…այլևս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ իմ համոզմամբ և Աստծո օրհնությամբ ստանձնած սուրբ գործը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2010 22:01

Վերջին օրերին խորհրդարանի կուլիսներում և մամուլում լայն արձագանք է գտել Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը և դրան հետևած ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի անակնկալ գրավոր հայտարարությունը, որով նա հրաժարվեց Դալլաքյանների ընտանիքի քավորությունից: ՙԻնձ չափազանց վշտացրեց, եթե կուզեք՝ զայրացրեց ՙնույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ՚ արտահայտությունը, քանզի, որպես ԲՀԿ քաղխորհրդի անդամ և պատգամավոր, ես պաշտպանում եմ այն սկզբունքներն ու մոտեցումները, այն հրամայականները, որոնց կրողն է ԲՀԿն, և որն ինձ հոգեհարազատ է: Նման պիտակի արժանանալու դեպքում այլևս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ իմ համոզմամբ և Աստծո օրհնությամբ ստանձնած սուրբ գործը՚,-ասված էր Վ.Բոստանջյանի հայտարարության մեջ:

Վիկտոր Դալլաքյանը ԱԺ ամբիոնից ընդամենը մեջբերումներ էր արել Ալեքսանդր Շիրվանզադեից, մասնավորես, հիշատակելով հետեւյալ տողերը. ՙԵվ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջև սողունի պես ստորանում են, ոտներն են լիզում իրենց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ՚: Այս անհասցե մեջբերմանը, նախ, ԱԺ ամբիոնից անմիջապես արձագանքեց ԲՀԿական Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, թե շատ կցանկանար, որ մեր երկրում լինեին այնպիսի բարեգործներ, ինչպես նշել է Շիրվանզադեն և ինչպիսին է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա` հաջորդեց Վ.Բոստանջյանի վերոհիշյալ հայտարարությունը:

Ըստ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար և կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի, երկու պատգամավորներն էլ կենսափորձ ունեցող քաղաքական գործիչներ են և տարիներ շարունակ համատեղ աշխատել են: ՙԻնձ համար նման վեճերն ընդունելի չեն: Իհարկե, կարելի է նաև ասել` անձնական բռնկումներ են, բայց քաղաքական դաշտի վրա ազդեցություններ ունեն: Ես սխալ եմ համարում նման մոտեցումները, դիրքորոշումները և անորոշ հայտարարությունները, նաև` անորոշ հայտարարությունների պատասխանները՚,- ասաց նա` մեր խնդրանքով մեկնաբանելով իր նախկին երկու կուսակիցների միջև կատարվածը:

ՙԵս ընդունում եմ, որ կարելի է նաեւ կարծիք հայտնել, բայց կարծիքը զգայական դարձնելը քաղաքականության համար, կարծում եմ, ընդունելի չէ՚,-ասաց Գ.Սահակյանը` նշելով, որ դա, մասնավորապես, վերաբերում է Վ.Բոստանջյանի` քավորությունից հրաժարվելուն:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply