստիտուտում, սակայն դուրս է մնացել թե՛ մեկ և թե՛ մյուս ուսումնական հաստատություններից: Լրագրող էր, 1903-ից բոլշևիկյան խմբակցության անդամ  և ՌՍԴԲԿ II համագումարի պատգամավոր: Անլեգալ գրականության պահման պատճառով  նրան արգելվել է բնակություն հաստատել Կովկասի շրջանում,  արտաքսվել է Աստրախան, իսկ 1904-ին նրան ներում է շնորհվել: Նույն տարին, որպես պահեստի պրապորշչիկ, գործուղվել է Տաշքենդ, ուր խմբագրել է «Новый путь» և «Работник» թերթերը: 1905-ին կրկին կալանավորվել է: Թիֆլիս վերադառնալուց հետո հրատարակել է սոցիալ-դեմոկրատների հայալեզու «Հոսանք» թերթը և թղթակցել «Տարազ» ամսագրին: 1906-ին հարել է մենշևիկներին: ՌՍԴԲԿ V համագումարի մասնակից է:

Երկրորդ դումայում նա առաջադրվել է Թիֆլիսի քաղաքային ընտրողների համագումարի կողմից: Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ էր, պետական ծախսերի ու եկամուտների գրանցման, անհատի, բնակարանի անձեռնմխելության  հարցերի համձնաժողովի  անդամ: Ապրիլի 16-ին, ելույթ ունենալով նորակոչիկների քանակին նվիրված  փակ նիստում, հայտարարել է. «Բանակը շատ լավ կկռվի մեզ հետ ու կքշի ձեզ, պարոնայք, և կպարտվի արևելքում»: Այս ելույթն աջերը դիմավորեցին «Ռուսաստանը վիրավորված է, բանակը վիրավորված է, դո՛ւրս արեք դրան» բացականչություններով: Եվ արդեն հաջորդ օրը իշխանության նախագահ Ստոլիպինը Նիկոլայ II-ին է դիմում նամակով. «Պարտքս եմ համարում Ձերդ պայծառափայլությանը հայտնել, որ  ինչպես կերևա այս սղագիր հաշվետվությունից, դումայի անդամ Զուրաբովին (հայ), որ վիրավորեց բանակին, նկատողություն է արվել,  ու նա  զրկվել է խոսքի իրավունքից: Ի դեպ, նիստի ընթացքում Գոլովինի  հեռախոսով հնչեցրած այն հարցին, թե այս գործն ինչ ընթացք կունենա,  ես   պատասխանեցի, որ եթե Զուրաբովին դումայի նիստից չհեռացնեն, ցանկալի է, որ նախարարները նիստերի դահլիճ չվերադառնան: Գոլովինը խնդրեց իրեն ընդունել, և նա ինձ մոտ եղավ գիշերը` ժամը 12-ին… Ես նրան բացատրեցի, որ Զուրաբովին  արված նկատողությամբ չի վերանում ռուսական բանակի հասցեին հնչած  վիրավորանքը, և քանի դեռ  ռուսական բանակի վիրավորանքը չի անցել, պաշտպանության նախարարը դումա չի ներկայանա… Ընդ որում, ինձ իրավունք վերապահեցի հիշեցնելու, թե  որքան զգայուն եք բանակին վերաբերող հարցերում: Գոլովինին չէի կարող չասել, որ արտասահմանյան յուրաքանչյուր պառլամենտում այդպիսի զուրաբովներին կտոր-կտոր կանեին կամ էլ կմտրակեին»:

Ապրիլի 17-ին դումայի նախագահ Ֆ. Ա. Գոլովինը  Ստոլիպինին ու ռազմական նախարար գեներալ Ա. Ֆ. Ռեդիգերին   ներկայացրեց դումայի ներողությունը: Նախարարները համաձայնեցին դիպվածն անցած համարել:

Հունիսի 3-ին` դուման ցրելու ու նոր ընտրական իրավունքի վերաբերյալ մանիֆեստի հրապարակման օրը, սոցիալ-դեմոկրատների խմբակցության անդամները կալանավորվեցին  ու աքսորվեցին տաժանավայր: Բնականաբար, նրանց թվում էր նաև Զուրաբովը:

Սաղաթելյան Իվան (Հովհաննես) Հակոբի

Ծնվել է 1871-ին, հոգևորականի ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավունքի թեկնածուի աստիճան ստանալով` վերադարձել է հայրենիք ու աշխատել Երևանի նահանգի Սուրմալու գավառում որպես դատական քննիչ, ատենակալ: Նշանակվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանի ռեկտոր, սակայն «ոչ հաճո ուղղության» համար հեռացվել է: Դաշնակցություն կուսակցության անդամ էր: Ուներ ալրաղաց ու տարեկան 3 հազ. ռուբլու եկամուտ: Ամուսնացած չէր: Երկրորդ դումայի պատգամավոր է ընտրվել  Բաքվի, Ելիզավետպոլի ու Էջմիածնի ոչ մահմեդական ազգաբնակչության կողմից: Սոցիալ-հեղափոխականների (էսեռ) խմբակցության, տեղական դատարանների վերաբերյալ հրամանների մշակման հանձնաժողովի անդամ էր:  Մասնակցել է արդյունաբերական հանձնախումբ ընտրելու, բնակչությանը 17,5 մլն ռուբ.  արդյունաբերական նշանակության օգնության դրամահատկացման, ագրարային հարցերի քննարկումներին:

ՏերԱվետիքյան Ստեփան Քրիստափորի

Տեր-Ավետիքյան Ստեփան Քրիստափորի

Ծնվել է 1867-ին, գյուղացու ընտանիքում, պատմական Հայաստանի Գարդմանի շրջանի Բանանց գյուղում: Ստացել է մանկավարժական կրթություն: Ելիզավետպոլի քաղաքային ուսումնարանի ժողովրդական ուսուցիչ է եղել(տարեկան 840 ռուբ. աշխատավարձով): Գյուղագիր էր, արձակագիր, հրապարակախոս, գրել է հայերեն: Դաշնակցության անդամ էր: Բազմիցս է  բերման ենթարկվել քաղաքական շարժառիթներով: Երկրորդ դումայի պատգամավոր է ընտրվել Ելիզավետպոլի նահանգի ընտրողների ընդհանուր ժողովի կողմից: Էսեռների խմբի  և արդյունաբերության հանձնախմբի  անդամ էր:

Տիգրանյան Սիրական Թադևոսի (Ֆադեյի)

Ծնվել է 1875-ին, Ալեքսանդրապոլում, ազնվական էր: Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան: Ընդունվել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մասնակցել ուսանողական շարժմանը: Իրավաբանի դիպլոմը նրան իրավունք է տվել  Էջմիածնի  հոգևոր ճեմարանում զբաղեցնելու իրավաբանական ու փիլիսոփայական գիտությունների ուսուցչի պաշտոն: Դաշնակցության անդամ  էր:

Երկրորդ դումայի պատգամավոր  է ընտրվել Երևանի նահանգի ոչ մահմեդական ազգաբնակչության կողմից: Էսեռների խմբի անդամ էր, ղեկավարում էր դումայի 8 Բաժինը: Աշխատել է խղճի ազատության, ժողովրդական կրթության հանձնաժողովներում: Դուման ցրելուց հետո շնորհազրկվել է, ապա  աքսորվել ու փախել:

(շարունակելի)

«Ноев Ковчег» 2010 թ.,N7


Դիտվել է 3776 անգամ:
Print Friendly

Leave a Reply