Այսուհետ հիփոթեքային վարկերը կտրամադրվեն ավելի ցածր տոկոսադրույքով և ավելի երկար ժամանակով
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | July 13, 2009 16:39
Բնակարան գնել ցանկացողներն այսուհետ կարող են դիմել առևտրային բանկերին և 10 տարի ու ավելի ժամկետով հիփոթեքային վարկ ստանալ` համեմատաբար ցածր տոկոսադրույքով· այս մասին այսօր ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն գործում է «Ազգային հիփոթեքային ընկերությունը», որի նպատակն է խթանել Հայաստանի հիփոթեքային շուկայի զարգացմանը:
Մինչև 20 մլն դրամ հիփոթեքային վարկ տրամադրած բանկերը կկարողանան դիմել «Ազգային հիփոթեքային ընկերություն» և ստանալ վերաֆինանսավորում` 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով:
Ջավադյանն ասում է, որ այս ընկերության գործունեությունը հնարավորություն կտա բանկերին մի քանի տոկոս ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել, քան հիմա, իսկ թե որքան կնվազեն տոկոսադրույքները, կախված կլինի մրցակցության մակարդակից:
Հիփոթեքային վարկերի պահանջարկը, ըստ Ջավադյանի, մեծ է. անցած տարվանից անշարժ գույքի շուկայում գնանկում է նկատվել` ազգային դրամով` 7-10 տոկոս, իսկ արտարժույթով` մինչև 30 տոկոս: «Անշարժ գույքի շուկայում առաջիկայում գնանկում չի սպասվում,- ասում է Ջավադյանը,- վարկային պահանջարկը կմեծանա»:
Ընկերությունն արդեն իսկ վերաֆինանսավորման պայմանագիր է կնքել «Հայբիզնեսբանկ»-ի հետ, պայմանագիր կնքելու համար բանակցություններ են ընթանում նաև այլ բանկերի հետ: Բանկերի հետ համագործակցելուց ընկերությունը հաշվի է առնում մի շարք չափանիշեր, այդ թվում` թե որքան է եղել բանկի շահութաբերությունը վերջին 3 տարվա ընթացքում:
Ընկերությունն այժմ ունի 17 մլրդ դրամի կապիտալ, ինչը, ըստ Ջավադյանի, սկզբնական շրջանում բավական է ակտիվ գործելու համար· «Առաջիկայում գերմանական կառավարությունը Վերականգնման բանկի միջոցով Հայաստանին 20 մլն եվրո վարկ կտա, այդ միջոցներից կկարողանա օգտվել նաև «Ազգային հիփոթեքային ընկերությունը»:
Հետագայում, ըստ ԿԲ նախագահի, ընկերությունը պարտատոմսեր կթողարկի` նոր ակտիվներ ներգրավելու: Նաև բանակցություններ են ընթանում արտասահմանյան կազմակերպություններից վարկ ստանալու համար. «Առայժմ «Ազգային հիփոթեքային ընկերության» միակ բաժնետերը Կենտրոնական բանկն է, սակայն փորձում ենք նաև այլ ներդրող կազմակերպությունների գրավել»:






Facebook
Tweet This
Email This Post
