Խորովածի փառատոն Ախթալայում. ժողովրդական տոնը կայացավ` չնայած որ եկեղեցին չօծվեց, պատարագ էլ չմատուցվեց

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 20, 2010 16:13

Սեպտեմբերի 19ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում ժողովրդական տոն էր. ըստ նախապես ներկայացված օրակարգի` նախ պետք է վերաօծվեր Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին` միջնադարյան հայ նշանավոր կոթողներից մեկը, ապա բացվեր Ամուսնական մատանիների հուշարձանը, հետո` տեղադրվեին եռալեզու տեղեկատվական վահանակներ, իսկ վերջում` տեղի ունենար Խորովածի փառատոնը:

Սուրբ Աստվածածինը չվերաօծվեց, և եկեղեցում պատարագ չմատուցվեց. քաղաքային իշխանության ներկայացուցիչները հրաժարվեցին որևէ բացատրություն տալ: Բացատրություն փորձեցինք ստանալ  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանից. վերջինս միայն հայտնեց, որ օծումը հետաձգվել է, իսկ թե ինչու՞, հրաժարվեց մեկնաբանել:

Տեղի բնակիչներից մեկի կարծիքով, եկեղեցու վերաօծումը չիրականացնելը պարտադրված էր վրաց իշխանությունների կողմից, այլապես ինչու՞ պետք է Մայր Աթոռը հետաձգեր այն: Հայտնի է, որ եկեղեցու վերաբերյալ «հավակնություններ» ունի նաև վրաց եկեղեցին, քանի որ տասներկուերորդ դարում Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին անցել է Իվանե Զաքարյանին, ով այն Հայ առաքելական եկեղեցուց վեր է ածել քաղկեդոնականի:

Ախթալայի միջնադարյան եկեղեցին չունի նաև գմբեթ ու խաչ, և այնտեղ կրոնական ծիսակատարություններ վերջին երկու հարյուր տարվա ընթացքում սկսվել են կատարվել միայն վերջերս, երբ փետրվար ամսից եկեղեցին հոգևոր հովիվ է ունեցել: Մինչ այդ տեղի բնակչությունը պսակադրության, կնունք-ծնունդի արարողություններն անցկացրել է հարակից շրջանների եկեղեցիներում:

Սուրբ Աստվածածնի հոգևոր հովիվ տեր Վիգենի խոսքով, եկեղեցին խաչ չունի, քանի որ գմբեթը վնասված է, իսկ խաչը պետք է տեղադրվի գմբեթի վրա: Քահանայի խոսքով, գմբեթն ավերվել է, հավանաբար, միջանադարում տեղի ունեցած որևէ երկրաշարժի հետևանքով.

«Էսքիզներ էլ չկան պահպանված, թե ինչպիսին է այն եղել,- ասում է տեր Վիգենը,-սակայն կան պահպանված քարի կտորներ, որոնցից ճարտարապետներն այժմ փորձում են ստանալ գմբեթի պատկերը: Թե ե՞րբ գմբեթի կառուցման աշխատանքները կսկսվեն, քահանան դժվարանում է պատասխանել, քանի որ ծախսերը շատ են և, ըստ նրա, մեկ հովանավորն էլ քիչ կլինի:

Չնայած որ եկեղեցին փետրվար ամսից ի վեր քահանա ունի, բնակիչները դեռևս պասիվ են, և կրկին, սովորության համաձայն, գնում են հարակից գյուղերի ու քաղաքների եկեղեցիներ:

«Հին սովորություններն այս եկեղեցում պետք է վերականգնվեն աստիճանաբար,-նշում է քահանան,-չէ՞որ այստեղ հայկական ծես չի իրականացվել շուրջ 200 տարի»:

Եկեղեցու գմբեթի կառուցման ու խաչի տեղադրման վերաբերյալ բնակչներից մեկը տրամաբանական հարց է բարձրացնում «Ինչ է, միջնադարում ավելի՞ հեշտ էր գմբեթ կառուցելն ու վրան խաչ դնելը, քան այսօր` տեխնիկայի զարգացման այս դարաշրջանում…»:

Ինչևէ, չնայած որ եկեղեցին չվերաօծվեց ու պատարագ էլ չմատուցվեց, այնուամենայնիվ, օրակարգով սահմանված մյուս միջոցառումները բարեհաջող ընթացան:

Ամուսնական մատանիների բացումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել բնակիչների շրջանում: Հուշարձանի ստեղծման գաղափարը Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանինն է, ով կարծում է, որ այն կխթանի Ախթալայում տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև շրջանի բոլոր նորապսկներին կբերի Ախթալա` Մատանիների հուշարձանի մոտ լուսանկարվելու:

Եկեղեցու շրջակայքում տեղադրվեցին եռալեզու տեղեկատվական վահանակներ, որոնց շնորհիվ այցելուները կարող են ծանոթանալ Ախթալայի ամրոցի պատմությանն ու կառուցվածքին` վանքը` երեք եկեղեցիներով, զանգակատունը, սրահն ու քարաշեն կացարանները, եկեղեցու հարուստ որմնանկարների պատմությա;նը ևայլն: Տեղեկատվական վահանակների տեղադրումն իրականացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը` Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի հետ համագործակցության շրջանակներում:

«Վահանակների տեղադրումը շատ կարևոր էր առաջին հերթին մեր` բնակիչներիս համար, քանի որ ապրելով այստեղ` միչև հիմա չգիտեինք էն բաները, որ գրված են վահանակների վրա, բացի այդ, սա կարևոր նշանակություն ունի նաև տուրիզմի զարգացման համար»,-ասում է Ախթալայի բնակիչներից մեկը:

Որքան էլ  որ տեղի բնակիչների ու իշխանությունների ցանկությունը մեծ է` Ախթալան Հայատանի զբոսաշրջության կենտրոններից մեկը դարձնելու և Ախթալայի բրենդը զարգացնելու հարցում, այնուամենայնիվ քաղաքն ունի խնդիրներ, որոնք ունեն պետական աջակցության կարիք:

«Ծնունդները պակասել են, դրա համար էլ քաղաքի ծննդատունը փակվել է,-ասում է Ախթալայի քաղաքապետը,-ում հնարավորությունը մի քիչ մեծ է, գնում է Երևանում ծննդաբերելու, իսկ մեծ մասը գնում է Ալավերդի»:

Ախթալայում տարեկան միջինը 30 ծնունդ է լինում, այդ պատճատով իշխանությունները նպատակահարմար չեն համարում քաղաքում ծննդատուն բացելը:

«Ախթալան չունի նորմալ հիվանդանոց,-ասում է Ախթալայի գլխավոր բժիշկը,- օպտիմալացման հետևանքով փակվել է հիվանդանոցի ստացիոնար մասը, և հիվանդանոցը ծառայում է` որպես առողջության առաջնային պահպանման կենտրոն»:

Ախթալան ունի երկու միջնակարգ դպրոց, որոնիցից մեկը, որը կրում է հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի անունը, համեմատաբար լավ վիճակում է գտնվում, իսկ մյուսն, ըստ դպրոցի տնօրեն Շուշանիկ Հոբոսյանի, անսպառ խնդիրներ ունի: 115 աշակերտ ունեցող դպրոցն անմխիթար վիճակում է` վերանորոգված չէ, կահավորված է մասնակի, շենքի կտուրից կաթում է, պատերը խարխուլ վիճակում են:

«Դպրոցն ունի 60 տարվա պատմություն, սակայն այդ ընթացքում միայն թեթևակի վերանորոգումներ  են տեղի ունեցել, և այժմ դպրոցն ունի հիմնանորոգման կարիք: Հուսով ենք, հովանավոր կլինի, և շենքը կվերանորոգվի»,-ասում է տնօրենը:

Եկեղեցու գմբեթի կառուցման համար հովանավոր է պետք, նորմալ հիվանդանոց ունենալու համար հովանավոր է պետք, դպրոցի շենքը վերանորոգելու համար հովանավոր է պետք. Ախթալայի բնակիչները հույսն ավելի շատ դրել են ոչ թե պետության, այլ մասնավոր հովանավորների վրա:

Իսկ 20-ամյա Աննա, որ սովորում է Ալավերդիի քոլեջում, շատ գոհ է, չի պատրաստվում Ախթալան լքել, սիրում է իր քաղաքը և կարծում է, որ այստեղ ևս զբաղմունք շատ կա ու հետաքրքիր է: Նա նաև  հուսով է, որ ավարտելուց հետո Ախթալայում անպայման աշխատանք կգտնի:

Օրվա կարևորագույն միջոցառումը, սակայն, Խորովածի փառատոնն էր, որն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Ախթալայի, այլև հարակից քաղաքների գյուղերի բնակիչներին: Փառատոնին մասնակցում էին ավելի քան 20 հմուտ խոհարարներ` այդ թվում նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Արդեն երկրորդ անգամ անցկացվող փառատոնն ավելի շատ համաժողովրդական տոն էր հիշեցնում: Խորովածի փառատոնին յուրովի մասնակցություն էին ունենում նաև տարբեր գյուղերի բնակիչներն, ովքեր խորոված էին անում, ուտում-խմում և հյուրասիրում բոլորին: Միջոցառումներն ընթանում էին բարձրաստիճան հայ և արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ, ժողովրդական երգ-երաժտության ներքո:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը, ով  Խորովածի փառատոնի հանձնաժողովի նախագահն էր, հայտնեց, որ տեղի է ունեցել բացառիկ արդար ընտրություն, և փառատոնի մասնակիցները պարգևատրվել են 8 անվանակարգերում: Հրեական, հունական և ուկրաինական համայնքների ներկայացուցիչների մեջ հաղթող է ճանաչվել հրեական համայնքը:

Ի դեպ, խոհարարը նշեց, որ այս տարի նաև նորարարություններ են եղել. օրինակ, ներկայացվել են ոչ միայն խորոված միս, այլև խորոված բանջարեղեն ու միրգ:

Սեդրակ Մամուլյանի խոսքով, փառատոնի արդյունքները ցնցող էին` չնայած որ  կազմակերպչական առումով շատ թերություններ կային.

«Նախ, փառատոնը համադրվել էր մի շարք այլ միջոցառումների հետ, բացի այդ, պատրաստ չէր փառատոնի կայքէջը, որպեսզի մասնակցության հրավեր ուղարկեինք նաև այլ երկների խոհարարների»,-ասում է խոհարարը:

Մամուլյանը հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարությունում փառատոնի անցկացման նպատակով ստեղծվել է կազմկոմիտե, և հաջորդ տարի կազմակերպչական խնդիրներն ավելի բարձր մակարդակով կլուծվեն, մասնակիցներ կլինեն նաև դրսից, և որ ամենակարևորն է` փառատոնը միջազգային բնույթ կկրի:

Ի դեպ, փառատոնի հաղթողները դեռևս չեն ստացել իրենց պատվոգրերն ու մրցանակները: Մամուլյանը հայտնեց, որ մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա առաջիկա օրերին` «Արարատ հոլ» ռեստորանում:

Դիտվել է 2445 անգամ:
Print Friendly

Leave a Reply