Ի՞նչն է անտարբերության պատճառը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 22, 2010 9:57

Օրերս Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվեց շախմատի աշխարհի ուսանողների առաջնությունը: Մեզ շախմատային երկիր ենք համարում, սակայն հերթական անգամ Հայաստանից այդ ստուգատեսում մասնակից չկար: Արտասովորն  այն է, որ այս մարզաձևն ընդգրկված է Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրում, այդ ստուգատեսի ծրագրով անցկացվում են անհատական և թիմային մրցաշարեր, սակայն Հայաստանի ոչ մի բուհ շախմատիստ չի ուղարկում` ուժերը չափելու շախմատի աշխարհի ուսանողների առաջնությունում: Ընդ որում, որպես կանոն,  աշխարհի առաջնությունը մասնակիցների ուժեղ կազմ է հավաքում, հանրածանոթ գրոսմայստերներ են հանդես գալիս, այնպիսի շախմատիստներ, որոնց անհատական գործակիցը 2600-ից բարձր է: Մարզիկներն անհատական պայքար են մղում, սակայն կա նաև թիմային հաշվարկ: Այնպես որ, այդ առաջնությունը հետաքրքիր է անցնում և մեծ հեղինակություն է վայելում:

Իսկ Հայաստանի ներկայացուցիչների այս ինքնակամ դուրս մնալը խաղից պարզապես տարօրինակ է: Բանն այն է, որ մեր երկրի բուհերում ուսանում են բարձրակարգ շախմատիստներ: Շատ հեռու չգնանք: Հենց ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտում շախմատի բաժին կա, ուսանում են լավ խաղացողներ, գրոսմայստերներ: Այնպես որ Հայաստանը հնարավորություն ուներ միջազգային այդ ստուգատեսին ներկայանալու ուժեղ թիմով: Բարձրակարգ շախմատիստներ կան նաև Հայաստանի այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Պարզ չէ, թե ինչու են մեր  բուհերն այդպիսի անտարբերություն դրսևորում:

Ի դեպ, բուհերի մեծ մասը զգալի ֆինանսներ է ստանում ուսանողների վարձավճարներից, բայց զլանում դրանք ծախսել անգամ վերանորոգման աշխատանքների համար: Կան բուհեր, որտեղ խորհրդային տարիներից հետո հիմնական վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Ստացվում է, որ գումարներ կան, սակայն դրանք ափսոսում են սպորտին ծառայեցնել: Եթե ամեն բուհ թեկուզ մեկ մարզիկի մրցավայր ուղարկեր, դարձյալ պատկերն այսքան անմխիթարական չէր լինի: Այդ դեպքում կարող էինք անգամ պատկառելի թիմ ունենալ աշխարհի առաջնությունում: Փաստն այն է, որ ուսանողական շախմատային շարժումը Հայաստանում կազմակերպված բնույթ չի կրում, և դա ցավալի է:

Ի դեպ, Հայաստանի ներկայացուցիչներն արձագանքում և մասնակցում են տարբեր մարզաձևերի բոլոր խոշոր ստուգատեսներին: Դրա վառ ապացույցն օրերս Սինգապուրում կայացած պատանեկան օլիմպիական խաղերն էին: Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կարելի է բաց թողնել այդ ստուգատեսը: Սակայն մեր երկրի ներկայացուցիչները չեն մասնակցում շախմատի ուսանողների աշխարհի առաջնությանը, և դա տագնապ չի առաջացնում, կարծես այդպես էլ պետք է լիներ: Մինչդեռ, շախմատն այն մարզաձևն է,  որով մեր երկրի ներկայացուցիչները կարող են լավ արդյունքներ ցույց տալ:

Թերևս այս առումով մեղքի իրենց բաժինն  ունեն Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը: Ընդ որում, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Ստացվում է, որ նա կրկնակի մեղավոր է: Ցավալին այն է, որ այդ ստուգատեսը բաց թողնելը մեզանում սովորական է դարձել: Մինչդեռ մեր սահմանակից երկրների ներկայացուցիչներն ակտիվորեն են մասնակցում շախմատի ուսանողների աշխարհի առաջնությանը, որը  Շախմատի միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրում է պաշտոնապես գրանցված:

Հայաստանից երբեք ներկայացուցիչ չի եղել այդ ստուգատեսում: Թերևս, կա մեկ վերապահում: Երբ 1998-ին ուսանող շախմատիստների աշխարհի առաջնությունն   անցկացվում էր Ռոտերդամում, գլխավոր մրցավարի տեղակալի պարտականությունը կատարել է երևանցի միջազգային  մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Ի դեպ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործկոմի նիստերի ժամանակ մի քանի անգամ բարձրացվել է այդ հարցը, փորձեր են արվել պարզելու, թե ինչ կարելի է անել, որ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեն շախմատի ուսանողների աշխարհի առաջնությանը: Եվ քանի որ այդ ամենը պետք է անեն կրթական համակարգի ներկայացուցիչները, դիմել են  ՀՀ ԿԳ նախարարությանը, բուհերի ներկայացուցիչներին, սակայն ոչ մի արդյունք չի եղել: Ստացվում է, որ ֆեդերացիան չի կարող որևէ բան պարտադրել, իսկ կրթական համակարգի ներկայացուցիչներն էլ պատճառաբանություն են գտնում, թե միջոցներ չկան շախմատիստներ մրցավայր գործուղելու համար: Եվ  այդպիսով հարցը փակվում է:

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply