Աղթամար գնացող հայերը խթանում են Կարսի տնտեսությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 18, 2010 17:48

Առաջիկա կիրակի` սեպտեմբերի 19-ին, Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում իրականացվելիք պատարագին մասնակցելու համար Կարս ժամանած հայերը մեծ աշխուժություն են հաղորդել Կարսի առեւտրասպասարկման ոլորտին:

Աշխարհագրական դիրքի բերումով, Հայաստանից Վան մեկնողները անցնում են Կարսի միջով: Կարսում առկա պատմամշակույթային հուշարձանները նպաստում են, որ հայ զբոսաշրջիկները շատ ժամանակ եւ գումար ծախսեն Կարսի նահանգում:

Հետաքրքիրն այն է, որ Աղթամարի եկեղեցու պատարագին մասնակցելու համար ստամբուլահայ համայնքը եւս նախընտրել էր Վան մեկնել Կարսը տեսնելուց հետո, չնայած այն հանգամանքին, որ Կարսը չի գտնվում Ստամբուլ-Վան երթուղու ճանապարհին:

Աղթամարի Ս.Խաչի վերաբացմանը նախորդող օրերին, Կարսի հյուրանոցները, ռեստորանները եւ խանութները հայ զբոսաշրջիկների պակաս չզգացին: Հայ-թուրքական սահմանի բացմանը սպասող Կարսի բնակչությունը ոգեւորված էր՝ տեսնելով իրենց քաղաքում նման աշխուժություն: «Շատ հաճելի է տեսնել հարեւան երկրների քաղաքացիներին, մեր քաղաքում: Կարսի միապաղաղ կյանքին նոր լիցքեր հաղորդեցին: Զբոսաշրջիկները աջակցեցին Կարսի տնտեսությանը»-նման տեսակետ հայտնեց, մզկիթի վերածված Կարսի առաքելոց վանքի դիմաց նկարվող հայերին հետաքրքրությամբ նայող միջին տարիքի մի կարսեցի տղամարդ:

Կարսում ամենամեծ շահույթը հայ զբոսաշրջիկները ապահովեցին հյուրանոցային բիզնեսին: Կարսի միջին կարգի հյուրանոցներում ազատ համարներ գտնելը բավականին դժվար էր: Կարսի տուրիզմի ոլորտի աշխատակիցներից մեկի խոսքով՝ միայն սեպտեմբերի 16-17-ը, Կարսի հյուրանոցներում մնացել է 500-ից ավելի հայ, որոնց մեծ մասը ստամբուլահայեր են: Մեկ այլ հանգամանք եւս աչքի էր ընկնում, դա՝ ստամբուլահայերի հետ Կարս ժամանած Ստամբուլում աշխատող հայաստանցիներն էին, ովքեր նշեցին, որ մոտ 500 ԱՄՆ դոլար են վճարել, Աղթամարի Ս.Խաչի պատարագին մասնակցելու համար:

Դիտվել է 1683 անգամ:
Print Friendly

Leave a Reply