Հայաստանում գործում է 91 ավագ դպրոց

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2010 15:13

Հայաստանում ավագ դպրոցների թիվը հասել է 91-ի, որտեղ սովորում է 11 հազ. աշակերտ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ավագ դպրոցները լուծելու են այն բոլոր խնդիրները, որոնք չէին լուծվում նախկին կրթական համակարգով:

Այդ դպրոցները նպաստելու են աշակերտների մասնավոր պարապմունքների վերացմանը, քանի որ բաժանված լինելով առանձին հոսքերի` աշակերտներն իրենք են ընտրում ցանկալի առարկաները, որոնք անցնում են առավել խորացված: Դասագրքերի բովանդակային որակին անդրադառնալով` Ն. Հովհաննիսյանը նշեց, որ այս հարցը ԿԳՆ-ի ուշադրության կենտրոնում է, եւ տարվում են համապատասխան աշխատանքներ խնդիրը հաղթահարելու ուղղությամբ:

Ն. Հովհաննիսյանի տեղեկացմամբ` մշակվել է համապատասխան ռազմավարություն, ըստ որի` ավագ դպրոցի են վերածվում այն կրթօջախները, որոնք աշակերտների համար չեն առաջացնում մեծ տարածություններ հաղթահարելու խնդիր: Գյուղերում ավագ դպրոցների ստեղծման հարցը դեռեւս ԿԳՆ-ի ուշադրության կենտրոնում է. այն գյուղերում, որտեղ գոյություն ունի մեկ կրթօջախ, ավագ դպրոց չի կարող ստեղծվել: Ն. Հովհաննիսյանը հայտնեց, որ ավագ դպրոցների ցանցի ընդլայնումը շարունակական բնույթ է կրում. նախատեսվում է նման դպրոցներ բացել բոլոր համայնքներում:

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply