«Կարծես ամաչում ենք`ասենք, որ Տիգրան Մեծ ենք ունեցել». Բաբկեն Հարությունյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 17, 2010 14:45

Այս տարի նշվում է Տիգրան Մեծի 2150- ամյակը: Սակայն հոբելյանական միջոցառումներն այնքան էլ ճոխ ու տոնական չեն: Համենայնդեպս, այդպես է կարծում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը.

«Տիգրան Մեծի հոբելյանը շատ ավելի լավ կարելի էր նշել,-կարծում է պատմաբանը,- որովհետև վերջին հաշվով դա նաև քաղաքացի ձևավորելու խնդիր է: Իսկ Տիգրան Մեծն իսկապես մեծ է, քանի որ նա կարողացավ փրկել Հայաստանը և հավերժություն հաղորդել նրան»:

Ըստ պատմաբանի, դասագրքերում ընդհանուր առմամբ վատ չէ ներկայացված Տիգրան Մեծի գործունեությունը, սակայն, եթե պետությունն ուզում է մանուկ հասակից քաղաքացի ձևավորել, ապա պիտի հենց այդ կետերի վրա շեշտը դնի:

«Ես երբեմն մտածում եմ, որ մենք, կարծես, ամաչում ենք`ասենք, որ Տիգրան Մեծ ենք ունեցել»,-ասում է Հարությունյանը,-մինչդեռ ամեն հայ, ամեն երեխա պետք է հպարտ զգա իր պատմության, իր անցյալի համար»:

Պատմաբանը Հայաստանի ապագան տեսնում է միայն ազգային ինքնորոշման մեջ.

«Եթե մենք վերածվենք կոսմոպոլիտ հասարակության, մեր ապագան առանձնապես երջանիկ չի լինի,-ասում է նա,-իսկ ազգային պետության քաղաքացի պետք է ձևավորենք մեր հարուստ, հերոսական անցյալի վրա:

Հերոսներին ու նրանց գործերը հանրությանը ներկայացնելը նաև լրատվամիջոցների` հատկապես հեռուստատեսության առաքելությունն է, սակայն, ըստ պատմաբանի, այն, ինչ այսօր ներկայացնում է հեռուստատեսությունը, չի նպաստում լավ քաղաքացու ձևավորմանը:

«Օրինակ, Տիգրան Մեծի մասին մեկ ֆիլիմի նկարահանումն ու դրա լայն տարածումը հնարավորություն կտա հայ ժողովուրդին ոչ միայն ճանաչելի դառնալու, այլ միաժամանակ միջազգային հայանպաստ հասարակական կարծիք ձևավորելու»,-նշում է Հարությունյանը:

Պատմաբանը նաև հայտնեց, որ նկարահանվել է ֆիլմ` Արցախի Տիգրանակերտի մասին, որը սեպտեմբերի 30-ին կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում և կթարգմանվի ու կտարածվի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ինչպես նաև թուրքերեն լեզուներով.

«Ֆիլմը հնարավորություն կտա նաև արցախյան հարցը մատչելի դարձնել համաշխարհային հանրությանը և ինչ որ տեղ էլ հուսալ այդ հարցի վերաբերյալ նպաստավոր կարծիքի ձևավորմանը»:

Դիտվել է 1867 անգամ:
Print Friendly

Leave a Reply