Խնկո Ապոր գրադարանում հետ են ընդունում բաժանած գրքերը. վերանորոգումը սկսել է

Օրվա լուր | | July 13, 2009 19:11

khnkoaperԽնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ընթերցասերները սեպտեմբերից նոր ու բարեկարգ գրադարան են ունենալու. վերանորոգման աշխատանքները սկսել են:

Այս պահին գրադարանում հետ են ընդունում բաժանած գրքերը և փոքրիկ ընթերցողներին գրքեր չեն տալիս: Շինարարներն ասում են, որ ամեն ինչ կանենք, որ աշխատանքներն ավարտեն սեպտեմբերին և ընթերցասեր դպրոցականները գիրք կարդան գեղեցիկ ու լուսավոր, վերանորոգված ընթերցասրահներում:

Գրադարանի տնտեսական մասով փոխտնօրեն Ժաննա Ավետիսյանի խոսքով` պետբյուջեի ֆինանսավորմամբ  2007-ին սկսած շինարարական աշխատանքները կանգ էին առել տնտեսական ճգնաժամի հետևանքով, հասցրել էին վերանորոգել միայն 4 հսկա գրապահոց, որտեղ պահում են մոտ կես միլիոն գիրք: Նախորդ տարի շինարարները ավարտել են նաև շենքի շրջակայքի ջրամեկուսացման աշխատանքները:

Այժմ  նախատեսվում է հիմնովին վերանորոգել գրադարանի 2-րդ, 3-րդ, 4-5 հարկերի ընթերցասրահները, փոխել պատուհանները, դռները, սանհանգույցները: Նախատեսվում է նաև թարմացնել ընթերցասրահների պատերին արված հեքաթների թեմայով նկարները:

Գրադարանի շինարարական աշխատանքերի վերսկսումը ՀՀ նախագահի հանձնարարականով է եղել, երբ Սերժ Սարգսյանը նախորդ ամիս ղեկավարում էր Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը:

Նախագահը հանձնարարել էր նաև ֆինանսների նախարարությանը` 2010թ. պետբյուջեում ներառեն Հանրային և Խնկո Ապոր անվան մանկական գրադարանների համար մնացած բոլոր ծախսերը: Այս երկու գրադարանների վերանորոգման համար պետբյուջեի միջոցներից նախատեսված է հատկացնել ավելի քան 1 մլրդ 200 մլն դրամ: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի` ներառյալ մարզերի գրադարանների վերանորոգման համար Հայաստանի միջնաժամկետ ծրագրով նախատեսված է շուրջ 2.5 մլրդ դրամ:

Դիտվել է 2093 անգամ:
Print Friendly

Leave a Reply