Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում Հայաստանն արժանացել է երեք դիպլոմի

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 16, 2010 16:44

Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ը կայացած Գրքի 23-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանն արժանացել է երեք դիպլոմի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ նշված ցուցահանդեսին ՀՀ շուրջ 50 հրատարակիչներ ներկայացրել են ավելի քան 170 անուն հանրագիտական, ալբոմային, գեղարվեստական, երաժշտական, թարգմանական, մանկական եւ այլ գրականություն, ինչպես նաեւ հայ տպագրության 500-ամյակի ու Երեւանը գրքի մայրաքաղաք ճանաչելու մասին պաստառներ:

Ցուցահանդեսում ՀՀ մշակույթի նախարարության տաղավարում իրենց աշխատանքները ցուցադրել են նաեւ մոսկվաբնակ հայ գրողները: Նշենք, որ Գրքի 23-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառում «Արվեստի գիրք» անվանակարգում առաջին կարգի դիպլոմի է արժանացել «Տիգրան Մեծ» հրատարակչության տպագրած Շ. Խաչատրյանի «Այվազովսկի» ալբոմը, երկրորդ կարգի դիպլոմի` «Զանգակ 97» հրատարակչության «Հայ արվեստի պատմություն» աշխատությունը` «Գիտություն եւ կյանք» անվանակարգում, իսկ «Սարգիս Խաչենց» եւ «Պրինթ ինֆո» հրատարակչությունների հրատարակած «Կոմիտաս-վարդապետ» ալբոմին շնորհվել է երրորդ կարգի դիպլոմ` «Տպագրված ԱՊՀ-ում» անվանակարգում:

Է. Միլիտոնյանի խոսքով, այսպիսի ցուցահանդեսները նպաստում են հայ հրատարակիչների գործերի` աշխարհում տարածմանը: «Սա մի պատուհան է, որով Հայաստանի գրքարվեստը ցուցադրվում է ամբողջ աշխարհին»,-ասաց նա: Մոսկովյան ցոցահանդես-տոնավաճառի ժամանակ ՀՀ պատվիրակության կողմից ներկայացված պետական պատվերով գրքերն ու մանկական գրականությունը նվիրվեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, որտեղից դրանք կփոխանցվեն ՌԴ-ում հայկական դպրոցներին: Ցուցահանդեսի ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մակեդոնիայի գրահրատարակիչների հետ. երկու կողմերը համաձայնության են եկել ներկայացնելու միմյանց աշխատանքները, ինչը նպաստում է երկու երկրների մշակութային կապերի ամրապնդմանը:

Մշակութային փոխանակումների պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: «Միջազգային ցուցահանդեսները մեծապես օգնում են` գնահատելու մեր գրական հարստությունը, իսկ այս գործում մեծ պատիվ եւ իհարկե պարտավորեցնող է Երեւանը 2012թ -ին գրքի մայրաքաղաք ճանաչելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը»,-ասաց Է. Միլիոնյանը: Ըստ նրա` այսօր Հայաստանում 2000-ից ավելի գիրք է հրատարկվում, ինչը մեծ թիվ է` հաշվի առնելով էլեկտրոնային գրադարանների առկայությունը:

Դիտվել է 1941 անգամ:
Print Friendly

Leave a Reply