Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունների միջև
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 17, 2010 10:29
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 60-րդ նստաշրջանը: Նիստին մասնակցել են 53 երկրից ավելի քան 300 ներկայացուցիչ, այդ թվում տարածաշրջանի 30 երկրի առողջապահության նախարարներ: Նիստը նախագահել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան:
Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նա ներկայացրել է նստաշրջանի կարևորությունը, նպատակները, հեռանկարները, մասնակից երկրների համագործակցության շրջանակները:
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են հանրային առողջության ազգային և տարածաշրջանային մակարդակներում հրատապ հարցերի ռազմավարության խնդիրները և դրանց լուծման ուղղությունները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 60-րդ նիստի աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ:
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Տատյանա Գոլիկովան մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը բավականին մեծ փորձ ունի սրտանոթային, ուռուցքային հիվանդությունների, թոքախտի ծրագրերի իրականացման բնագավառներում: Ճիշտ կազմակերպված բուժօգնության տրամադրման շնորհիվ նրանք հասնել են մահացության ցուցանիշների մակարդակի իջեցման:
Միաժամանակ, Տատյանա Գոլիկովան նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է կուտակած փորձը կիսել գործընկերների հետ: Նա հավելել է, որ 2013 թվականին իրենց երկրում կավարտվեն պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի բարեփոխումները` տարածքային առողջապահության հիմնարկների նյութատեխնիկական բազայի վերազինում, բուժօգնության սպասարկման ժամանակակից ստանդարտների, ինչպես նաև էլեկտրոնային առողջապահության ներդրում: 2013 թվականից Ռուսաստանի Դաշնությունում կսկսի գործել պարտադիր բժշկական ապահովագրության ամբողջական և նորացված համակարգ:
Նախարար Գոլիկովան նշել է, որ 2010 թվականին արդյունավետ իրականացվել են դեղերի շուկայում գների պետական կարգավորման ծրագրի միջոցառումները, որի շնորհիվ Ռուսաստանը կարողացել է կայունացնել իրավիճակն այդ բնագավառում:
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի համար Ռուսաստանի փորձը կարող է ընդօրինակելի լինել, մասնավորապես` պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ֆինանսավորման, դեղերի շուկայում գների պետական կարգավորման և կայունացման գործում:
Նախարարը նշել է, որ երկու երկրի գերատեսչությունների միջև կշարունակվի համագործակցությունը հեռաբժշկության ներդրման, բժիշկների հետդիպլոմային կրթության և բուժաշխատողների որակավորման բարձրացման հարցում:
Հանդիպման վերջում Ռուսաստանի Դաշնության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նախարար Քուշկյանը հանդիպել է նաև անվանի բժիշկ, մանկաբույժ Լեոնիդ Ռոշալի հետ, այցելել Մանկական անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության ինստիտուտի տարբեր բաժանմունքներ, ծանոթացել աշխատանքին:






Facebook
Tweet This
Email This Post
