Հայաստանի հավաքականի խնդիրը բարդ է

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 17, 2010 13:22

Սեպտեմբերի 19-ին  Խանտի Մանսիյսկ քաղաքում կմեկնարկի Շախմատի համաշխարհային օլիմպիադան: Այդ ռուսական քաղաքի անունը, որը տարիներ առաջ քչերն էին լսել, այժմ հայտնի է բոլորին: Հայերիս համար այն հիշարժան է դարձել 2005-ից, երբ շախմատի աշխարհի գավաթի առաջին խաղարկությունն անցկացվեց այդ քաղաքում, և հաղթեց Լևոն Արոնյանը:

Ի դեպ, մտավախություն կար, որ Խանտի Մանսիյսկը չի կարողանա հյուրընկալել օլիմպիադայի մասնակիցներին: Բանն այն է, որ քաղաքը 60-70 հազար բնակչություն ունի: Մինչդեռ պետք է հյուրընկալի 3 հազարից ավելի մարդու: Եվ դա լուրջ փորձություն է: Հիմնական դժվարությունն  այն էր, որ հյուրանոց էր կառուցվում, որի շինարարությունը ձախողվում էր: Բայց կազմակերպիչները հետաքրքիր լուծում են գտել: Մեկ ամսով հետաձգվել են տեղի համալսարանի դասերը: Այդ բարձրագույն ուսումնական հաստատությունը լավ հանրակացարան ունի, որն իր պայմաններով չի զիջում հյուրանոցներին: Փաստորեն, օլիմպիադայի մասնակիցների մի մասը կմնա հանրակացարանում:

Առաջիկա օլիմպիադան մեր երկրի մարզասերների ուշադրության կենտրոնում կլինի այն պարզ պատճառով, որ Հայաստանի շախմատիստների հավաքականը հաղթել է վերջին երկու օլիմպիադաներում: Վերջին երկու օլիմպիադաներում լավ են հանդես եկել նաև մեր շախմատիստուհիները: Թեև նրանք մրցանակակիրներ չեն դարձել, մոտ էին դրան: Այնպես որ, այս անգամ սպասելիքներ կլինեն: Սակայն կան մի շարք դժվարություններ: Մասնավորապես, մարտականորեն են տրամադրված տանտերերը: Ռուսաստանի ներկայացուցիչներն ամեն գնով փորձելու են հաղթել:

Այժմ Ռուսաստանում շախմատի ֆեդերացիային փոխարինել է դիտորդական խորհուրդը, որը գլխավորում է Ռուսաստանի նախագահ Անդրեյ Մեդվեդևի խորհրդական Արկադի Դվորկովիչը:  Խորհուրդը լուրջ ծրագիր է կազմել, թե ինչպես պետք է նախապատրաստվեն Ռուսաստանի ներկայացուցիչները: Բարձր աշխատավարձեր են սահմանվել մարզիչների, խաղացողների համար: Գայթակղիչ գումարներ են սահմանվել, որպեսզի Ռուսաստանի շախմատիստները լավ խաղան: Այսպես, եթե Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը հաղթի, թիմի յուրաքանչյուր խաղացողը կստանա 50 հազար դոլար: Եթե Ռուսաստանի կանանց հավաքականն ուժեղագույն ճանաչվի, ապա թիմի ամեն մարզուհի կպարգևատրվի 25 հազար դոլարով:

Բացի այդ, Ռուսաստանի ներկայացուցիչները ցանկանում են օլիմպիադային մասնակցել տղամարդկանց չորս հավաքականով: Դա աննախադեպ է: Ճիշտ է, կազմակերպիչ երկրներին միշտ էլ նախապատվություն տրվել է: Մասնավորապես, ըստ կանոնադրության, թույլատրվում է երկու  հավաքական մրցասպարեզ հանել: 1996-ին նույնպիսի իրավունք էր վերապահվել Հայաստանի ներկայացուցիչներին, երբ օլիպիադան անցկացվեց Երևանում: Եվ միայն վերջին պահին Հայաստանը տղամարդկանց մրցաշարում երրորդ թիմը մրցասպարեզ հանեց, քանի որ մասնակիցների թիվը կենտ էր:

Դժվար է ասել, թե որքանով է օրինական Ռուսաստանի ներկայացուցիչների այս քայլը: Ամեն դեպքում չի կարելի կասկածել, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան այդ իրավունքը կազմակերպիչներին արդեն տվել է: Ռուսաստանը մրցասպարեզ է հանելու երեք հավաքական, իսկ չորրորդ թիմը Խանտի Մանսիյսկի հավաքականն է: Փաստն այն է, որ Ռուսաստանն այնպիսի հզոր շախմատային երկիր է, որ այդ բոլոր հավաքականներն էլ կարող են մեկը մյուսից ուժեղ լինել: Դա առաջին հերթին կդժվարացնի մրցակից երկրների, այդ թվում նաև Հայաստանի հավաքականի խնդիրը: Չի բացառվում, որ որևէ երկիր Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ոչ թե մեկ, այլ մի քանի մրցամարտ անցկացնի: Այնպես որ, Հայաստանի և ուժեղ կազմ ունեցող մյուս երկրների հավաքականներին դժվարին պայքար է սպասում:

Այդ է պատճառը, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հնարավորն է անում, որ մեր երկրի ներկայացուցիչները հաջող հանդես գան օլիմպիադայում: Անցած ժամանակամիջոցում  Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ուսումնամարզական մի քանի հավաք են անցկացրել: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մարզումներ է անցկացրել գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ: Այդ հավաքներին մասնակցել է նաև մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Ներկայումս հավաքականը մարզվում է Ծաղկաձորում: Նախապատրաստվում են Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը: Շախմատիստուհիների ընտրանին էլ գլխավոր մարզիչ Աշոտ Անաստասյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Ջերմուկում: Թիմի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, Անահիտ Խառատյանը:

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply