Հայաստան՚ համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի միջոցներով վերանորոգվել է Աբովյան քաղաքի ծննդատունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 18, 2010 15:51

Հայաստան՚ համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի միջոցներով (բարերար` Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյաններ) հիմնանորոգվել է Աբովյան քաղաքի ծննդատունը, որն արժեցել է շուրջ 46 միլիոն ՀՀ դրամ:

Նիկողոսյանների նվիրատվությունը կատարվել է ի հիշատակ իրենց ծնողներ Գալուստ եւ Վերոնիկա Վարդանյանների եւ քրոջ` Ֆիլոր Վարդանյանի:

Այս առիթով տեղի ունեցած բացման արարողությանը ներկա էին ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ առողջպահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանը, Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների ներկայացուցիչ Գեւորգ Քեորհաջյանը եւ այլոք:

Առինջ գյուղի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Սարգսյանը կատարեց ծննդատան օրհնության կարգ եւ մաղթեց, որ ծննդատունը բազմաթիվ առողջ ծնունդներ ունենա:

Շահագործման 25 տարիների ընթացքում հիվանդանոցը չէր վերանորոգվել: Հատկապես մանկաբարձական բաժանմունքը` վիրահատարանը, ծնարանները եւ անհաս նորածինների հսկողության պալատը, գտնվում էին անմխիթար վիճակում: Հիմնադրամի իրագործած ծրագրի շրջանակներում վերանորոգվեց հիվանդանոցի երրորդ հարկում տեղակայված ծննդաբերական բաժանմունքի ավելի քան 660 մ.քառ.մակերեսով տարածքը:

Հիվանդանոցի տնօրեն Լարիսա Մադոյանն իր շնորհակալական խոսքում մասնավորապես նշեց. ՙՀիմնադրամը շատ կարեւոր գործ է կատարել հիմնովին նորոգելով մի բաժանմունք, որտեղ մեր նորածիններն են լույս աշխարհ գալիս՚: Տիկին Մադոյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի 50-ով ավել ծնունդ են ընդունել, ինչն ուրախալի միտում է: 2011 թվի հունվար-փետրվար ամիսներին առողջապահության նախարարությունը համաշխարհային բանկի ծրագրերից մեկի շրջանակներում ծննդատունը կապահովի անհրաժեշտ կահույքով եւ սարքավորումներով:

Այստեղ տարեկան իրականացվում է շուրջ 350 վիրահատություն, 1700 հղիների կոնսուլտացիա, շուրջ 3300 հիվանդի ամբուլատոր սպասարկում եւ 1500 ծնունդ: Հիվանդանոցն ունի 35 բժիշկ եւ ավելի քան 80 հոգանոց սպասարկող անձնակազմ:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց. ՙԱյն բարերարները, ովքեր նպատակային հատկացումներ են անում առողջապահական ծրագրերի իրականացման համար, քաջ գիտակցում են, որ մեր ազգի հետագա հաջողությունն ու առաջընթացը, նախեւառաջ, կապված է մարդու առողջության հետ՚:

Հիշեցնենք, որ 2009-ի հոկտեմբերին Մոնրեալի տեղական մարմնի կազմակերպած ճաշկերույթին հանգանակվեց երկու ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ գումար: Հիմնադրամի նվիրատու անդամներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների նվիրաբերած 100 հազար ԱՄՆ դոլարն ուղղվեց Աբովյանի հիվանդանոցի վերանորոգմանը, իսկ ճաշկերույթի մասնակից այլ 200 կանադահայերի հանգանակած գումարը` Լոռու մարզի Արծնի համայնքի գյուղապետարանի նորոգմանը:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply