Աղթամարի Սուրբ Խաչում սկսվել է պատարագը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 19, 2010 13:48

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում քիչ առաջ սկսվել է պատարագը:

Ինչպես Աղթամարից հայտել է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, եկեղեցու երկու կողմերին մեծ էկրաններ են դրված, որոնցով դրսում հավաքված բազմությունը դիտում է պատարագը:

Սուրբ Խաչ եկեղեցի են կարողացել մտնել միայն 55 հոգի, մյուսները կանգնած են դրսում:

Պատարագը մատուցում է Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Արարողությունը տեւելու է 3 ժամ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, կղզի են ժամանել մոտ 3000 մարդ: Մինչդեռ NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, կղզում մոտ երկու հազար մարդ է գտնվում: Զգացվում է, սակայն, Հայաստանից ժամանածների պակասը: Մոտավոր հաշվարկներով՝ պատարագին ամսնակցելու համար Հայաստանից Վան է ժամանել մոտ 200 մարդ: Թեեւ պատարագն արդեն սկսվել է, շատ նավեր շարունակում են մոտենալ կղզուն:

Ի դեպ, ի տարբերություն 2007 թվականի, երբ Սուրբ Խաչը վերանորոգումից հետո բացվեց եւ դրա շուրջբոլորը թուրքական դրոշներ էին ծածանվում, ինչպես նաեւ հյուրերին ողջունում էր Աթաթուրքի նկարը, ապա այժմ դրանք իսպառ բացակայում են։ «Կղզում որեւէ թուրքական դրոշ կամ Աթաթուրքի դրոշ այս անգամ չկա»,- հավաստիացրեց NEWS.am-ի թղթակիցը:Կղզում են նաեւ ոստիկանության, զինվորականության, արտակարգ իրավիճակների, ինչպես նաեւ շտապօգնության բազմաթիվ աշխատակիցներ: Աղթամարի երկնքում ռազմական ուղղաթիռներ են պտտվում, որոնք ապահովում են անվտանգությունը:

Պատարագը լուսաբանելու համար հավատարմագրվել են 185 լրագրողներ, որոնցից միայն 35-ն են արտերկրից: Լրագրողներ են ժամանել Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ֆինլանդիայից եւ այլ երկրներից:

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply