ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձման արարողության ժամանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2010 21:26

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտահերթ ընդհանուր ժողովում, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած հեղինակավոր գիտնականներ, շվեյցարացի հայտնի աստղաֆիզիկոս Միշել Մայորին ու նրա գիտական խմբի անդամներ Գարիկ Իսրայելյանին եւ Նունո Սանտոսին է հանձնել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը: Մրցանակը հիմնվել է ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 16-ի հրամանագրով: Այն նպատակ ունի հավերժացնելու մեծ աստղաֆիզիկոսի հիշատակը եւ խթանելու նրա գիտական ժառանգության զարգացումը: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ` աստղաֆիզիկայի եւ դրան հարակից բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար: Մրցանակային ֆոնդը 500,000 ԱՄՆ դոլար է:

Շնորհավորելով մրցանակակիր գիտնականներին`Հանրապետության ղեկավարը նշել է.

Ուրախ եմ, որ մեր մրցանակը գտել է իր առաջին արժանավոր դափ­նե­կիր­ներին: Ես սրտանց շնորհավորում եմ նրանց այս հաջողության համար և մաղթում գիտական նոր բացահայտումներ: Սրանով, հարգելի´ մրցա­նա­կակիրներ, մենք ցանկանում ենք ոչ միայն գնահատել ձեր կատարած աշ­խա­­տանքը, այլև հասարակական լայն հնչե­ղություն հաղորդել գյուտերին, որոնք ունեն համամարդկային նշանակություն ”:

Հանրապետության ղեկավարի խոսքով, Վիկտոր Համբարձումյանի անունը կրող մրցանակը պետք է խթանի գի­տու­թյան զարգա­ցումը, ինչպես նաև արժանի լինի հայ գիտնականի ու հայրե­նա­սերի հանճարի մեծու­թյանն ու հիշատակին: Նախագահի հավաստմամբ, մեծ հեռանկարի մեջ այն հզոր ազդակ է հաղորդելու նաև հայ­կական աստղագիտության և ընդհանրապես գիտության վերելքին£-0-

(Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն ամբողջությամբ կցվում է)

Տիկնա´յք և պարոնա´յք,

Հարգելի´ մրցանակակիրներ և հյուրեր,

Այսօր ինձ համար մեծ պատիվ և հաճույք է հանձնել Վիկ­տոր Համբար­ձում­յանի անվան միջազգային մրցանակը: Սա նոր երևույթ է մեր իրակա­նության մեջ: Եվ այն վկայում է Հայաստանի` դեպի աստ­ղա­գի­տություն, աստղաֆիզիկա և հարակից գիտություններ ունեցած մեծ հետա­քրքրության մասին, այն մասին, թե մեր հասարակական գիտակցության ու կարծիքի մեջ որքան կարևոր են նվաճումներն այս բնագավառում: Այդ կար­ծիքն ու գիտակցու­թյունը մեզանում ձևավորող ամենախոշոր անհատակա­նու­թյունը համաշխարհային հռչակ և հեղինակություն ունեցող աստղագետ Վիկ­տոր Համբարձումյանն էր` իր ստեղծած Բյուրականի աստղադիտարանով և հիմնած դպրոցով: Հենց նրա բացառիկ կերպարն էր, որ բազմաթիվ հայ երի­տասարդների համար դարձավ ոգեշնչող օրինակ, և նրանք ընտրե­ցին աստ­ղագետի ու աստղաֆիզիկոսի մասնա­գիտությունները` հետագայում արձա­նագրելով լուրջ հաջողություններ միջազգային ասպարեզներում:

Աստղագիտության պատմության օտար մասնագետներն առաջինն էին, որ պատմա­կան Հայաստանի տարածքը համարեցին աստղագիտության ծագ­ման օջախ, աստղագի­տու­թյան հայրենիք, ապա նոր փաստարկ­նե­րով նրանց միացան նաև հայ ուսումնասիրող­ները: Հայաստանում քիչ չեն այն վայ­րերը, որոնք մասնագետների կողմից մեկնաբանվում են որպես հնագույն աստ­ղադի­տարաններ: Հեռավոր նախնիների գործի փայլուն շարու­նակողներն են Վիկտոր Համբարձումյանն ու աստղագիտության հայկական դպրոցի մյուս ներկայացուցիչները:

Ուրախ եմ, որ մեր մրցանակը գտել է իր առաջին արժանավոր դափ­նե­կիր­ներին: Ես սրտանց շնորհավորում եմ նրանց այս հաջողության համար և մաղթում գիտական նոր բացահայտումներ: Սրանով, հարգելի´ մրցա­նա­կակիրներ, մենք ցանկանում ենք ոչ միայն գնահատել ձեր կատարած աշ­խա­­տանքը, այլև հասարակական լայն հնչե­ղություն հաղորդել գյուտերին, որոնք ունեն համամարդկային նշանակություն: Մեր պրագ­մատիկ դարաշրջանում նոր արտաարեգակ­նային մոլորակների, նրանց կենտրոնական աստղերի հայտնաբերումն ու բնութագրումը, որոնք ուղղակիորեն կապված չեն անմիջա­կան շահ և ֆինանսական օգուտ ստանալու հետ, կարող են շատ ռոմանտիկ զբաղմունք համարվել, բայց մենք համոզված ենք, որ հենց նման գիտական նվաճումներն են, որ մեծ հաշվով ընդլայնել են մեր իմացության սահմանները, ինչպես նաև առաջ մղել մարդկային քաղաքակրթությունը:

Հաճախ կամ հազվադեպ երկնքին նայում են բոլորը, բայց կան մարդիկ, ովքեր, երկնքին նայելիս տեսնում են շատ ավելին, քան մենք: Այսօր այս սրա­հում մենք շնորհավորում և մեծարում ենք հենց այդպիսիններին` Ժնևի համալ­սա­­րանի պրոֆեսոր Միշել Մայորին և իր գիտական խմբին, ովքեր տեսան և աշ­խարհին պատմեցին այն, ինչ աշխարհը դեռ չէր տեսել:

Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի կազմակերպիչներին և հանձ­նա­ժողովի անդամ­նե­րին, ովքեր մեծ ծավալի աշխատանք են կատարել և անա­չառ կերպով ընտրել լավա­գույններին: Մաղթում եմ, որ այսու­հետ ևս հանձնա­ժողովը պահի չափանիշների բարձր նշաձողը:

Ոգևորիչ է, որ մրցանակային հիմնադրամի ձևավորման հարցում պե­տու­թյանը միացել են «Լույս» և «Փյունիկ» հիմնադրամները: Հատուկ շնոր­հակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր հավատացին այս նախա­ձեռ­նության հեռանկարային ուժին և իրենց բարեհաճ նվիրատվություններով հնարավոր դարձրեցին այն կյանքի կոչել. այստեղ ես մաս­նավորապես ուզում եմ առանձնացնել Հրանտ Վարդանյանին և Գաբրիել Ջամբարջյանին: Շնորհակալ եմ այս մարդկանց: Ես չափազանց կարեւորում եմ, որ այսպիսի միջոցառումներին պետությունից բացի, մասնակցում են նաեւ անհատներ:

Վիկտոր Համբարձումյանի անունը կրող մրցանակը պետք է խթանի գի­տու­թյան զարգա­ցումը, ինչպես նաև արժանի լինի հայ գիտնականի ու հայրե­նա­սերի հանճարի մեծու­թյանն ու հիշատակին: Մեծ հեռանկարի մեջ այն հզոր ազդակ է հաղորդելու նաև հայ­կական աստղագիտության և ընդհանրապես գիտության վերելքին£ Այս հավատով ենք հիմնել այս մրցանակը, և ես հպարտ եմ, որ այն արդեն կայացած փաստ է: Այս առթիվ շնորհավորում եմ բոլորիս:

Շնորհակալություն:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply