Մի´ սպանեք երեխային, նա ուզում է ծնվել ու ապրել

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | September 18, 2010 16:01

Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում տարեկան հազարավոր երեխաներ դեռ չծնված մահանում են`զոհ գնալով ծնողների անպատասխանատու և քմահաճ վարքին:

Մեր հասարակությունում դեռ չծնված սպանում են հատկապես աղջիկ երեխաներին և դա` հիմնականում` ամուսնու դրդմամբ: Իսկ այն երեխաներն, ովքեր ծնվում են ծնողների կամ ծնողներից մեկի կամքից անկախ, զրկվում են հայրական կամ մայրական խնամքից ու աջակցությունից: Ողջ կյանքի ընթացքում այդ երեխաներին հետապնդում է հասարակության դաժան նախատինքն ու  «ապօրինի զավակ» պիտակը, որը բազմաթիվ հարցերում խոչընդոտ է դառնում` խաթարելով նրանց ճակատագիրը:

«Ոսկե սարերի» խոստումները չքացան, երբ աղջիկը հայտնեց, որ հղի է

«Մինչև նրա հետ հանդիպելը կյանքին նայում էի վարդագույն ակնոցով: Ապրում էի, աշխատում` երազելով իմ ասպետի մասին: Եվ հանդիպեցի նրան` «սպիտակ նժույգով», բարձրահասակ, գեղեցկադեմ: Մեր սերը կարծես երազ լիներ, նա ինձ ոսկե սարեր էր խոստանում… Հանկարծ այդ ամենը խաթարվեց, երբ պարզվեց, որ հղի եմ զույգ երեխաներով: Իմանալով հղիության մասին` նա դարձավ գազան, ստիպում էր, որ երեխաներին հեռացնեմ: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում, մինչև որ ամեն ինչ ավելի չլրջացավ. Նա այլևս չէր ցանկանում հանդիպել, մինչդեռ նախկինում առաջարկում էր գնալ զագս և օրինականացնել մեր հարաբերությունները: Երեխաներս ծնվեցին` երկու հրեշտակ աղջիկ և տղա, բայց հայրը մեր կեղքին չէր…»:

«Անզուսպ» աղջիկը թանկ վճարեց իր վարքի համար

«Ես նոր էի ընդունվել համալսարան, երբ պատահական ծանոթացա համակուրսեցուս եղբոր հետ: Մենք շատ մտերմացանք: Այդ մտերմությունը վերաճեց սիրո: Իսկապես սիրում էի նրան և կարծում էի` նա հենց իմ երազների տղամարդն է: Ընկերուհիս հաճախ էր ինձ իրենց տուն հրավիրում և հաճախ էլ առիթ էր փնտրում, որ եղբոր հետ ինձ մենակ թողնի: Նրանց մայրը հենց սկզբից ինձ` որպես ազատամիտ ու անկախ աղջկա, չհամակրեց: Մի օր խնջույքից հետո գնացինք նրանց տուն: Տանը մարդ չկար: Մենք շամպայն խմեցինք, գրկախառնվեցինք, համբուրվեցինք և …

Ես հղիացա: Երբ արդեն հնարավոր չէր դա թաքցնել, այդ մասին հայտնեցի մորս, մայրս էլ` հորս: Այդ մասին ասացի նաև իմ սիրած տղային: Նա ոչինչ չպատասխանեց: Մեկ շաբաթ անց նրա մայրն ու մորաքույրը եկան մեր տուն, ամոթանք տվեցին ծնողներիս, որ ինձ պես անզուսպ աղջիկ են դաստիարակել, բայց ինձ տարան իրենց տուն: Մեկ ամիս էլ չէր անցել, երբ ամուսինս ինձ թողեց և մեկնեց` իբր զինվորական ծառայության: Ես հղի վիճակում մնացի մենակ, անպաշտպան: Նա հաճախ նամակ էր գրում, սակայն ամիսների ընթացքում նամակները հազվադեպ դարձան: Հասավ ծննդաբերության ժամանակը: Շատ դժվարությամբ ծննդաբերեցի, աղջիկ ունեցա: Ինչպես բոլոր մայրերը, ես էլ իմ բալիկին էի սպասում, բայց նրան չէին բերում: Վերջապես հայտնեցին, թե երեխան ծնվել է սրտի արատով: Մանկական սենյակի քրոջը խնդրեցի, որ թույլ տա փոքրիկիս տեսնեմ: Թույլ տվեց, որ միայն հեռվից տեսնեմ. Դա առաջին ուվերջին անգամ էր , որ տեսա նրան:

Երկու օր հետո ասացին, որ երեխային տեղափոխում են ուրիշ հիվանդանոց: Ինձ դուրս գրեցին: Մի քանի օր անց սկեսուրս շատ հանգիստ հայտարարեց, որ երեխան մահացել է : Դրա մասին հայտնեցի ամուսնուս: Նա նույնպես հանգիստ ընդունեց այդ լուրը` ասելով, թե ուրեմն այդպիսին էր ճակատագիրը:

Անցան ամիսներ: Իմ հանդեպ նրանց վերաբերմունքը չէր փոխվում: Դա արդեն ինձ համար անտանելի էր դարձել: Ամուսինս առաջարկեց, որ իրեն հորս տանը սպասեմ: Այդ կերպ նա հրաժարվեց ինձանից:

Հիմա, երբ արդեն երեք տարի է անցել, նոր եմ հասկանում, որ այդ պատմության մեջ սկեսուրիս մատն էր խառը: Նախ` հիվանդանոցից փոխանակման քարտը կորավ, հետո` երեխայի մահվան պատմությունը: Չէ՞ որ հիվանդանոցում պարտավոր էին մահացած երեխային ինձ ցույց տալ: Եվ մինչև հիմա սրտումս կասկած կա, որ գուցե իմ երեխան ողջ է, պարզապես նրան խլել են ինձանից: Թող Աստված դատի…»:

«Գումար առաջարկեց, որպեսզի երեխային վերացնեմ… »

«Աշխատում էի սոցիալական ապահովության վարչությունում: Այդ ժամանակ հաստիքների կրճատում էր սպասվում: Պետն ակնարկներ էր անում, ռեստորան էր հրավիրում: Զգում էի, որ աչքն ինձնից չի կտրում, և խուսափում էի նրա հետ մենակ մնալուց: Մարտի 8-ին աշխատողները խնջույք էին կազմակերպել: Ամբողջ երեկո նա ինձ հետ պարեց և վերջում ասաց, որ ինձ մեքենայով տուն կտանի: Խնդրեցի, որ նեղություն չքաշի, բայց նա մեքենայով մոտեցավ և առաջարկեց նստել: Ես էլ, որպեսզի աղմուկ չբարձրանա, նստեցի: Նա ինձ տարավ ոչ թե իմ, այլ իր առանձնատուն…

Հանկարծակիի եկավ, երբ բացահայտեց, որ կույս եմ: Ես հղիացա: Այդ մասին իմանալով` ինձ գումար առաջարկեց, որպեսզի երեխային վերացնեմ: Ես ստիպված հեռացա աշխատանքից, քանի որ չէի կարող հրաժարվել փոքրիկիցս: Տղաս ծնվեց:

Հիմա միայնակ մայր եմ և խնամում եմ որդուս: Մի օր հայտնվեց այդ պետ կոչեցյալը: Համոզում էր, որ թույլ տամ` տեսնի իր որդուն, բայց ես ոչ մի կերպ չհամաձայնեցի` ասելով, որ չեմ կարող մոռանալ մենակ անցկացրած դժվար օրերս: Նա լռեց ու հեռացավ: Ես ինձ վիրավորված ու անարգված եմ զգում»:

«Այնքան ծեծիր, որ երեխային կորցնի…»

«Երեք երեխաների մայր եմ: Մեր ընտանիքի նյութական վիճակը բավականին ծանր է, այնքան, որ հաճախ երեխաներիս առանց թեյ խմելու եմ պառկեցնում քնելու: Երևի կմտածեք, թե այդպիսի պայմաններում ինչու՞ եմ երեք երեխա ունեցել: Առաջնեկս աղջիկ էր: Ամուսինս պնդեց, որ երկրորդն ունենանք, գուցե տղա լինի: Երկրորդն էլ աղջիկ ծնվեց: Այդ ժամանակ նա կայուն աշխատանք չուներ: Չնայած հաղթանդամ ու աշխատունակ լինելուն, նա շատ ծույլ է, աշխատելու ցանկություն չունի: Մեկ-երկու օր օրավարձով աշխատելուց հետո էլի անցնում է մշտական պարապ վիճակին:

Իմ կամքից անկախ երրորդ անգամ հղիացա: Ամուսինս կտրականապես պահանջեց, որ հղիությունս ընդհատեմ` ասելով, որ միևնույն է, աղջիկ եմ ունենալու: Սկզբում ես էլ էի երկմտում, բայց հետո որոշեցի ունենալ: Ամուսնուս քույրն, իմանալով այդ մասին, ամուսնուս ներկայությամբ ամենաանվայել բառերով անպատվեց ինձ: Նրան միացավ նաև ամուսինս: Հետո քույրը խորհուրդ տվեց. «Այնքան ծեծիր, որ երեխային կորցնի…:

Դա ամուսնուս գլուխը մտավ: Առաջին անգամ ոտքով հարվածեց որովայնիս, իսկ երբ վայր ընկա, ոտքը դրեց դեմքիս և սպառնաց, որ եթե ունենամ այդ երեխային, կսպանի: Մի կերպ դիմացա հինգ ամիս: Հիվանդանոց գնալուց առաջ կարգադրեց, որ երեխային թողնեմ հիվանդանոցում: Մեկ շաբաթ հետո դուրս գրեցին, բայց ոչ ոք չեկավ ինձ ու երեխայիս տուն տանելու: Ստիպված էի հիվանդանոցից երեխայիս մենակ տուն տանել: Տանն ինձ դիմավորեցին վեճ ու կռվով: Երեկոյան ամուսինս հայտարարեց, որ ինքը տեղափոխվում է ծնողների տուն և կվերադառնա միայն այն ժամանակ, երբ նորածնին հանձնեմ հիվանդանոց կամ մանկատուն: Իմ վիճակն իրոք անտանելի էր, սակայն երեխայիս ոչ մեկին չէի զիջի:

Շնորհակալ եմ հարևաններիցս, որ այդ օրերին ինձ նեցուկ եղան: Հիմա փոքրիկս մեկուկես տարեկան է, բայց հորը չի տեսել: Երբեմն-երբեմն այդ հայր կոչվածը հարբած գալիս է, փողոցում կռիվ սարքում, պահանջում, որ փոքրիկին հանձնեմ մանկատուն: Հիմա էլ սկսել է հոխորտալ, թե երրորդի հայրն ինքը չէ, այնինչ երրորդ աղջիկս շատ նման է իրեն, ոնց որ մի խնձորը երկու կես անես: Ես դեռ չեմ կորցրել հույսս, որ ամուսինս խելքը գլուխը կհավաքի, տուն կգա և մենք միասին կմեծացնենք մեր երեք դուստրերին»:

Պատմությունները տրամադրել է «Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

Դիտվել է 2717 անգամ:
Print Friendly

Leave a Reply