Կնքվել է համագործակցության նոր հուշագիր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2010 15:13

ՀՀ կրթության և գիտության նախարարության և “Վորլդ Վիժն” միջազգային  բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի միջև այսօր կնքվել է համագործակցության մասին հուշագիր` ի դեմս նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի և  “Վորլդ Վիժն” կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Գրեհեմ Սթրոնգի: Նախարարի տեղակալը, կարևորելով հուշագրի ստորագրումը, նշել է, որ որպես հեռահար նպատակ` նախարարությունը ձգտում է, որ  Հայաստանում չլինեն առանձին ներառական դպրոցներ, և յուրաքանչյուր կրթական հաստատություն կայանա որպես յուրաքանչյուրի հետ աշխատող հաստատություն: “Այս ուղղությամբ մենք երկար ուղի ունենք անցնելու, մասնավորապես, ուսուցիչների որակի, ծրագրերի, ուսումնական գործընթացի և, առհասարակ, դպրոցական կյանքի կազմակերպման տեսանկյունից”,-նշել է Մ. Մկրտչյանը` կարևորելով աշակերտի ներառումն իր սեփական և դպրոցական կյանքի կառավարման մեջ:
Իր խոսքում “Վորլդ Վիժն” կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և “Վորլդ Վիժն”–ի միջև համագործակցությունը մեծ պատմություն ունի և հույս է հայտնել, որ հուշագրի ստորագրմամբ առաջիկա 4 տարիների ընթացքում այդ համագործակցությունն ավելի կզարգանա և կամրապնդվի: Պարոն Սթրոնգը նշել է, որ  “Վորլդ Վիժն” կազմակերպության առաջնահերթություններից է կրթության որակի և կրթական համակարգում երեխաների ներգրավվածությանն աջակցությունը և հավելել, որ  երեխաների և երիտասարդների կրթությունը կարևոր օղակ է կազմակերպության համար:
Համաձայն հուշագրի` կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում սերտ համագործակցել մի շարք ուղղություններով, մասնավորապես, նպաստել նախադպրոցական կրթության ապահովմանը և համայնքներում նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրմանը, հանրակրթական դպրոցների կառավարման համակարգի բարելավմանը, հանրակրթական դպրոցներում քաղաքացիական ակտիվության և ներառական կրթության խթանմանը, ներառական կրթության ցանցի ընդլայնմանը և պահպանմանը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար  որակյալ կրթության կազմակերպմանը, հատուկ դպրոցներում սովորող երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և նրանց բարեկեցության ապահովմանը: Բացի այդ, կողմերը պատրաստակամ են նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և միջին մասնագիտական կրթության խթանմանը` մարզերի երիտասարդության համար ստեղծելով ակտիվ լինելու  հնարավորություններ:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply