Հավանության է արժանացել «Մեղրի հիդրոէլեկտրակայանի մասին» որոշման նախագիծը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2010 19:44

ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «Մեղրի հիդրոէլեկտրակայանի մասին» որոշման նախագիծը։ Նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ մի քանի տարի է ինչ աշխատանք է տարվում «Մեղրի ՀԷԿ»-ի ծարգրի իրականացման ուղղությամբ։ Արդեն կատարվել են երկրաբանական, այնուհետև տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ, որոնց արդյունքում որոշվել է, թե ինչպիսի ֆինանսական սխեմայով է ՀԷԿ-ը կառուցվելու։
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել իրանական կողմի հետ, որ շինարարության ամբողջ ֆինանսական խնդիրը իրենք լուծեն, ՀԷԿ-ը կառուցեն, շահագործեն և հետագայում արտադրված էլեկտրաէներգիայով իրենց ներդրումները հետ ստանան»,-ասել Արմեն Մովսիսյանը։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ Մեղրի ՀԷԿ-ի կառուցման արժեքը կկազմի մոտ 323 մլն ԱՄՆ դոլար, կառուցման համար անհրաժեշտ կլինի 5 տարի։ Արտադրված էլեկտրաէներգիայով իրանական կողմը իր ներդրումները հետ կստանա 15 տարվա ընթացքում, որից հետո ՀԷԿ-ը կհանձնվի Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով։
Մեղրի ՀԷԿ-ը կունենա 130 մգՎտ հզորություն, տարեկան արտադրանքը կկազմի շուրջ 800 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա։ Առաջիկայում նախատեսվում է Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան, Արմեն Մովսիսյանի խոսքով, ժամկետները դեռ ճշտվում։ Այցի շրջանակում կստորագրվի պայմանագիրը և տեղի կունենա Մեղրի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը։
Նշվել է, որ Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու նպատակով Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են միջկառավարական երկու համաձայնագրեր, որոնք վավերացվել են երկու երկրների խորհրդարանների կողմից։

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply