Ո՞վ է Միքայել Արամյանցը. երիտասարդ պատմաբանը փորձում է մոռացումից հանել մեծ հայի թողած ժառանգությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 22, 2010 15:08

Միքայել Արամյանց

XIX դարի հայ ձեռնարկատեր, նավթարդյունաբերող, մեծ բարերար ու հասարակական գործիչ Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. Արցախում, սակայն ապրել և իր գործունեությունը ծավալել է  Թիֆլիսում` մեծ ներդրում ունենալով քաղաքի վերակառուցման ու բարգավաճման գործում:

Ցավոք, այսօր նրա անունը չեք գտնի թբիլիսյան այն հայտնի շենքերի ու շինությունների վրա, որոնք կառուցվել են Արամյանցի միջոցներով: Վրացական քաղաքական քարոզչամեքենան հետևողականորեն ոչնչացրել ու ոչնչացնում է մեծանուն հայերի անունը Թբիլիսիի պատմությունից` անվանափոխելով նրանց կողմից կառուցված և նրանց անունը կրող կառույցները:

Սակայն կան շենքեր, որոնց անունները, որքան էլ վրաց իշխանությունները վերափոխեն, ժողովուրդը հիշում և անվանում է այնպես, ինչպես հարյուր տարի առաջ. օրինակ` նրա կառուցած հիվանդանոցը թբիլիսցիները մինչ օրս հենց այդպես էլ կոչում են` Արամյանցի հիվանդանոց, թեպետ պաշտոնական անվանումն է՝ «Թբիլիսիի թիվ 1 հիվանդանոց»:

Միքայել Արամյանցի գործունեությունն ու վաստակը մինչ օրս գնահատված չէ նաև Հայաստանում: Խորհրդային տարիներին նրա անունը մոռացության է տրվել, իսկ անկախացումից ի վեր ոչ ոք լրջորեն չի անդրադարձել նրա կյանքին ու գործունեությանը:

Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ երիտասարդ պատմաբան Վահե Աթանեսյանը հետևողականորեն գնում է Արամյանցի հետքերով` փորձելով ուսումնասիրել արխիվները, գտնել նրա ժառանգներին, մասունքներ նրա կյանքից, որպեսզի նա ըստ արժանվույն ներկայացվի այսօրվա սերունդներին:

Վահեն Լոռու մարզի Ախթալա քաղաքից է, որտեղ պահպանվել է Արամյանցից Հայաստանին ժառանգություն մնացած միակ արժեքավոր հիշողությունը` 32 հա տարածքով շվեյցարական ոճի դղյակը: Արամյանցն այն կառուցել է որպես ամառանոց և այնտեղ ոչ միայն հանգստացել, այլև հավաքույթներ ու քննարկումներ է անցկացրել ժամանակի շատ ու շատ նշանավոր մարդկանց հետ. Խրիմյան Հայրիկ, Հովհաննես Թումանյան, Ալեքսանդր Շիրվանզադե և ուրիշներ:

Պատմությունը հետևյալն է. Շվեյցարիայում ճամփորդելիս նա մի գեղեցիկ դղյակ է տեսնում և այնքան է հավանում, որ վերադառնալով Թիֆլիս` նշանավոր ճարտարապետ Բզողլուն  ուղարկում է Շվեյցարիա` այդ կալվածքը` տեսնելու և նախագծելու դրա նմանակը, որը և կառուցում է Ախթալայում:

«Դղյակը Մեծ հայրենականի տարիներին ծառայել է որպես զինվորական հոսպիտալ, հետո դարձել հակատուբերկուլյոզային առողջարան, քանի որ այնտեղ օդը շատ մաքուր է, միջավայրը` գեղեցիկ, դեկորատիվ ծառերով, սոճիներով, որոնք Արամյանցը բերել է տվել Տոկիոյից,- պատմում է Վահեն:- Այդ սոճիների հետ կապված մի ավանդազրույց կա, թե իբր տնկիներին` մեկին մեկ հարաբերությամբ Արամյանցը ոսկի է վճարել. եթե, ենթադրենք, տնկիների քաշը կազմել է երկու կգ, նա վճարել է երկու կգ ոսկի»:

Արամյանցը զավակների, թոռների փեսայի և Շիրվանզադեի հետ

Ցավոք, նորանկախ շրջանում` 90-ականների սկզբին, այդ վայրում տեղակայվել է զինվորական զորամաս, և զինվորներն այդ ամենը փչացրել ու ավերել են:

Արամյանցի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով Վահեն եղել է Արցախում ու Թբիլիսիում: Թբիլիսիից վերադարձել է մի քանի օր առաջ, ինչպես ինքն է ասում, «ավելի քան հաջող արդյունքով»:

Թբիլիսիից Վահեն ձեռք է բերել Արամյանցին վերաբերող շատ հետաքրքիր մասունքներ` լուսանկարներ, սպասք, անձնական իրեր, Արամյանցի դստեր` Ֆլորայի օրագիրը և այլ իրեր:

«Թբիլիսիում հանդիպեցի նաև պետական արխիվի տնօրենին, սակայն ինձ թույլ չտվեցին արխիվում ուսումնասիրություններ կատարել` պատճառաբանելով, որ պետք է Հայաստանի պետական որևէ կառույցից համապատասխան փաստաթուղթ ներկայացնեմ,- պատմում է Վահեն,- հաջորդ այցի ժամանակ անպայման կներկայանամ այդ փաստաթղթով և հուսով եմ` այդ ժամանակ այլևս պատճառաբանություններ չեն լինի»:

Հայաստանում կանանց թենիսի 1-ին դաշտը Արամյանցի կալվածքում

Թբիլիսիում Վահեն հանդիպել է մարդկանց, ովքեր բազմաթիվ տեղեկություններ են հաղորդել Արամյանցի մասին, օգնել հավաքելու նաև   նյութական իրեր.

«Վրացի կոլեկցիոներներից ինձ հաջողվեց գնել Արամյանցի լուսանկարներից, հանդիպեցի նաև Արամյանցի ու նրա դուստրերի տանը ապրած ու ծառայած վրացի աղախինների թոռների հետ, գնացի այն տունը, որտեղ ապրել է Արամյանցը,- պատմում է Վահեն,- կարևորն այն է, որ փաստեր շատ կան, և մեր աշխատանքները պետք է շարունակվեն»:

Վահեն Թբիլիսիում ձեռք է բերել ոչ միայն Արամյանցի անձնական իրերից, այլև ընտանեկան թանկարժեք սպասք` վրան Արամյանցի ոսկետառ գերբով:

«Այդ ամենի մեջ ինձ համար ամենաարժեքավորը Արամյանցի դստեր` Ֆլորայի օրագիրն է,- ասում Վահեն,- օրագրում Ֆլորան գրառումներ է սկսել կատարել 1900 թվականից, իսկ վերջին գրառումները կատարվել են 1928-ին: Այդ գրառումները պետք է թարգմանվեն և ուսումնասիրվեն»:

Ֆլորան ու իր դուստրը` Լյուդմիլան, ստեղծագործել են, և այդ ստեղծագործություններն այդ օրագրում կան: Օրագիրը գրված է չորս լեզվով` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Ասում են, որ Ֆլորան տիրապետել է տասներկու լեզվի: Նա սովորել է Ավստրիայի գեղարվեստի ակադեմիայում: Օրագրում կան նաև գեղեցիկ նկարներ` պրոֆեսիոնալ նկարիչների ձեռքով նկարված: Ֆլորայի օրագիրն արժեքավոր է ոչ միայն գեղագիտական առումով, այլև Արամյանցի ու նրա ընտանիքի վերաբերյալ տեղեկությունների հարուստ աղբյուր կարող է դառնալ:

Արամյանցի երեխաներից Ֆլորան միակն է, որ մինչև վերջ ապրել է Թիֆլիսում: Նա գնդապետ Ղորղանովի կինն էր: Վահեին խոստացել են, որ Թբիլիսի կատարելիք հաջորդ այցի ժամանակ կօգնեն ձեռք բերելու նաև Ֆլորայի դիմանկարը, որը նկարել է հայտնի նկարիչ Շալյապինը և մակագրել. «Թանկագին Ֆլորա, ես հեռանում եմ Թիֆլիսից` այստեղ թողնելով իմ սիրտը քեզ համար»:

Ֆլորան ունեցել է նաև որդի` Միքայելը: Ֆլորայի երկու զավակներն էլ ապրել և մահացել են Թբիլիսիում, սակայն անժառանգ են եղել: Ֆլորան նույնպես մահացել է Թբիլիսիում ` 80-ական թվականներին:

Արամյանցն ունեցել է ևս մեկ դուստր` Աննան, և երեք որդի` Հովհաննեսը, Արամն ու Սողոմոնը: Հովհաննեսը փայլուն գիտելիքներ է ստացել, և հայրը մեծ հույսեր է կապել նրա հետ, սակայն 31 տարեկան հասակում անբուժելի հիվանդությունը խլել է Հովհաննեսի կյանքը: Արամյանցը ողջ կյանքի ընթացքում հոգ է տարել նրա կնոջ ու երեխաների մասին:

«Ախթալայի Ժողովուրդը պատմում է, թե իբր այդ դղյակն Արամյանցը կառուցել է իր թոքախտով հիվանդ դստեր համար, սակայն դա ճիշտ չէ. հիվանդն իրականում եղել է Արամյանցի որդին, իսկ դղյակի կառուցումն ընդհանրապես կապ չի ունեցել դրա հետ»,-պատմում է Վահեն:

Արամյանցի անունը սերտորեն կապված է նաև մեկ այլ մեծանուն հայի` Ալեքսանդր Մանթաշովի հետ, ում կյանքն ու գործունեությունն այսօր շատ ավելի հայտնի է հանրությանը, քան Արամյանցինը: Եվ քչերը գիտեն, որ հենց Արամյանցի շնորհիվ է Մանթաշովը դարձել Բաքվի խոշոր նավթարդյունաբերողներից մեկը:

Արամյանցն իր երկու ընկերների հետ  մեկնել է Բաքու և հիմնել նավթարդյունաբերական ընկերություն: Նա ցանկանում էր Բաքվից մինչև Բաթում նավթամուղ ստեղծել, սակայն դա իրագործելու համար նրան 50 հազար ռուբլի էր հարկավոր:             «Արամյանցը դիմում է Մանթաշովին, որ այդ ժամանակ Թիֆլիսի առևտրային բանկի տերն էր, սակայն Մանթաշովը մերժում է: Այդ մերժումն, ըստ իս, մտածված էր. երբ Արամյանցը երկրորդ անգամ է նույն խնդրանքով դիմում Մանթաշովին, նա համաձայնում է այդ գումարը տալ պայմանով, որ Արամյանցը դառնա նավթային ընկերության բաժնետերերից մեկը»,-պատմում է Վահեն:

Ախթալայի հանգստյան տունը

Հետագայում Մանթաշովը գնում է Արամյանցի երկու ընկերների բաժնեմասերը, և երբ մտադրվում է գնել նաև Արամյանցի բաժնեմասը, վերջինս Մանթաշովին հիշեցնում է, որ ինքն է նրան Բաքու բերել և նավթային ընկերության մեջ ընդգրկել:

Մանթաշովը զիջում է դիրքերը` ասելով. «Ճիշտ է, Միքել ջան, մենք միասին կաշխատենք, ես քո բաժինը չեմ առնի…»:

Այնուամենայնիվ, Արամյանցը հետագայում 10 մլն ռուբլով վաճառում է իր բաժնեմասը, որը կազմում էր բաժնետոմսերի մեկ երրորդը: Նա վաճառում է նաև իր բոլոր ձեռնարկությունները, և ողջ գումարը դնում բանկ, որի տոկոսներով էլ ապրում է և լայնածավալ բարեգործություն իրականացնում:

Արամյանցի կյանքը, սակայն, դաժան ավարտ է ունենում: Եթե Մանթաշովը «բախտ է ունենում» իր մահկանացուն կնքել մինչև խորհրդային կարգերի հաստատումը և փառքով հանձնվել հողին, ապա Արամյանցը  մահանում է 1922 թ., աղքատության մեջ` ականատես լինելով բոլշևիկների կողմից իր հսկայական կարողության ոչնչացմանն ու յուրացմանը:

Արամյանցի զավակներն ու թոռները տարագրվում են հիմնականում Ֆրանսիա: Այժմ նրանց ժառանգներից մի քանիսի հետքը Վահեն գտել է. «Արդեն գիտենք, թե որտեղ են բնակվում,- ասում է նա,- աշխատանքներ ենք տանում նրանց հետ կապ հաստատելու ուղղությամբ: Եթե իսկապես հաջողվի հանդիպել նրանց հետ, այդ մասին անպայման լրացուցիչ կհայտնենք»:

Պատմաբանը, օգտվելով առիթից, կոչ է անում բոլորին. եթե Արամյանցին վերաբերող ինչ-որ տեղեկություն, նյութ,  կամ իր ունեն ձեռքի տակ, անպայման կապ հաստատեն իր հետ` նպաստելով որոնողական աշխատանքների արդյունավետ իրականացմանն ու Արամյանցի տուն-թանգարանի ստեղծման գործընթացին:

Թբիլիսիում Վահեն որոնել է նաև Արամաշեն գյուղը, որը Արամյանցը կառուցել է հայ գաղթականների համար: Վրաստանի Ալգեթի գետի մերձակայքում նա կառուցել է լուսավոր, ընդարձակ տներ` բոլոր հարմարություններով, դպրոց, եկեղեցի, լայն փողոցներ: 1912 թ. գյուղն արդեն 80 այդպիսի տուն ուներ: Այնտեղ փախստական հայերը ոչ միայն ապրում, այլև բամբակագործությամբ էին զբաղվում` վերադառնալով նորմալ ու մարդավայել կյանքի: Հենց նրանց առաջարկով էլ գյուղն անվանվել է Արամաշեն:

«Դեռ մեկ շաբաթ առաջ ես փնտրում էի Արամաշեն գյուղը, բայց ապարդյուն,- պատմում է Վահեն,- հետո իմացա, որ գյուղն անվանափոխվել է` դառնալով Ուրմաշեն: Ինձ խորհուրդ տվեցին այն փնտրել Մառնեուլի շրջանում: Ես եղա Մառնեուլի շրջկենտրոնում և քաղաքապետարանում, սակայն ինձ ոչ միայն չօգնեցին, այլև քաղաքավարի դուրս հրավիրեցին, քանի որ այնտեղ հիմնականում ադրբեջանցիներ են: Գյուղի տեղն իմացա, սակայն չգնացի, ժամանակի հետ կապված խնդիրներ կային: Առաջիկա որոնումների ժամանակ անպայման պետք է նաև այդ գյուղն այցելեմ»:

Վահեն մի քանի ամիս առաջ եղել է Արամյանցի ծննդավայրում` Արցախի Քյաթուկ գյուղում, որն այսօր լքված ու ամայի վայր է` երկու-երեք բնակչով. «Երբ գնում էինք այդ գյուղը, մեզ ուղեկցում էին Արամյանցի ազգականները եղբոր գերդաստանից,- պատմում է Վահեն,- ճանապարհին ավտոմեքենան փչացավ, և ստիպված էինք 40 աստիճան ջերմաստիճանի տակ, օձերի և կարիճների միջով ողջ ճանապարհը ոտքով բարձրանալ: Այդ տարեց կանայք ոչ միայն չէին տրտնջում, այլև կարծես ուխտի էին գնում: Ընդհանրապես այս աշխատանքը, որը ես հանձն եմ առել, կարծես մի ուխտ է` մեծանուն հային հարգանքի տուրք մատուցելու միջոց»:

Արամյանցը շատ կապված է եղել իր ծննդավայրի հետ: Նա հաճախ է այցելել Քյաթուկ և մեծ բարեգործություններ կատարել գյուղի համար. եկեղեցի և դպրոց է կառուցել, ջրագիծ անցկացրել և այլն: Սյունիքը, Շուշին և Գորիսն իրար կապող ճանապարհի վերանորոգման համար Արամյանցը 2 հազար ռուբլի է հատկացրել, Շուշիի թեմական դպրոցին իր հայրական տունն է նվիրել: Նրա մեկենասությամբ ամեն տարի տասնյակ ուսանողներ են մեկնել արտասահմանյան հայտնի ուսումնական հաստատություններում ուսում ստանալու և, վերադառնալով հայրենիք, ծառայել իրենց երկրին ու ժողովրդին:

Նա օգնել է ոչ միայն հայկական, այլև` վրացական ու թուրքական գյուղերին:

Արամյանցը և Շիրվանզադեն

Արամյանցը, սակայն, մեծ նվիրատվություններ է կատարել հատկապես Թիֆլիսի համար. 100 հազար ռուբլի է տվել  Թիֆլիսի քաղաքային խորհրդին` հիվանդանոց կառուցելու համար, սակայն, ցավոք, այդ շենքի ոչ մի մասում նշված չէ, որ այն կառուցվել է Արամյանցի նվիրատվության շնորհիվ: Այդպես նաև Թբիլիսիի «Մարիոթը», որը քաղաքի ամենասքանչելի կառույցներից է, «Արֆաստո» կինոթատրոնը և այլն: Չենք նշում նաև այն հազարավոր ռուբլիների օգնությունը, որը նա նվիրաբերել է վրացական դպրոցների, եեղեցիների վերակառուցման գործին և ընդհանրապես արձագանքել վրաց իշխանությունների յուրաքանչյուր խնդրանքին` ոչ միայն ֆինանսապես, այլև հոգեպես կապվելով Թիֆլիսի հասարակական կյանքի կարևորագույն իրադարձություններին:

«Թբիլիսիի կենտրոնում դուք կտեսնեք Հեյդար Ալիևի կիսանդրին` «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, վրաց ժողովրդի բարեկամ» մակագրությամբ, սակայն Արամյանցը, Մանթաշովը և այլ նշանավոր հայեր, ովքեր կառուցել են Թբիլիսին, մեծ ներդրում են ունեցել քաղաքի բարգավաճման գործում, ոչ մի հիշատակություն  չունեն իրենց գործերի մասին,- նշում է Վահեն,- այնպես որ վրաց իշխանությունների ամպագոռգոռ արտահայտությունները հայ-վրացական բարեկամության մասին, կեղծ են, ընդհակառակը` նրանք հետևողականորեն ոչնչացնում են այն բոլոր հիշողությունները, որոնք կապում են Թիֆլիսը հայերի հետ: Երևի խանդն ու նախանձն են պատճառը…»:

Վահեն պատմում է, որ Թբիլիսիում ծանոթացել է մի մտավորականի հետ, ով ազնվորեն այսպես է արտահայտվել. «Երբ վրացիներն իրենց փողերը ծախսում էին ռեստորաններում ուտել-խմելու վրա, հայերը Թիֆլիս էին կառուցում…»: «Նա ազնիվ մարդ էր և ցավ էր ապրում, որ հայկական հիշողությունները պետական մակարդակով ոչնչացվում են Վրաստանում»,-ասում է պատմաբանը:

Շատերի մեջ գուցե տրամաբանական հարց առաջանա. իսկ Հայաստանում կա՞ արդյոք Արամյանցի անունը կրող փողոց, նրբանցք կամ որևէ ցուցատախտակ: Պարզվում է` ոչ: Այնուամենայնիվ, Վահեն հայտնեց, որ Երևանում ցանկանում են կառուցել հայ բարեգործների ճեմուղի, որոնցից մեկը կրելու է Արամյանցի անունը:

Երևի նաև շատ քչերը գիտեն, որ 1918 թ. մայիսի 28-ին, երբ Թիֆլիսում հռչակվել է Հայաստանի անկախությունը, դա տեղի է ունեցել Արամյանցի տանը. Ազգային խորհուրդը հենց նրա տանն է հավաքված եղել, և այնտեղ էլ հռչակվել է անկախությունը:

Արամյանցը շատ է օգնել նաև նորանկախ Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև ազատագրական շարժմանը` զենք, դրամ և այլ օգնություն տրամադրելով:

«Այսօր Արամյանցի կերպարը բացահայտելն ու ներկայացնելը շատ կարևոր է նախ նրանով, որ առաջին հերթին փշրվի ու կոտրվի կարծրատիպը` կապիտալիստի «կեղեքիչ ու արյունախում» կերպարը, որը երևում է ոչ միայն խորհրդային տարիների դասագրքերում ու գեղարվեստական գրականության մեջ, այլև հայ դասականների ստեղծագործություններում,- ասում է Վահեն,-բացի այդ, այսօրվա կապիտալիստի համար նրա կյանքն ու գործունեությունը ներկայացնելը ուսանելի է»:

Թբիլիսիի, Բաքվի օրինակը բերելով` Վահեն հիշում է. «Մանթաշովը, Մելիք-Ազարյանը, Թումանովներն ու Արամյանցը  Թիֆլիսն ու Բաքուն սարքեցին, սակայն մեզ դրանցից ոչինչ չմնաց. Մանթաշովից` մի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ և Էջմիածնի վեհարանը, իսկ Արամյանցից` Ախթալայի փոքր կալվածքը: Հետևաբար, մեր այսօրվա գործարարները, ովքեր իրենց բիզնեսը դրսում են դնում, պետք է հասկանան, որ դա կորած է, մերը չէ, միևնույն է, մեկ-երկու սերունդ հետո դա օտարին է մնալու: Իսկ կապիտալն իրենց երկրում դնելով` ոչ միայն ազգին ու պետությանը օգուտ կբերեն, այլև իրենց ժառանգներին ու անվանը: Եվ վաղը մեր սերունդները ստիպված չեն լինի ադրբեջանցուն, վրացուն համոզել, որ մոռացումից հանեն այդ արժեքները»:

Դիտվել է 6316 անգամ:
Print Friendly

Leave a Reply