Գայլաձորի, ուստի և Սևանա լճի ու հինգ գյուղերի ապագան դեռևս անհայտ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2010 15:58

Արգիճիի վտակ Գայլաձորի վերին հոսանքում կառուցված  և բնապահպանության նախարարության կողմից անօրինական ճանաչված շինությունը մոտ 70-80 տոկոսով պատրաստ է, խրամուղու երկայնքով փռված են նաև ջրի հոսքի փոփոխման համար նախատեսված խողովակները, մնում է միայն դրանք եռակցել ու հնարավոր կլինի շահագործել. այս մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «ՍՈՍ Արգիճի» նախաձեռնող խմբի անդամներ Պայծառ Աղաբաբյանը և Վարդան Գալստյանը:  Նրանք նշում են, որ կառույց արտաքին տեսքով փոքր հէկ է հիշեցնում:

Նախաձեռնող խմբի անդամները նշում են, որ քանի դեռ կառույցը չի ապամոնտաժվել, Գայլաձորի, հետևաբար նաև Արգիճի գետի ու հարակից հինգ գյուղերի հետագա ճակատագիրն անհայտ է:

«Նախարարությունը կառույցն ապօրինի է ճանաչել: Որոշումից արդեն մեկ ու կես ամիս է անցել, ինչու չեն ապամոնտաժում շինությունը,- հարց է բարձրացնում Պայծառ Աղաբաբյանը` հավելելով, որ գուցե համապատասխան մարմիններն ուղղակի ի զորու չեն նման քայլի դիմելու:

Տեղի բնակիչները  պարբերաբար այցելում են շինարարության վայր` վերահսկելու, որ հանկարծ շինարարական աշխատանքները գաղտնի չշարունակվեն:

Նախաձեռնող խմբի անդամները, սակայն,   նշում են, որ հավերժ չեն կարող այդ տարածքը վերահսկել. առաջիկայում ձմեռ է, իսկ  տարածքը նույնիսկ  ամռանը դժվարհասանելի է: «Ձյունը որ եկավ, էլ չենք կարողանա գնալ-գալ, վերահսկել: Իսկ այնտեղ շինարարությունն այն փուլում է, որ կարող են մի քանի օրում ավարտին հասցնել»,- ասում է Գալստյանը:

Աղաբաբյանը և Գալստյանը նաև նշում են, որ հիմա էլ վերահսկման աշխատանքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են. գյուղատնտեսական աշխատանքների բուռն սեզոն է հիմա, մինչդեռ  գյուղացիները ստիպված են իրենց աշխատանք ու հոգսը թողած հերթապահել գետի  մոտ, բացի այդ Գայլաձոր հասնելը նաև մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված: «Ամեն գնալը մոտ 7-8 հազար դրամ է արժենում: Արդեն մի քանի ամիս է, մենք աշխատավարձ տուն չենք տարել»,- ասում է Գալստյանը:

Սակայն չնայած դժվարություններին` Աղաբաբյանը նշում է, որ իրենք վճռական են տրամադրված և կպայքարեն մինչև վերջ. «Սա մեր հացն ու ջուրն է, պայքարելու ենք մինչև վերջ»:

Գավառի «Օրհուս» կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Ասոյանը փաստում  է, որ չնայած Գայլաձորի հունը դեռևս չեն փոխել, սակայն գետի ջրերն արդեն իսկ նվազել են` գետը սնուցող մի քանի տասնյակ բնական աղբյուր այժմ լցվում են  շինարարական աշխատանքերի ժամանակ փորված խրամուղին և զուր վատնվում` մի քանի հարյուր մետր հոսելուց հետո ներծծվելով:

Վարդան Գալստյանն էլ նշում է, որ հունի փոփոխման համար լեռան լանջին փորած խրամուղին սողանքային վիճակ է ստեղծել. «Այսպիսով տարածքում սկիզբ է դրվել սողանքային երևույթներին, ամբողջությամբ խախտվել է նաև տարածքի լանդշաֆտը»:

Լիանա Ասոյանն ասում է, որ եթե հէկ-ը գործարկվի,  գետի հունն անպայման կփոխվի:  Նրա խոսքով` Գայլաձորն այնքան ջուր չունի, որ դեպի Սևան հոսելով կարողանա նաև հէկ-ին բավարար էլեկտրաէներգիա ապահովել. «Ջրի հոսքը թեքում են Վայոց Ձորի մարզ, որովհետև այնտեղ հոսքի ուղին թեք է, մոտ 80 աստիճան և նման պարագայում քիչ ջրով էլ հէկ-ն արդյունավետ կգործի»:

Նախաձեռնող խմբի անդամները և բնապահպանները  նաև կարծում են, որ բնապահպանության նախարարությունն ի սկզբանե հարցն սխալ ուղով սկսեց քննարկել` կենտրոնում դիտարկելով ոռոգման խնդիրը: Նրանք մատնանշում են,  որ Գայլաձորն ունի կենսական նշանակություն Սևանա լճի և դրա ձկնատեսակների պահպանության համար.  Արգիճին ապահովում է Սևանի մակարդակի բարձրացումը տարեկան 12-14 սմ-ով(իսկ Արգիճիի հոսքի 40 տոկոսն էլ ապահովում է Գայլաձորը), բացի այդ Արգիճիի վերին հոսանքներում և Գայլաձորում են  հիմնականում ձվադրում ամառային իշխանը և կարմիր գրքում գրանցված այլ ձկնատեսակներ: Գետում  առաջացել են նաև էնդեմիկ ձկնատեսակներ, որոնք չեն հանդիպում այլ վայրերում:

«Սևանի ափին բարձրաստիճան պաշտոնյաների դաչաներն են, իրենք են Սևանի ափին հանգստանում, մենք տարին մեկ անգամ Սևանի ափ գնանք, թե չէ: Մենք ենք պայքարում, բայց պաշտոնյաների համարէ»,- ասում է Աղաբաբյանը:

Նշենք, որ մայիսի վերջերից սկսած` բնապահպանները և Մարտունու տարածաշրջանի 5 համայնքների բնակիչներն անընդհատ ահազանգ էին հնչեցնում, որ ապօրինի աշխատանքներ են իրականացվում Արգիճիի վտակ Գայլաձորի հունի փոփոխման ուղղությամբ. գետի հունը թեքում են դեպի Վայոց ձորի մարզ` Աղնջաձոր համայնքին ոռոգման ջրով ապահովելու, ինչպես նաև գետի վրա հէկ կառուցելու համար:

Բնակիչների` գետի հունի փոփոխման և անօրինական աշխատանքների մասին ահազանգերից հետո, բնապահպանության նախարարի հրամանով հուլիսի վերջին ստեղծվեց աշխատանքային խումբ, որն ուսումասիրությունից հետո եզրակացրեց` Գայլաձորի վրա ծավալված շինարարությունն անօրինական է:

Թեմայի մասին տես նաև

Կշարունակվե՞ն ճնշումները Գայլաձորի հունի փոփոխման դեմ պայքարող գյուղացիների նկատմամբ

Գայլաձորի հունի փոփոխությամբ Սևանի մակարդակը տարեկան 12 սմ-ով պակաս կբարձրանա

Գայլաձորի ապագան անհայտ է. իշխանությո՞ւնն է ստում, թե՞ հասարակությունը

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply