Առաջարկվում է ապրանքների գների անհիմն բարձրացման դեպքում խստացնել պատժամիջոցները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 18, 2010 21:13
Մի շարք հասարակական կազմակերպություններ պատրաստվում են դիմել Հայաստանի կառավարությանը` առաջարկելով ապրանքների գների անհիմն բարձրացման դեպքում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ խստացնել պատժամիջոցները: Ինչպես այսօր Մեծ Բրիտանիայի «Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի ու «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հկ-ի նախագահ Գագիկ Թորոսյանի հետ հրավիրած ասուլիսում նշեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հկ նախագահ Աբգար Եղոյանը, գների անհիմն տատանման դեպքում սպառողները զգալիորեն տուժում են, եւ ճիշտ չէ տնտեսվարող սուբյեկտին նախորդ տարվա եկամուտի 2 տոկոսի չափով տուգանելը:
Հասարակական կազմակերպություններն առաջարկում են տուգանքի չափը սահմանել 5-15 տոկոս: «Մենք նաեւ առաջարկում ենք հստակ հրապարկել այնպիսի տեղեկություններ, ըստ որոնց` պարզ կլինի, թե տնտեսվարող սուբյեկտը ինչ ժամանակահատվածի եւ որ ապրանքների համար է կիրառում գնաճը: Գաղտնիք չէ, որ դրամ-դոլար փոխարժեքի տատանման արդյունքում ապրանքների գների աճ է նկատվում նախկինում ներկրվածների նկատմամբ»,-ասաց Ա. Եղոյանը:
Ըստ նրա` այս գործընթացը պետք է թափանցիկ լինի: Հասարակական կազմակերպություններն առաջարկում են ստեղծել արտաբյուջետային հիմնադրամ եւ տնտեսվարող սուբյեկտների տուգանքից ստացված եկամուտի կեսը ներդնել այնտեղ: Հիմնադրամի միջոցները կտնօրինի ՀՀ կառավարությունը, որը մրցութային կարգով գումարը կտրամադրի քաղաքացիական հասարակությանը գների մոնիտորինգ իրականացնելու նպատակով: «Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը, «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն»-ը եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն»-ը իրականացրել են հետազոտություններ` պարզելու, թե որքանով է գնաճը եղել հիմնավորված եւ ինչ ազդեցություն է ունեցել սոցիալապես անապահով խավի վրա: 2010 թվականի մարտ-հունիսին իրականացված ուսումնասիրությունները ամփոփվել են:
Մինչեւ 2011թ-ի մարտը ուշադրության կենտրոնում են պահվելու գնային փոփոխությունները: Ուսումնասիրություների համաձայն` մարտ-հունիսին, եթե որոշ ապրանքատեսակների, մասնավորապես` շաքարավազի եւ բրնձի գնի բարձրացումից հետո իջեցում նկատվել է, ապա այլ ապրանքների գները բարձրանալուց հետո չեն նվազել: «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներկրվող ապրանքների դեպքում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունները հիմնականում փորձել են օգտվել դրամ-դոլար փոխարժեքի տատանումից: Այդ պարագայում սպառողը զգալիորեն տուժում է»,-ասաց Ա. Եղոյանը: Անդրադառնալով տնտեսական ճգնաժամի ազդեցությանը` Գ. Թորոսյանը նշեց, որ տրասնֆերտների կրճատումն իր դերը խաղացել է, որովհետեւ բազմաթիվ ընտանիքներում կան արտագնա աշխատողներ: Նա ողջունեց կառավարության հակաճգնաժամային ծրագրի իրականացումը` նշելով, որ շնորհիվ դրա երկրում աղքատությունը չի խորացել:






Facebook
Tweet This
Email This Post
