Հեշտացվում են իրավաբանական անձանց գրանցման ընթացակարգերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2010 16:50

Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Ինչպես նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, այս նախաձեռնությամբ նախատեսվում է երկու անգամ կրճատել գրանցման համար պահանջվող փաստաթղթերի քանակը։ Այսինքն` գրանցման համար անհրաժեշտ կլինի ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթուղթ, ընկերության կանոնադրությունը և պետական տուրքերի վճարման մասին անդորագիրը։
«Վարչական մարմինները մեկ ամբողջական համակարգ են և, եթե միմյանցից տեղեկատվություն ստանալու խնդիր ունեն, ապա դա պետք է լուծվի իրենց մեջ, երբեք քաղաքացին չպետք է միջամտի այդ հարաբերությունների մեջ` դառնալով վարչարարության փոքրիկ գործիք»,-ասել է Գևորգ Դանիելյանը։ Ըստ նրա` դրանով հեշտացվում են ընկերության գործունեության մեկնարկի ընթացակարգերը, կրճատվում են ժամանակը և ծախսերը։
«Սա վարչարարության ոլորտում նոր մոտեցում է, մենք փորձել ենք այնպիսի համակարգ ներդնել, որով հնարավորինս կնվազեցվի վարչական մարմնի հետ շփումները »,-ասել է Գևորգ Դանիելյանը։
Օրենքների նախագծերով առաջարկվում է ընկերության հիմնադրման նպատակով այցելություն միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնելու բոլոր ընթացակարգերը` համագործակցելով այլ պետական կառույցների հետ։
Ներկայիս գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ անհատ ձեռնարկատերերը ստանում են պետական գրանցում։ Օրենքով ամրագրված պետական գրանցման պահանջը ներկա պայմաններում, ըստ Արդարադատության նախարարի, դիտարկվում է որպես չհիմնավորված լրացուցիչ պարտականություն։ Այդ առումով այն չի համապատասխանում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, որով նախատեսվում է պարզեցնել տնտեսական գործունեության հետ կապված ընթացակարգերը, վերացնել չհիմնավորված պահանջները, թույլտվությունները և այլն։ Օրենսդրական նախաձեռնությամբ անհատ ձեռնարկատերի համար պարտադիր չէ նաև կնիք ունենալը։ Այս օրենսդրական նախաձեռնությամբ առավել արդյունավետ կդարձվի ընկերությունների հիմնադրման ընթացակարգերը, մասնավորապես` ֆիրմային անվանման տրամադրումը, պետական գրանցումը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձանց հաշվառումը և այլն։

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply