Հայաստանում ավելացել է մանկական նյարդային և հոգեկան հիվանդությունների թիվը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 18, 2010 14:56
Վերջին տարիներին Հայաստանում աճել են մանկական հոգեկան և նյարդային հիվանդությունները. այս մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկական նյարդաբան Շուշան Ստեփանյանը: Նրա խոսքով` հիվանդությունների թվի աճը պայմանավորված է վերջին տարիների հասարակության սոցիալ-հոգեբանական վիճակով: Մասնագետը նշում է, որ դեր ունի նաև հիվանդության ախտորոշման մեթոդների կատարելագործումը` նախկինում շատ դեպքերում հիվանդությունը հնարավոր չէր ախտորոշել:
Ստեփանյանը նշում է, որ էպիլեպսիա հիվանդությունը կարող է դրսևորվել անգամ մի քանի օրական երեխաների մոտ, բայց ավելի հաճախ դրսևորվում է պատանեկան տարիքում:
Ստեփանյանը նշում է, որ հիվանդության ախտաբանության մեջ հիմնական դերը ժառանգականությանն է` եթե ընտանիքում մեկը էպիլեպսիայով հիվանդ է, հավանականությունը շատ մեծ է, որ հիվանդությունը ժառանգաբար կփոխանցվի նաև ընտանիքի նորածին անդամներին:
Նյարդաբանը, որպես հիվանդության հնարավոր պատճառ, մատնանշում է նաև արտաքին գործոնը` մինչծննդաբերական և հետծննդաբերական ժամանակահատվածում:
Ստեփանյանն ասում է, որ էպիլեպսիան կարող է դրսևորվել և ցնցումներով և առանց ցնցումների:
Մանկական հոգեբույժ Մարինա Արսենյանն էլ նշում է, որ ցնցումներով ուղեկցվող էպիլեպսիայի նոպաների նախանշանները կարող են ի հայտ գալ ցնցումից մի քանի ժամ, անգամ մի քանի օր առաջ: Այս փուլում հիվանդը դառնում է դյուրագրգիռ, տրամադրությունը հաճախակի և կտրուկ փփոխվում է, ունենում է գլխացավ և գլխապտույտ: Նախանշանային փուլին հաջորդում է աուրայի փուլը, երբ հիվանդը գիտակցության կորստի վիճակում է, բայց կարող է նաև ունենալ տեսապատրանքներ, որոնցում գերակշռում են կարմիր, կապույտ գույները:






Facebook
Tweet This
Email This Post
