Ազգային ժողովի խմբակցությունները քաղաքական ՙթեժ՚ աշուն չեն կանխատեսում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2010 19:36

Ազգային ժողովի խմբակցությունները քաղաքական ՙթեժ՚ աշուն չեն կանխատեսում և կարծում են, որ գործընթացները կզարգանան իրենց բնականոն հունով: Այս մասին սեպտեմբերի 17-ի խորհրդարանական ճեպազրույցներում` ի պատասխան լրագրողների հարցերին, հայտնեցին խմբակցությունների ներկայացուցիչները:

ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության քարտուղար, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը հայտարարեց, որ ընտրությունները տեղի են ունենալու 2012թ.-ի գարնանը, վաղաժամ ընտրությունների մասին մեր քաղաքական դաշտի բոլոր հիմնական ուժերի դիրքորոշումները միանգամայն հայտնի են, նոր թեժացումներ չեմ սպասվում: ՙԿարծում եմ, որ նախընտրական քարոզչությունը և աշխուժությունը կարելի է սպասել միայն 2011թ.-ի երկրորդ կեսին՚,-ասաց նա:

ՙՀՀԿ՚ խմբակցության ղեկավար և կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով, ՙայս տարվա ամառն ավելի թեժ էր` քաղաքական իմաստով, քան սպասելի կարող են լինել աշնանային գործընթացները՚: ՙՊարզապես, աշնան հետ են միշտ քաղաքական կյանքը կապում, որովհետև աշնանը հասարակությունը ընդհանրապես ավելի ակտիվ է լինում, դա ավելի շատ պայմանավորված է եղանակային փոփոխություններով, իսկ քաղաքականությունն եղանակներով չի բնութագրվում՚,-վստահեցրեց նա: Ըստ Գ.Սահակյանի, այսօր ավելի շատ պետք է կարողանանք ՙմեր եղած ներսի և դրսի խնդիրները լուծել, քան ներսում որոշենք, թե գետերի հունն ինչպես պետք է փակենք կամ ինչպես պետք է բացենք՚:

Հայ ազգային կոնգրեսի նույն օրը կայանալիք հանրահավաքի կապակցությամբ էլ հանրապետական պատգամավորը կանխատեսեց. ՙՄամուլում եղած հրապարակումներից մտածում եմ, որ հայհոյանքները, երևի, քիչ կլինեն, բայց, ըստ էության, որևէ բան փոխող կամ տրամաբանորեն նպաստող գործընթացներ չեմ տեսնում՚:

Ըստ ՙՀՅԴ՚ խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի, ինքն արդեն 20 տարուց ավելի քաղաքականության մեջ լինելով, կարող է փաստել, որ ՙամեն տարի աշնանից առաջ ասում են, որ թեժ աշուն է սպասվում՚: Դաշնակցական պատգամավորը չցանկացավ կանխատեսումներ անել հանրահավաքում Լեւոն ՏերՊետրոսյանի ելույթում նախօրոք խոստացված անակնկալների վերաբերյալ: Ի պատասխան լրագրողի հարցին նա միայն հայտնեց. ՙԻնձ համար շատ անակնկալ կլինի, եթե Լեւոն ՏերՊետրոսյանն ասի, օրինակ, որ Հայ Դատն ընդունում է, և որ Հայ Դատի քաղաքականությունը բխում է մեր ազգային պետական շահերից, կամ որ հայթուրքական արձանագրություններն ի սկզբանե դատապարտված էին ձախողման և ընդհանրապես հեռանկար չունեն: Բայց չեմ կարծում, որ այդքան անակնկալներ կլինեն՚,-ասած Հ.Կարապետյանը:

Մյուս ընդդիմադիր` ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ վտահեցրեց. ՙԺառանգություն՚ը թեժ եղանակային պայմաններ երբևիցե չի կանխատեսել, ՙԺառանգություն՚ը միայն հետեւողականորեն կատարում է այն աշխատանքը, որը ստանձնել է քաղաքացիների առջև՚: ՀԱԿի հանրահավաքի կապակցությամբ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը չցանկացավ ՙորևէ գուշակություն անել, թե իշխանափոխության հարցում այն բեկումնային կլինի թե ոչ՚, կարծիք հայտնելով, որ պետք է սպասել Լ.ՏերՊետրոսյանի ելույթին և ըստ այդմ էլ տալ գնահատական: ՙԲեկումնայնության առումով տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, ցանկացած կետ ժամանակի, տարածության մեջ կարող է բեկման հիմքը լինել, այլ բան է, երբ իրատես ես լինում և հասկանում ես, որ հիմա բեկում արձանագրելու համար պետք է ընդամենը երկրում հասունացնել ֆորսմաժորային իրավիճակ, որովհետև այլ տարբերակ չկա, որևէ այլ ընտրություն` ոչ խորհրդարանական, որ նախագահական, չկա: Ես կասկածում եմ, որ այդպիսի լուրջ պրոցեսներ կան ՀՀում, և կասկածում եմ, որ այդպիսի պրոցեսներ կլինեն առաջիկա ամիսներին՚,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1607 անգամ:
Print Friendly

Leave a Reply