Տարվա լավագույնները` կրթության բնագավառում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2010 16:00

Արդեն տասներորդ տարին անընդմեջ «Ուսուցչի տոնի» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անցկացնում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները: Այս տարին ևս բացառություն չէր. այսօր նախարարությունում տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթների հանրապետական փուլը, որն անցկացրել են նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Մրցույթներին մասնակցել է մարզային փուլում հաղթող ճանաչված ՀՀ բոլոր մարզերի և Երևանի  30 մանկավարժ:

Մրցույթի ընթացքում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը.

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում`  «Նվիրում երեխաներին», «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ», «Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»:

«Տարվա լավագույն տնօրեն»  մրցույթում` «Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար», «Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար», «Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»:

«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում` «Սիրտս նվիրում եմ երեխաներին», «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար», «Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»:

2010 թվականի«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա  «Ուսուցչի օրը»  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում: «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հաղթողներին կտրվեն ավտոմեքենաներ:

Կրթական բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար հանրապետության մի շարք մանկավարժներ կպարգևատրվեն «Մովսես Խորենացի»  մեդալով, կարժանանան ՀՀ «Վաստակավոր մանկավարժի» կոչման, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթին մասնակցած մի քանի տնօրեններ` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալի»:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply