Հրաժեշտի հանդիպում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 17, 2010 17:14

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար և և համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ։ Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել մեծ հայագետի դերը երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման հարցում և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ծավալված արդյունավետ համագործակցության մասին։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը և կարևորվել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։
Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում կողմերն անդրադարձել են առաջիկա բարձր մակարդակի պաշտոնական այցերին։ Նշվել է, որ 2011 թվականի սկզբին նախատեսվում է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի այցը Հայաստան, իսկ 2010 թվականի նոյեմբերին Հայաստան կայցելի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն։
Հանդիպման ավարտին Ալեքսանդր Բոժկոն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է փոխանցել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի շնորհավորական ուղերձը Հայաստանի Ազգային օրվա առթիվ։

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply