Մոսկվայում ձերբակալվել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը զբաղվում էր կենսահավելումների տարածմամբ` դեղերի անվան տակ: Խարդախների գործողություններից տուժածների թիվը, որոնց մեջ բազմաթիվ տարեց մարդիկ կան, հասնում է հազարների: Մայրաքաղաքում տեղակայված շուրջորյա հեռախոսային կենտրոնի միջոցով, որում աշխատում էր մոտ 200 մարդ, չարագործներն իրացրել են կենսաբանական հավելումներն իբրև հրաշագործ դեղորայք: Կենսահավելումների մի տուփը գնվել է 112 ռուբլով, վաճառվել` 32 հազարով: Որպես կանոն` գնորդները եղել են թոշակառու, վետերան, հաշմանդամ, որոնք, հավատալով խարդախներին, հաճախ կենսահավելումների համար զոհաբերել են իրենց ողջ խնայողությունները: Որոշ գնորդներ “սուպերդեղերի” վրա վատնել են մի քանի միլիոն ռուբլի, ընդ որում, մարդիկ անգամ վաճառել են բնակարաններ, ամառանոցներ և այլ գույք, որպեսզի հնարավորություն ունենան ձեռք բերելու կենսահավելումների խմբաքանակը: Կենսահավելումներն ինքնին անվնաս են, բայց որևէ օգուտ չեն տվել: Սակայն դրանք ընդունելիս նրանք, չարամիտների խորհրդով, հրաժարվել են դեղերից, ինչը հանգեցրել է տխուր հետևանքների: “Ներկայումս հայտնաբերվել է ավելի քան հազար տուժած, բայց մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ նրանք շատ ավելին են,- հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին մայրաքաղաքի ՆԳՎ-ի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության մամլո ծառայության ղեկավար Ֆիլիպ Զոլոտնիցկին:- Չէ որ անօրինական առևտրի կազմակերպիչները լայնորեն գովազդել են այն, այդ թվում և խոշոր ռադիոկայաններով: Կենսահավելումները տարածվել են ամբողջ երկրում, հնարավոր է, որ առաքվել են նաև հարևան երկրներ”: Խմբավորման երեք կազմակերպիչները ձերբակալված են: Անօրինական ցանցի մասնակիցների մի մասը, որոնք ընդհանուր հաշվով մի քանի հարյուրի են հասնում, արդեն ինքնախոստովանության ցուցմունք են տալիս: 30 քրեական գործ, որոնք նախկինում հարուցվել են կենսահավելումների անօրինական իրացման փաստով` “խարդախության” հոդվածով, այժմ միավորվել են:






Facebook
Tweet This
Email This Post
