Քրդերը դատի են տվել թուրքական բանակին` քիմիական զենք օգտագործելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2010 10:14

Քրդական ոչ կառավարական «ՉԱԿ» կազմակերպությունը երեքշաբթի հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան «Քրդական աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) մարտիկների դեմ թուրքական զինված ուժերի կողմից արգելված քիմիական զենք օգտագործելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՉԱԿ»-ի վարչության անդամ Մահմուդ Ալին «AK-News» գործակալությանը հայտարարել է, որ կազմկերպությունն ամբողջ շարք տեսանյութեր եւ լուսանկարներ ունի, որոնք բավարար են, որպեսզի ապացուցվի, որ թուրքական բանակը խախտել է մարդու իրավունքների սկզբունքները եւ հավելել, որ Միջազգային քրեական դատարանի դատավորը լսել եւ տեսել է բոլոր ապացույցները:

«Բանակի կողմից քիմիական զենքի օգտագործումը ցույց է տալիս, որ Թուրքիան չի հարգում մարդու իրավունքները: «ՉԱԿ»-ի` Ժնեւում եւ Հոլանդիայում եւ մի շարք այլ երկրներում գտնվող բաժանմունքները սկսել են այդ գործով միջազգային աջակցություն ստանալ», -ասել է «ՉԱԿ»-ի բարձրաստիճան անդամը: «ՉԱԿ»-ը ստեղծվել է 2002 թ-ի հունվարի 2-ին: Այն բաժանմունքներ ունի եվրոպական երկրներից շատերում եւ Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում ու Իրանում: Նախկինում այն կոչվել է «Խալաբջիի եւ Անֆալի ցեղասպանության քրդական կենտրոն», բայց 2009 թ-ի հունվարից փոխել է անվանունը:

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply