Վանում թուրքերը հիացել են հայերի բեմադրած «Ախթամար» ներկայացմամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 20, 2010 13:30

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացված պատարագից հետո, Վանի երիտասարդության եւ սպորտի նահանգային վարչության դահլիճում համերգ է կայացել, որին մասնակցել են նաեւ Վանի պաշտոնյաները:

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Վանում կազմակերպված համերգի ընթացքում ելույթ է ունեցել Ստամբուլի Մարալ երաժշտախումբը եւ Հայաստանից ժամանած մենակատար Սամվել Գալստյանը:

Հայկական ազգային երգերն ու պարերը արժանացել են հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Իսկ «Աղթամար» երաժշտականացված պար-ներկայացումը ստիպել է դահլիճում գտնվող Վանի նահանգապետին բուռն ծափահարել:

Համերգի ընթացքում բուռն եւ ժամանակ առ ժամանակ հոտընկայս ծափահարությունների ուղեկցությամբ կատարվել են մի շարք հայ ազգային պարեր, այդ թվում` «Վաղարշապատ», «Մարդապար», Արդահանի «Նազ պարը», «Սասունի ժողովրդական պարը» եւ այլն:

Նշենք, որ Ստամբուլի «Մարալ» երգի եւ պարի համույթը ստեղծվել է 1980 թվականին: Ներկայումս համույթում ընդգրկված է 70 պարող:

Սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե հարյուրամյա դադարից հետո պատարագ է մատուցվել: Թուրքական իշխանությունները, սակայն, խաչ չեն տեղադրել եկեղեցու գմբեթին: Խաչը բերվել եւ տեղադրվել է եկեղեցու հարեւանությամբ: Դա պատճառ է դարձել, որ բազմաթիվ հայեր հրաժարվեն այցելել կղզի: Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտնել է, որ Վան այցելելու ցանկություն հայտնածների 90 տոկոսը հրաժարվել է իր մտքից՝ խաչը չտեղադրելու որոշումից հետո:

Հատկանշական է, որ հայ լրագրողների մի խումբ պատարագի ժամանակ փայտե խաչեր է բարձրացրել ի նշան բողոքի խաչը չտեղադրելու որոշման դեմ:

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ավարտված պատարագին մասնակցել է միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, չնայած նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ է հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:

NEWS.am

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply