Մեկնարկել է «Վերարտադրողական առողջության ժամանակակից տեսակետները» խորագրով կոնֆերանսը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2010 10:24

Մեկնարկել է «Վերարտադրողական առողջության ժամանակակից տեսակետները» խորագրով 7-րդ կոնֆերանսը, որը կազմակերպել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Կոնֆերանսին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ողջույնի խոսքում նախարար Քուշկյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը նպաստում է մեր երկրում վերարտադրողական բժշկության զարգացմանը, որ Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները ներդրվել են նաև Հայաստանում և այդ առումով որոշակի փորձ կա:

«Վերարտադրողական առողջության բարելավման խնդիրները կառավարության ուշադրության ներքո են գտնվում և մենք շարունակաբար ջանքեր ենք գործադրում այս ոլորտում բուժօգնության բարելավման, որակի ու մատչելիության բարձրացման ուղղությամբ:

Չնայած վերջին տարիներին ծննդօգնության ոլորտում արձանագրված մեր հաջողություններին, ծնունդների թվի աճին, այնուամենայնիվ այդ ոլորտում մենք դեռևս ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց լուծումը կստանան նաև նմանատիպ համաժողովների միջոցով»,- ընդգծել է նախարարը:

Հարություն Քուշկյանը կարևորել և բարձր է գնահատել վերարտադրողական բժշկության բնագավառում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների փորձը և Հայաստանին մատուցած ծառայությունները:

Մեր երկրին ցուցաբերած մասնագիտական, մարդկային ու նյութական երկարամյա աջակցության, Հայաստանում վերարտադրողական առողջության և ծննդօգնության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար նախարար Քուշկյանը Փարիզի V համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ոսկե հուշամեդալով:

Կոնֆերանսի ընթացքում հնչել են վերարտադրողական բժշկության բնագավառում առկա խնդիրները, արձանագրված հաջողությունները, մասնակիցները ծանոթացել են նաև ոլորտի վերջին նվաճումներին:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply