ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձը Խաղաղության միջազգային օրվա առթիվ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2010 15:27

Այսօր մենք, ինչպես ամեն տարի, նշում ենք Խաղաղության միջազգային օրը` նվիրված հրադադարի և բռնությունից հրաժարման գաղափարներին: Խաղաղությունն անգնահատելի է: Այն հարկ է փայփայել, պահպանել և պաշտպանել:

Ահա ինչու ամեն տարի, երբ նշում ենք Խաղաղության միջազգային օրը, ես Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում  խաղաղության զանգն եմ հնչեցնում: Ահա ինչու ամեն օր աշխատում եմ հանուն խաղաղության ամրապնդման: Ես հանդես եմ գալիս որպես միջնորդ հակամարտող կողմերի միջև: Ես  տագնապի ահազանգ եմ հնչեցնում, երբ սպառնալիք է առաջանում. սպառնալիք, որը հստակ տեսանելի է, և սպառնալիք, որը թաքնված է հեռուներում: Ես պայքարում եմ հանուն հանդուրժողականության, արդարության և մարդու իրավունքների, ինչպես նաև քարոզում եմ երկրների ու ժողովուրդների համերաշխության գաղափարները:

Այս տարի Խաղաղության օրը նվիրված է երիտասարդությանը: Այս ամիսը նշանավորում է Երիտասարդության միջազգային տարվա սկիզբը: Դրա կարգախոսը` երկխոսություն և փոխըմբռնում, արտահայտում է խաղաղության բուն էությունը:

Այսօր երիտասարդությունը  քաջ գիտակցում է, թե ինչ է համընդհանուր բազմազանությունը, նա իրեն լավ է զգում փոխկապակցված աշխարհում: Բայց և միաժամանակ երիտասարդությունը կարող է ծայրահեղական ուժերի զոհը դառնալ: Ահա ինչու կոչ եմ անում բոլոր կառավարություններին և մեր գործընկերներին ավելին անել հանուն երիտասարդության: Եկեք խաղաղության ու հանդուրժողականության մոլորակ ժառանգություն թողնենք երիտասարդ մարդկանց:

Այժմ դիմում եմ բոլոր երիտասարդներին. միացեք մեզ: Օգնեք մեզ պայքարելու հանուն խաղաղության: Դուք անհամբեր եք: Դուք տեսնում եք,  թե ինչպես են մենք` ավագ սերնդի մարդիկ, տարեցտարի հաշտվում աղքատության ու սովի, անարդարության, անպատժելիության և շրջակա միջավայրի վիճակի վատացման հետ:

Մնացել է ընդամենը հինգ տարի մինչև այն օրը, երբ պետք է իրականացված լինեն Հազարամյակի հռչակագրում ձևակերպված զարգացման նպատակները, և ես կոչ եմ անում բոլորին` թե’ երիտասարդ մարդկանց, թե’ ավագ սերնդի ներկայացուցիչներին օգնել մեզ գտնելու այդ գլոբալ խնդիրների գլոբալ լուծումները: Տեղեկացրեք մեզ ձեր ծրագրերի ու գաղափարների մասին, ստեղծագործական մոտեցում և կրքոտություն ցուցաբերեք: Օգնեք մեզ պայքարելու հանուն խաղաղության և բոլորի բարգավաճման:

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply