ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 18, 2010 15:46

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ս.թ. սեպտեմբերի 17-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների հրապարակած և Youtube ցանցում տարածված՝ իբր թե հայկական դիվերսիոն խմբի անդամներից մեկի` Մ.Սարիբեկյանի հետ անցկացված հարցազրույցի տեսագրության մեջ հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Մ.Սարիբեկյանը ս.թ. մայիսին ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում և ՀՀ հատուկ ծառայությունների հետ որևէ կապ չունի: Կորած անասուններին որոնելիս մոլորված հովվին որպես դիվերսանտ ներկայացնելը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է: Տեսանյութի մասնագիտական փորձաքննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն իրականացվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման և հատուկ միջոցների կիրառման ներքո:

Ադրբեջանի իշխանությունների հերթական ապատեղեկատվությունը նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը շփման գծում, մոլորության մեջ գցել միջազգային հանրությանն ու սեփական հասարակությանը` կոծկելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող ռազմական հանցագործությունները, այդ թվում` դիվերսիոն գործողությունների տապալված փորձերը:

Ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեսանյութը` ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 14-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 11-րդ հոդվածը և այլն:

Հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունը Ադրբեջանի իշխանությունների նմանատիպ գործողությունների վրա:

Մ.Սարիբեկյանի ծնողների` ԿԽՄԿ-ին ուղղված համապատասխան դիմումին զուգահեռ նման տեսանյութերի հրապարակումը խոսում է միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների արհամարհական վերաբերմունքի մասին և կասկածի տակ է դնում համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից դրանց կիրառման արդյունավետությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ակնկալում է այդ կառույցների համապատասխան գործողությունները՝ Ադրբեջանի կողմից նման քայլերը կանխելու համար:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply