Վահան Դիլանյան. «Պետական կուրսի համատեքստում այսպիսի շեղումներն անթույլատրելի ենք համարում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2010 15:42

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կազմված քարտեզներում Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված չեն որպես մեկ ամբողջություն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի քարտեզագրության բաժնի պետ Արթուր Ավդալյանը՝ անդրադառնալով Հայաստանն ու ԼՂՀ-ն որպես մեկ ամբողջություն ներկայացնող նոր քարտեզների դեմ Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի տարածած հայտարարությանը։

Արթուր Ավդալյանի հավաստմամբ, իրենց գերատեսչության կողմից մշակված քարտեզներում Հայաստանը եւ ԼՂՀ միմյանցից տարանջատված են պետական սահմաններով։ «Այսինքն՝ դրանք ցույց են տրված որպես առանձին պետական միավորներ։ Թյուրիմացությունը երեւի այնտեղից է գալիս, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը նշված են միեւնույն գույնով։ Ես սա համոզված եմ ասում, որովհետեւ բոլոր քարտեզները կազմվում են մեր միջոցով։ Քարտեզագրության եւ գեոդեզիայի բնագավառում լիազորված միակ մարմինը կադաստրի պետական կոմիտեն է»,- նշեց քարտեզագրության բաժնի պետը՝ հավելելով, որ 4 տարի առաջ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությանն իրենց կողմից տրամադրված 15 անուն քարտեզներում ոչ մի սխալ չի եղել։ «Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների դասագրքերում այժմ առկա քարտեզներին, ապա դրանց հետ մենք որեւէ առնչություն չունենք, դրանց հեղինակները մենք չենք, այլ մասնավոր տարբեր ընկերություններ, որոնք ինքնակամ, առանց մեզ հետ նախօրոք համաձայնության գալու քարտեզներ են պատրաստում»,- տեղեկացրեց Ավդալյանը՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ կադաստրի պետական կոմիտեն այս տարի ԿԳՆ-ին քարտեզներ չի տրամադրել։ «Շատ կցանկանայինք իմանալ, թե հատկապես ո՞ր քարտեզների դեմ է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի դժգոհությունը՝ մե՞ր, թե ամեն դեպքում մասնավր կազմակերպությունների»,- ասաց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի քարտեզագրության բաժնի պետը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ քարտեզների հետ կապված թյուրիմացություններ պատահում են նույնիսկ հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջում։ «Մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում մի անգրագետ քարտեզի հանդիպեցի։ Խնդրեցի, որ հանեն կամ փոխեն այն, բայց 4 օր առաջ նայեցի, դեռ հանված չէր»,- պատմեց Ավդալյանը:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի ղեկավար Վահան Դիլանյանն էլ ասաց, որ իրենց բարկացնում է այն փաստը, որ Հայաստանի ԿԳՆ երաշխավորությամբ հանրակրթական դպրոցներին բաժանվում են Հայաստանն ու ԼՂՀ-ն որպես մեկ ամբողջություն ներկայացնող քարտեզներ։ «Ինչպես գիտենք, մեր պետական կուրսն այժմ ուղղված է ԼՂՀ միջազգային ճանաչմանը։ Դրանից ելնելով՝ պետական նման կուրսի համատեքստում այսպիսի շեղումներն անթույլատրելի ենք համարում ։ Մեր բողոքը ԿԳՆ կողմից այդ քարտեզները երաշխավորելու դեմ է։ Եթե դա արվում է պետական ճյուղի կողմից, ապա միանշանակորեն հակասում է ՀՀ ԱԳՆ-ի իրականացրած քաղաքականությանը»,- նշեց Վահան Դիլանյանը՝ միաժամանակ շեշտելով, որ իրենք ԿԳՆ-ի կամ կադաստրի պետական կոմիտեի հետ խնդիրներ չունեն։ «Սա կոպիտ շեղում է մեր քաղաքական կուրսից ։ Մենք պետք է Ղարաբաղին վերաբերենք իբրեւ անկախ պետության»,- ամփոփեց Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի ղեկավարը։

http://news.am/arm/news/31081.html

Դիտվել է 1585 անգամ:
Print Friendly

Leave a Reply