Դպրոցականներն իրականացրել են Հայաստանի գետերի և վտակների ջրի մոնիթորինգ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 18, 2010 12:38

Հայաստանի ամենամաքուր գետը Արագածի լանջերից սկիզբ առնող Քասախն է. նման եզրակացություն են կատարել հայ դպրոցականները, ովքեր ջրի մոնիթորինգ են իրականացրել «Հայաստանի գետերի և վտակների կենսաբազմազանության ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում:

200 վայրերում կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ  գետերն հիմնականում ունեն երկրորդ և երրորդ կարգի աղտոտվածություն ըստ հինգ բալանի համակարգի, որոշ տեղերում գրանցվել է անգամ 4-րդ և 5-րդ կարգի աղտոտվածություն:  Աշակետները պարզել են, որ առվակները սովորաբար մաքուր են, օրգանական ազդեցությունը թույլ է, սակայն գետերը, որոնք հոսում են համեմատաբար մեծ քաղաքներով, ինչպիսին է Երևանը, մասամբ ավելի լուրջ ազդեցության են ենթարկիվում:

Օրինակ` Հրազդան գետի ջրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գետն ունի երկրորդից մինչև  5-րդ կարգի աղտոտվածություն. գետին «փրկության» է գալիս  նրա  ինքնամաքրման կարողությունը:

9-15-ամյա 1200 դպրոցականների և 120 ուսուցիչների ներգրաված այս նախաձեռնությունը, որն իրականացնում է Գերմանիայի տեխնիկական համագործակցության (ԳՏՀ) Կենսաբազմազանության կայուն կառավարում ծրագիրը, նպատակ ունի  ստեղծել բնապահպանական կրթության

Ջրի մոնիթորինգի արդյունքները Երևանում

գործնական մոդել` դպրոցներում ներդրելու համար, ինչպես նաև կրթել երիտասարդներին, խթանել գետերի և վտակների` որպես կենդանի էկոհամակարգերի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ամրապնդել երեխաների և բնության միջև եղած կապը, խրախուսել նրանց` դառնալ բնության իրական պաշտպաններ:  Կրթական նպատակներից բացի նախաձեռնությունը նպատակ ունի նաև ստանալ Հայաստանի գետերի և վտակների ջրի որակի  ամփոփ համապատկերը:

Գարնանը  դպրոցների և էկո-ակումբների ուսուցիչները մասկակցել են համապատասխան վերապատրաստման դասընթացների: Ինչից հետո կազմակերպվել են էքսկուրսիաներ դեպի  տվյալ համայնքի մոտակա գետեր և առվակներ, որտեղ էլ երեխաները ուսումնասիրել են գետի կենսաբազմազանությունը և ջրի որակի մասին եզրակացություն կատարել:

Հայաստանում  Գերմանիայի Ֆեդերատիվ հանրապետության դեսպան Յոխեն Շմիդթը  կարևորում է երիտասարդների բնապահպանական կրթությունը: Նրա խոսքով` երեխաների մոտ բնության պահպանության գիտակցությունը պետք է զարգացնել սկսած այն պահից, երբ երեխան սկսում է հասկանալ աշխարհը:  Շմիդթը նշում է, որ  հաճախ բախվում են մի կողմից տնտեսական շահերը մյուս կողմից բնապահպանական: «Վտանգավոր է առաջ քաշել միայն տնտեսական շահերը,- ասում է Գերմանիայի դեսպանը,- Շատ դժվար է ապահովել կենսաբազմազանության պահպանումը, սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ բնության խնդիրների անտեսումը հեռանկարային քաղաքականություն չէ: Հուսով եմ, որ Հայաստանը կկարողանա հաղթահարել այս ոլորտի մարտահրավերները»:

Դեսպանը որպես կարևոր բնապահպանական խնդիրներ Հայաստանում մատնանշեց Ախթալայի պոչամբարի, Սևանա լճի հիմնախնդիրները:

«Երկիրը ծածկված է պոչամբարներով և հիմա ավելի է  ակտիվանում գործընթացը. Կառավարությունն ուզում է նոր` ընդերքօգտագործման նախարարություն ստեղծել,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը:-  Այս ուսումնասիրությունը գալիս է մեկ անգամ ևս ապացուցելու, որ այսպես շարունակել չի կարելի. պետք է կանխենք բնության աղտոտումը`  կարգի բերենք բնությանը  սպառնացող պոչամբարները, հետո նոր մտածենք նորերի ստեղծման մասին»:

Կրթության ազգային ինստիտուտի փորձագետ Մելանյա  Դավթյանն ասում է, որ բնապահպանական կրթության քարոզարշավի ընթացքում երեխաները դարձել են իսկական հետազոտողներ. «Այս երեխաներն այլև չեն ասի, յախկ, էս ի՞նչ միջատ է: Այլ կարող են տարբերակել`  տվյալ միջատը կեղտոտ, թե մաքուր միջավայրում է ապրում` պատկերացում կազմելով նաև այդ միջավայրի մաքրության մասին»:

«Երևակ» կրթահամալիրի ուսուցիչ Դոլորես Ղափանցյանն էլ նշում է, որ ծրագրին մասնակցած աշակերտներն արդեն գործնական աշխատանքների միջոցով հասկացել են, որ գետը կենդանի էկոհամակարգ է և այն պետք է պահպանել:

Քարոզարշավի շրջանակներում հայտարարվել էր նաև «Գետերը` կենդանի էկոհամակարգեր» մրցույթը: Ժյուրին մրցանակի արժանացրեց հինգ աշխատանք: Հաղթողներին`  Դիլիջանի արևորդի էկո-ակումբի սաներին, Երևակ կրթահամալիրի, Օհանյան վարժարանի, Ջերմուկի թիվ 1 դպրոցի և Տաթևի թիվ 1 դպրոցի ներկայացուցիչներին շնորհվեց մանրադիտակ:

Դիտվել է 2487 անգամ:
Print Friendly

Leave a Reply