Լավն ու վատը Սինգապուրում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 24, 2010 15:21

Ինչպես հայտնի է, Սինգապուրում կայացած առաջին պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները տիրացել են 4 մեդալի` 1 արծաթե և 3 բրոնզե: 204 երկրների պատվիրակների պայքարում Հայաստանը 61-րդ տեղում է: Մեր մարզիկների մրցելույթների  մասին խնդրեցինք տպավորությունները պատմել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին:

– Առաջին անգամ անցկացված այս սուգատեսում մեր մարզիկների ցույց տված արդյունքը գոհացնող է: Հայաստանից մեկնարկի էր դուրս եկել 14 մարզիկ: Նրանք հանդես եկան հետևյալ մարզաձևերում. ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, նետաձգություն, մարմնամարզություն, հրաձգություն, աթլետիկա, լող, թիավարություն:

Սկսենք մեր ծանրորդի` 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանի մրցելույթից, որը երկամարտում 243 կգ արդյունքով գրավեց  3-րդ տեղը: Երևանցի մարզիկը հրում վարժության առաջին իսկ մոտեցման ժամանակ ապահովել էր բրոնզե պարգևը (135 կգ), սակայն ավելին անել չկարողացավ, թեև երկու մրցափորձերի ընթացքում ջանք չխնայեց, որպեսզի ոսկե պարգևի արժանանա: Խանգարող հանգամանքներ կային: Բանն այն է, որ նա դժվարությամբ քաշ գցեց: Օդի խոնավությունը 98% էր: Ծանրորդը  նվազեցնում էր իր կիլոգրամները, մյուս կողմից` մարմինը խոնավությունը կլանում էր, և ստացվում էր, որ ամեն բան անտեղի է արվել: Միայն մեկ օրինակ բերեմ: Սմբատն օլիմպիական ավանում կշեռքին կանգնեց և պարզվեց, որ կշռում է 56, 07 կգ: Մինչդեռ մրցավայր հասնելուց հետո նա արդեն 56, 240 կգ էր կշռում: Ինչևէ, Մարգարյանը 149 կգ-ոց ծանրաձողը կրծքին հասցրեց, սակայն իր գլխից վեր բարձրացնել չկարողացավ:

Գերծանր քաշայինների պայքարին մասնակցած Գոռ Մինասյանի քաշը 123 կգ էր: Նա 330 (160+190) կգ արդյունքով տիրացավ արծաթե պարգևի: Հավանաբար, գյումրեցի մարզիկին չեմպիոն դառնալու հարցում միջազգային մրցափորձի պակասը խանգարեց: Գերազանց հանդես եկավ 48 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը, որ բրոնզե մեդալի տիրացավ: Ամենայն գովեստի է արժանի նաև նույնպիսի արդյունքի հասած 60 կգ քաշային վանաձորցի ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը: Գոհացրեց նաև մարմնամարզիկ Վահան Վարդանյանի մրցելույթը, որը ցույց տվեց բարձր արդյունք և բազմամարտում զբաղեցրեց 8-րդ տեղը: Մյուս մարզիկների մեծ մասն էլ իր անձնական ցուցանիշները բարելավեց: Այս մարզիկները պատանի են և դեռ իրենց խոսքը կասեն:

– Սպասելիքներ ունեինք նաև մեր բռնցքամարտիկից:

– 60 կգ քաշային Հրայր Մաթևոսյանի բախտը մի փոքր չբերեց: Մեկնարկային հանդիպումում նրա մրցակիցը Հնդկաստանի ներկայացուցիչն էր, որ կրում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բայց դա արդարանալու պատճառ չէ, և նրա մասնակցությունը չի կարելի բավարար համարել, քանի որ պարտվել է:

– Ի՞նչ հետևություններ կարելի է անել:

– Սկսել ենք Հայաստանում ավելի շատ ուշադրություն դարձնել մանկապատանեկան սպորտի զարգացմանը: Ի դեպ, հաջորդ պատանեկան օլիմպիական խաղերն անցկացվելու են 2011-ին, Չինաստանում: Որպես փոխնախարար դիմելու եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձվի տարբեր մրցաձևերը ներկայացնող այն տարիքի երեխաների նախապատրաստական աշխատանքներին, ովքեր մասնակցելու են հաջորդ պատանեկան օլիմպիական խաղերին: Ասվածը վերաբերում է 1996-98-ին ծնված պատանիներին և աղջիկներին: Անելիք շատ կա: Հայաստանի պատվիրակների մեծ մասն օլիմպիական պատանեկան խաղերին  առանց  վարկանիշ լրացնելու, հրավերով էր մասնակցում: Պետք է այնպես անենք, որ չորս տարի հետո այդպիսի պատկեր չունենանք:

– Կարելի է ենթադրել, որ այս անգամ խաղերին նախապատրաստվելիս բացթողումներ են եղել:

– Խաղերից դեռ չորս ամիս առաջ ծրագիր էր կազմվել, որպեսզի մեր բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները ըստ ամենայնի նախապատրաստվելու հնարավորություն ունենան: Բացի այդ, բոլոր մասնակիցներն էլ ապահովվել էին մասնագիտական մարզագույքով և մարզական հանդերձանքով: Ի դեպ, բոլոր մարզիկներն էլ ուժերը վերականգնելու համար համապատասխան միջոցներ են ստացել:

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply