Լեհ ռեժիսոր Կրակովսկին ֆիլմ կնկարի Հայաստանում

Օրվա լուր | | July 13, 2009 16:09

Դրվագ` Անջեյ Կրակովսկիի «Պալադինին որոնելիս» ֆիլմից«Իմ ֆիլմերն ունեն բազմաշերտ բովանդակություն, նույնիսկ իմ կինոդիտողները էլ. փոստով գրում են ինձ, որ 5-6 անգամ նայել են «Պալադինին որոնելիս» ֆիլմը և ամեն անգամ նոր իմաստ գտել»,- ասում է լեհ ռեժիսոր Անջեյ Կրակովսկին:

«Պալադինին որոնելիս» ֆիլմը հայ հանդիսատեսին ներկայացվում է «Ոսկե ծիրան» կինոպառատոնի շրջանակներում: Ֆիլմն արժանացել է «Լավագույն խաղարկային կինոնկար» և «Լավագույն դերասանական անսամբլ» նոմինացիաներին Օռլանդոյի լատինամերիկյան ֆիլմերի կինոփառատոնում:

Լեհ ռեժիսորի նոր ֆիլմը երիտասարդ գործակալ Ռոսի մասին է, ում ուղարկում են Գվատեմալա` գտնելու ասպարեզից հեռացած օսկարակիր դերասան Ջեք Պալադինին: Ու թեև նրանք երբեք չեն հանդիպել,սակայն անցյալից մի կապ նրանց պահում է. Պալադինը եղել է Ռոսի հանգուցյալ մոր ամուսինը:

Կրակովսկին ֆիլմ դիտելը համեմատում է սառնարան մտնելու հետ. «Երբ մտնում ես կինոթատրոն` ֆիլմ դիտելու, կարծես մտնում ես սառնարան, իսկ երբ դուրս ես գալիս, սառույցն աստիճանաբար սկսում է հալչել, և ընկալում ես ֆիլմի իմաստը: Կարող է պատահել գիշերը հանկարծ արթնանաս, որովհետև հասկացել ես ֆիլմի ինչ-որ դրվագ, որի շուրջ մտածում էիր ողջ օրը»:

Լեհ ռեժիսորը պատրաստվում է ֆիլմ նկարել նաև Հայաստանում: Ֆիլմը 80 անց երկու եղբայրների մասին է, որոնցից մեկը կոշկակար է, մյուսը` նախկին կուսակցական գործիչ: Այս կերպարներն իրական են և մարմնավորելու են ռեժիսորի հորն ու հորեղբորը:

«Ֆիլմը նկարելու եմ Հայաստանում, քանի որ չեմ ուզում այն լինի լեհական կյանքի մասին»,-ասում է Կրակովսկին:

«Խճճված զուգահեռներ» ֆիլմը նույնպես ներկայացվելու է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Այս ֆիլմի ռեժիսորն է Հովհաննես Գալստյանը: Ֆիլմը նկարահանվել է Նորվեգիայի և Ֆրանսիայի հետ համատեղ: Այն Նորվեգիայում հայտված ռազմագերի Առաքելի մասին է, ում ապաստան է տալիս նորվեգացի Հաննան:

«Այս ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, 2004թ.-ից աշխատել ենք սցենարի վրա»,- պատմում է Գալստյանը:

Նա պատրաստվում է նոր ֆիլմ նկարել 1965 թ.-ի մասին, որը կանվանվի հենց «65»: «Դա կլինի սոցիալ-քաղաքական դրամա, որի միջոցով ես ցույց կտամ, թե ինչպես ազատությունը սողոսկեց ռուսական կայսրության մեջ և թե ինչքան խոցելի կարող է լինել այդ կայսրությունը»:

Այս տարի «Ոսկե ծիրան»-ին կներկայացվի նաև «Աննա Կարենինա»-ի մի նոր էկրանավորում, որի ռեժիսորն է Սերգեյ Սոլովյովը: Դրվագ` «Աննա Կարենինա» ֆիլմիցԱննայի դերում խաղացել է Տատյանա Դրուբիչը: (Իսկ Արմեն Ռոնովի «Աննա Կարենինա»-ն մերժվեց «Ոսկե ծիրան»-ի կողմից` հակաքրիստոնեական մոտիվների պատճառով)

«Թեև տարիքով ավելի մեծ եմ, քան Աննա Կարենինայի կերպարը, սակայն գոհ եմ ստացված արդյունքից»,-ասում է դերասանուհի Դրուբիչը:

«Այս ֆիլմի սցենարը գրել եմ անհավատալիորեն կարճ ժամանակում, մի կիրակի օր արթնացա և մինչև երեկո ավարտեցի սցենարը»,- պատմում է ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Սոլովյովը:

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնն այս տարի ցուցադրում է 110 ֆիլմ: Մրցութային ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» կինոթատրոնի 3 կինոդահլիճներում, «Նաիրի» կինոթատրոնում և Տիկնիկայինի երկու դահլիճներում, իսկ ոչ մրցութային ֆիլմերի ցուցադրությունն ու քննարկումը` «CLUB» սրճարանում և Նարեկացի կենտրոնում:

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply