2010 թվականի սեպտեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 17, 2010 19:24

2010 թ. սեպտեմբերի 7-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էինª ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Ամալյա Սարիբեկյանը, Անդրանիկ Նորեկյանը, Վախթանգ Աբրահամյանը:Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: Օգոստոսին պարենային ապրանքների միջազգային շուկաներում և գյուղատնտեսության ոլորտում դրսևորումները գերազանցել են կանխատեսված հնարավոր վատատեսական ռիսկերը, ինչն էլ հիմնականում նպաստել է ամսվա ընթացքում ակնկալվածից բարձր գնաճի ձևավորմանը: Առաջարկի նշված շոկերի արդյունքում 2010 թ. օգոստոսին արձանագրվել է 12-ամսյա գնաճի 9.6% մակարդակ, որի միայն 5.9 տոկոսային կետը պայմանավորվել է ՙՄիրգ՚, ՙԲանջարեղեն և կարտոֆիլ՚ և ՙՀացամթերք՚ ապրանքախմբերի գների աճով:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2010 թ. օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.8 տոկոսային կետով` կազմելով 9.6%: Ընդ որումª պարենային ապրանքների գներն աճել են 2.3%-ով (նպաստումը գնաճին 1.2 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները` 0.1%-ով (նպաստումը գնաճին 0.02 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 0.2%-ով (նպաստումը գնաճին 0.1 տոկոսային կետ):

Օգոստոսին արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորել է ՙՀացամթերք՚ ապրանքախմբի գնի 6.0% (նպաստումը ընդհանուր գնաճին 0.9 տոկոսային կետ), ՙԲանջարեղեն և կարտոֆիլ՚ ապրանքախմբի գնի 12.4% (նպաստումը ընդհանուր գնաճին 0.6 տոկոսային կետ) աճերը: Վերջին երեք տարիներին ՙԲանջարեղեն և կարտոֆիլ՚ ապրանքախմբի գների փոփոխության նպաստումը օգոստոսի գնաճի ցուցանիշին կազմել է միջինը -0.5 տոկոսային կետ, ՙՄիրգ՚ ապրանքախմբինը` -0.4 տոկոսային կետ, ՙՀացամթերք՚ ապրանքախմբի ազդեցությունը զրոյական է եղել: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին օգոստոսի գնաճին միջինը -0.9 տոկոսային կետ նպաստման դեպքում, 2010 թ. նշված երեք ապրանքախմբերի նպաստումը կազմել է 1.4 տոկոսային կետ` այսինքն` 2.3 տոկոսային կետով ավելին:

2010 թ. հունվար-հուլիսին արձանագրվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղումª կազմելով տ/տ 4%, որն հիմնականում պայմանավորվել է գյուղատնտեսությունում արձանագրված խորը անկմամբ: Միևնույն ժամանակ նշենք, որ տնտեսության մյուս ճյուղերում արձանագրված աճերը փոքր ինչ զիջել են տարվա առաջին կեսին արձանագրված աճի ցուցանիշներին: Այսպես, արդյունաբերության ճյուղում արձանագրվել է ավելացված արժեքի 9.3% աճ, շինարարության ճյուղում` 7.5%, ծառայությունների ոլորտում` 4.4%, իսկ գյուղատնտեսության անկումն այդ ժամանակահատվածում կազմել է 22.6%, ինչին մեծապես նպաստել է բուսաբուծության ենթաճյուղի 41.2% անկումը: Վերջինս էլ իր հերթին տեղի է ունեցել ի հաշիվ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գարնանացանի կրճատման, բերքահավաքի հետաձգման և բույսերի հիվանդությունների տարածման ու կրծողների բազմացման պարագայում բերքի վնասման:

Օգոստոսին ներքին տնտեսության վրա արտաքին միջավայրի ազդեցություններն արտահայտվել են առաջարկի շոկի դրսևորումներով: Չնայած հիմնական ապրանքատեսակների միջազգային գներն արձանագրել են աճի միտումներ, այդուհանդերձ, առավել գնաճային ֆոն է ստեղծել պարենային ապրանքների, հատկապես հացահատիկային մշակաբույսերի գների աճը, ինչը պայմանավորված է եղել հիմնական արտադրող երկրներումª Ռուսաստանում, Եվրոպական տարածաշրջանում և Կանադայում բերքի ծավալների, այն է` առաջարկի զգալի կրճատմամբ: Բացի այդ, օգոստոսի սկզբին Ռուսաստանի կողմից հացահատիկի արտահանման սահմանափակումը, ինչպես նաև Ղազախստանի և Ուկրաինայի կողմից նման սահմանափակումների կիրառման հնարավորությունները լրացուցիչ գնաճային ճնշումներ են առաջացրել շուկայում: Ինչևէ, մասնագետների գնահատմամբ այս տարի քիչ հավանական է 2007-2008 թթ-ին դիտված գնաճային զարգացումների կրկնությունը, քանի որ, հացահատիկի միջազգային պաշարների էականորեն նվազման պարագայում անգամ, մեծածավալ պաշարների առկայությունը, ինչպես նաև համաշխարհային մյուս արտադրողների` հատկապես ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ավստրալիայի մոտ բերքի լավատեսական սպասումները հիմնականում կմեղմեն հնարավոր բարձր գնաճային ճնշումները: Մյուս կողմից, հացահատիկի գների աճի ուղղությամբ որոշակի ռիսկեր կարող են առաջացնել հացահատիկային մյուս մշակաբույսերի` հատկապես եգիպտացորենի շուկայի զարգացումները:

Արտաքին միջավայրի զարգացումների ներքո աճել է նաև արտաքին ապրանքաշրջանառությունը. հունվար-հուլիսին ապրանքների արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 43.3%-ով, իսկ ներմուծումը` 22.8%-ով: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ֆիզիկական անձանց բանկային համակարգով ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքի 7.5% աճ:

Ներկայացվեցին նաև ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները: 2010 թ. օգոստոս ամսվա ընթացքում բավարար ավելցուկային իրացվելիության պարագայում ռեպո շուկայում նկատվել է տոկոսադրույքների ընդամենը 0.24 տոկոսային կետով, իսկ միջբանկային ռեպո շուկայում` 0.29 տոկոսային կետով նվազում: ՊՊ առաջնային շուկայում, պայմանավորված պետարժեթղթերի առաջարկի զգալի ավելացմամբ և գնաճի ընթացիկ զարգացումներով ու հետագա սպասումներով, արձանագրվել է տոկոսադրույքների աճ, մասնավորապես մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի տոկոսադրույքներն աճել են 2.08 տոկոսային կետով, իսկ 2-5 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերինը` 1.29 տոկոսային կետով: ՊՊ երկրորդային շուկայում տոկոսադրույքները ևս աճել ենª 1.79 տոկոսային կետով:

ՀՀ ԿԲ և Կառավարության կողմից համատեղ իրականացված ապադոլարայնացման միջոցառումների արդյունքում փողի ագրեգատների դրամային բաղադրիչներն առաջանցիկ աճ են արձանագրել ընդհանուրի համեմատ. փողի զանգվածն ամսվա ընթացքում աճել է 1%-ով, դրամային զանգվածը` 1.6%-ով, դրամային ավանդներն ավելացել են 1.9%-ով, արտարժութային ավանդները` 0.2%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունըª 1.6%-ով): Արդյունքում դոլարիզացիայի մակարդակը, շարունակելով նախորդ ամիսներին արձանագրած միտումները, նվազել է 0.7%-ով: Այդուհանդերձ, տնտեսության վարկավորման գերակշիռ մասը շարունակում է իրականացվել արտարժույթով. նախորդ ամսվա նկատմամբ դրամով վարկավորման աճը կազմել է 0.5%, իսկ արտարժույթով վարկավորման աճը` 2.3%:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

ՀՀ ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ օգոստոս ամսվա արդյունքներով 12-ամսյա գնաճի ձևավորված բարձր մակարդակն հիմնականում պարենային ապրանքների միջազգային շուկաների և գյուղատնտեսության ոլորտի զարգացումներով պայմանավորված` ՙՀացամթերք՚, ՙԲանջարեղեն և կարտոֆիլ՚ և ՙՄիրգ՚ ապրանքախմբերում գների աճի հետևանք է: Եվ չնայած գնաճի ցուցանիշը էապես գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանըª դառնալով խիստ մտահոգիչ, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա առաջարկի շոկի արդյունք է և այն գերակշիռ մասով արդեն դրսևորվել է, ԿԲ խորհուրդը քիչ հավանական է գտնում դրա հետագա շարունակությունը: ԿԲ խորհուրդը գտնում է, որ հաջորդ ամսվանից սկսած 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող մեկ տարվա հորիզոնում ձևավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ:

Միաժամանակ, ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի առաջացնում, ավելին, տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը և արժութային շուկայի ներկա զարգացումները նպաստում են գնաճային միջավայրի մեղմմանը: Գնաճի ձևավորված բարձր մակարդակի առումով հարկ է փաստել նաև ԱՄՀ և մի շարք այլ փորձագետների վերջին կանխատեսումները, որոնց համաձայն անցումային և զարգացող տնտեսություններում առաջիկա տարիներին սպասվում է գնաճի բավականին բարձր մակարդակ. 2010 թ-ին այն կկազմի միջին հաշվով 6.25%, իսկ 2011-ին կիջնի մինչև 5%-ի:

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները, ինչպես նաև պարենային ապրանքների միջազգային շուկաների ապագա զարգացումների անորոշությունները, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտել շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից: Վերջինս նախապատվելի քաղաքականություն էր նաև այն տեսանկյունից, որ ԱՄՀ և մի շարք այլ փորձագետների վերջին կանխատեսումներով առկա են համաշխարհային տնտեսական աճի դանդաղման ռիսկª պայմանավորված համախառն պահանջարկի ցածր մակարդակի դրսևորման սպասումներով, ինչի հետևանքով 2011թ-ի համաշխարհային տնտեսական աճի ցուցանիշը ճշգրտվել է 1.5 տոկոսային կետով ցածրª բազային սցենարի համեմատությամբ:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply