Ռուսաստանցի կնոջը չորս օր բռնաբարել են Կիպրոսում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 18, 2010 19:08
Cyprus Daily-ն հաղորդում է, որ Կիպրոսում հանգստացող մի ռուսաստանցի կին հայտնվել է հիվանդանոցում, քանի որ տեղացի մի բնակիչ մի քանի օր փակի տակ է պահել նրան և բռնաբարել: Կնոջը հաջողվել է փրկվել մորը հաղորդում ուղարկելու շնորհիվ, նա էլ պատահածի մասին հայտնել է դիվանագետներին:
Երկու շաբաթ առաջ 33-ամյա Ելենա Պ-ն զբոսաշրջիկային ուղեգրով ժամանել է Կիպրոսի Լիմասոլ առողջարանը: Մի քանի օր անց նա ծանոթացել է 42-ամյա տեղացի տղամարդու հետ: Նրանց մեջ վեճ է բռնկվել, որից հետո տղամարդը քարշ է տվել նրան քաղաքից դուրս գտնվող իր տունը և չորս օր շարունակ ծեծել ու բռնաբարել է:
Երջանիկ պատահականությամբ Ելենային հաջողվել է բջջային հեռախոսով հաղորդում ուղարկել Ռուսաստանում գտնվող իր մորը, որը դիմել է Նիկոսիայում ՌԴ դեսպանատանը: Դիվանագետներն անհապաղ տեղեկացրել են ոստիկանությանը, որի աշխատակիցներն արագ գտել են բռնարարի տունը, ձերբակալել նրան և ազատել դժբախտ կնոջը:
Ելենային տեղափոխել են Լիմասոլի հիվանդանոց: Բժիշկները հաստատել են բռնաբարության փաստը, սակայն հավատացրել են, որ վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն: Միաժամանակ նրանք մտավախություն ունեն` կապված Ելենայի հոգեկան առողջության հետ:
Ինքը` բռնարարը, նախկինում օրենքի հետ խնդիրներ է ունեցել, դատվել և բանտ նստել: Դատական լսումների ժամանակ նա փորձել է վնասել իրեն: Ինչպես հայտնում են, տղամարդը ցանկացել է դուրս թռչել պատուհանից: Այնուհետև նետվել է դահլիճի փայտե նստարանին ու անընդհատ գլխով խփել դրան` լաց լինելով ու բղավելով, որ հոգեկան խնդիրներ ունի, խնդրել է ոստիկաններին հանել ձեռնաշղթաները: Դրանից հետո դատավորը դադարեցրել է դատաքննությունը և շտապօգնություն կանչել: Ձերբակալվածին տարել են հիվանդանոց: Այնտեղ նրան հոգեբուժական փորձաքննություն է սպասում:
Սա նման առաջին դեպքը չէ, որ պատահում է ռուսաստանցիներին արտասահմանում: Այսպես, հուլիսին հնդիկ քաղաքական գործչին մեղադրանք ներկայացվեց ՌԴ 25-ամյա քաղաքացուհու բռնաբարելու համար, որը աշխատում էր “Գոա” հյուրանոցում: Զոհի ասելով` քաղաքական գործիչը ծանոթացել է իր հետ անցած տարվա դեկտեմբերին Կոլվա լողափի խրճիթում, այնուհետև իր մեքենայում խմեցրել է իրեն, ծեծել ու բռնաբարել:
Իսկ ամենաաղմկոտ դեպքը 9-ամյա ռուս աղջնակի բռնաբարությունն էր այս տարվա հունվարին: Տեղացի բնակիչը բռնաբարել է աղջկան, երբ վերջինս լողում էր ծովում, իսկ բռնարարի հանցակիցներն այդ ժամանակ շեղել են երեխայի մոր ուշադրությունը:






Facebook
Tweet This
Email This Post
