Ջավախահայ ուսուցիչներին ազատում են գործից` առաջարկելով պատճառն իրենց մեջ որոնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 18, 2010 14:11
Ջավախքն այսօր ապրում է իր պատմության մի շատ բարդ շրջան կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես կրթական ոլորտում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նա հայտնել է նաեւ, որ մի քանի օր առաջ ծանոթացել է հայկական դպրոցների դպրոցական ծրագրին` նշելով, որ չնայած նրան, որ կրթության նախարարությունը խոստացել էր չավելացնել վրացերենի դասաժամերը հայոց լեզվի ժամերի հաշվին, սակայն չկատարեց խոստումը: «Եթե նախկինում հայոց լեզվի դասաժամերը շաբաթական 8 էին, իսկ վրացերենին հատկացվում էր 3 ժամ, ապա այժմ հայոց լեզվի ու վրացերենի դասաժամերի քանակը հավասարվել է եւ կազմում է շաբաթական 5 ժամ»,-ասել է Ռստակյանը:
Իր հերթին «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը նշել է, որ ուսումնական ծրագրերի փոփխությունները նպատակ ունեն դուրս մղել հայերին Ջավախքից: Թորոսյանը հաղորդել է նաեւ, որ հայոց լեզվի, ինչպես նաեւ պատմության շատ ուսուցիչներ ազատվել են աշխատանքից առանց որեւէ բացատրության: «Պատճառը նրանց խորհուրդ են տվել որոնել իրենց մեջ»,-ասել է Շիրակ Թորոսյանը:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե մտադիր են արդյոք ուսուցիչներն ինչ-որ միջոցներ ձեռնարկել, Թորոսյանն ասել է, որ անիմաստ է որեւէ տեղ դիմել, քանի որ դա հրաման է վերեւից:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք այդ դեպքում մասնավոր դպրոցներ բացել, նա ասել է, որ այդ հարցում կարող են ֆինանսական դժվարություններ լինել:






Facebook
Tweet This
Email This Post
